«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2007-09-01 | #159, 2007-09-04 | #160, 2007-09-05


ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՏ Է ՄՆՈՒՄ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻՑ

Մազութի պատմությունն ու Տեր-Պետրոսյանի թեկնածությունը` «բանավեճի» առարկա

Հայ քաղաքական այրերին հետեւելիս գրեթե միշտ կարելի է ամենայն հանգստությամբ եւ առանց խղճի խայթի եզրակացնել, որ բացի սեփական իմաստավոր ու անիմաստ տեսակետները պաշտպանելուց, այլ բանի ընդունակ չեն: Ավելին, բանավեճ ասվածը քաղաքական ասպարեզում ավելի շուտ փոխադարձ հիմնավորված կամ անհիմն մեղադրանքներ են, քան հակառակ տեսակետը ոչնչացնող փաստեր, ապացույցներ: Եվ որ առավել կարեւոր է, քաղաքական դաշտի մեր խաղացողները մի քանի գարուն բոլորածներին բնորոշ պահվածք են նախընտրում, այլ ոչ լրջմիտ մոտեցումներ:

Հայաստանը առաջ գնալու, զարգանալու հնարավորություններ ունի, եւ դա կախված է քաղաքական դաշտից, ժողովրդավարական ճանապարհով ընթանալուց: Եվ այդ ամենում շրջափակումն անհաղթահարելի պատնեշ չէ: «Հայելի» ակումբում Հայաստանի նախկին վարչապետներից Հրանտ Բագրատյանի հետ հանդիպմանը նշեց ԱԺ նախկին պատգամավորներից ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը:

Ըստ նրա, Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները եղել են զգացմունքային, հավերժական բարեկամի որակումներով: Այժմ, ըստ Քոչարյանի, հիասթափության պահն է, մինչդեռ Հայաստանը պետք է պրագմատիկ քաղաքականություն վարի Ռուսաստանի հետ: Միեւնույն ժամանակ, Քոչարյանը չմանրամասնեց պրագմատիկ քաղաքականության ինչպիսին լինելը:

Թերեւս ավելի շուտ ակումբ հրավիրված մյուս հյուրի` Հայաստանի նախկին վարչապետի անվան հետ մազութային պատմության համատեքստում Շավարշ Քոչարյանը հիշատակեց նաեւ էներգետիկ հարցերը` նոր ատոմակայանի կառուցման շուտափույթ անհրաժեշտությունից մինչեւ էներգետիկ կախվածության վերացումը: Ռազմավարական նշանակության եւս մեկ` երկաթուղային կապի առնչությամբ եւս հայաստանյան քաղաքականությունը մեծապես զիջում է թեկուզ հարեւան Վրաստանին, որը, Քոչարյանի նախընտրելի բառով որակված, պրագմատիկ քաղաքականություն է իրականացնում:

«Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն իր խոսքը սկսեց սեփական «տքնության» արդյունքների մոտակա շնորհանդեսի վկայությամբ` որոշակի թվաշարք ներկայացնելով որպես Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի տնտեսական որոշ ցուցանիշների համեմատության արդյունք: Ինչեւէ, Բագրատյանի հաշվարկներով ու տրամաբանությամբ, նաեւ իր իսկ մատուցմամբ, ստացվում է, որ 1995 թվականին մենք որոշ ցուցանիշներով մոտ էինք Թուրքիային եւ Իրանին այն ժամանակ, երբ ներկա դրությամբ ապացուցվում է Բագրատյանի վարչապետության ժամանակների քաղաքականության ճիշտ լինելը:

Ադրբեջանի առնչությամբ Բագրատյանն այն կարծիքին է, որ այդ երկրում բնավ էլ միայն նավթը չէ որոշակին: Բացի այդ, հումքային հնարավորությունների հաշվին ձեռք բերված միջոցները եւս կարող են օգտագործվել ի զարգացումն երկրի, ինչը, Բագրատյանի վկայությամբ, ցուցադրել են արաբական մի քանի երկրներ: Ամեն դեպքում, Բագրատյանը նշեց, թե ինտերնետի օգտագործմամբ, նաեւ 1000 հոգուն ընկնող բջջայինների թվով Հայաստանը հիշատակված երկրների շարքում վերջինն է:

Տեսական մոտեցումից զուրկ ու իսկապես պրագմատիկ հնչեցին հրավիրյալների հաջորդ մտքերը, ավելի ճիշտ` մեղադրանքները: Մասնավորապես, հանդիպումն անմասն չմնաց 1992-95 թթ. բնութագրական դարձած մազութի պատմությունից, որի հիշատակումը նախապես արեց Հրանտ Բագրատյանը: Շավարշ Քոչարյանն էլ արձագանքեց, թե գողը պիտի պատժվի: Բագրատյանի պատասխանն առավել քան զավեշտական էր, քանի որ վերջինս գող անվանեց Շավարշ Քոչարյանին:

Ի պաշտպանություն սեփական անձի եւ վարչապետության տարիների, Հրանտ Բագրատյանը չալարեց ու խորասուզվեց մազութի «չգողության» բացատրության մեջ` բացարձակապես հնարավոր թվային արտահայտություններով հրամցնելով արդարացման սեփական տրամաբանությունը` ակնհայտ կուրություն դրսեւորելով մազութային գողության տարիների խավարի ու ցրտի փաստերի հանդեպ:

Վիճարկելի մյուս թեման առնչվում էր Հայաստանի առաջին նախագահի հնարավոր վերադարձին եւ մասնակցությանը 2008-ի նախագահական ընտրություններին: Քոչարյանը մտահոգություն հայտնեց, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի դեպքում ինչ է վերջինս անելու, բացի Լեռնային Ղարաբաղը հանձնելուց: Բագրատյանը ասվածը որակեց խառնակչություն, միեւնույն ժամանակ փաստելով սեփական անտեղյակությունը Տեր-Պետրոսյանի թեկնածությունն առաջ քաշելու առնչությամբ:

Առավել հետաքրքրական է, որ Շավարշ Քոչարյանի տրամաբանությամբ, Տեր-Պետրոսյանի թեկնածությունը Սերժ Սարգսյանի համար ուղղակի գյուտ կլինի, քանի որ Տեր-Պետրոսյանի եւ Սարգսյանի համադրության պարագայում նախընտրելի կհամարեն Հայաստանի ներկայիս վարչապետին:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4