«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2007-09-01 | #159, 2007-09-04 | #160, 2007-09-05


ՀԵՏԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում այս շաբաթ սկսվել եւ երեկ էլ շարունակվում էին 2006 թվականի «ՀՀ պետբյուջեի մասին» օրենքի կատարման հաշվետվություններն ըստ ուղղությունների: Արձակուրդից վերադարձած մեր խորհրդարանականները կամաց-կամաց փորձում են գալ աշխատանքային վիճակի, մշտապես սթափ ու «ֆորմի» մեջ նախարարներին (զեկուցողներին) եւ ՀՀ նախագահի, Ազգային ժողովի, կառավարության եւ իշխանական մյուս կառույցների աշխատակազմերի ղեկավարներին ուղղել հարկավոր հարցերը: Ճիշտ է, հարցերից շատերը դեռեւս ըստ էության չեն ստացվում, սակայն կատարողականի քննարկումները լավ վարժանք են, որպեսզի մեր խորհրդարանականները վերջնականապես «հետ գան» քնած վիճակից եւ չորրորդ գումարման նիստերին գան լիարժեք աշխատելու ցանկությամբ: Մեր խնդիրը չհամարելով ներկայացնել բյուջեի կատարման ողջ ընթացքը, որը լիագումար նիստերին քննարկվելու է, ներկայացնենք երեկվա խորհրդարանական օրից մի քանի հետաքրքրական պահ:

Նախագահի աշխատակազմի ծախսերը 2 միլիարդ դրամից պակաս են

Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի, 2006 թվականին նախագահի աշխատակազմի պահպանման համար հատկացվել էր 1 մլրդ 791 մլն դրամ, պահուստային ֆոնդից լրացուցիչ ծախսերն էլ կազմել են 69 մլն դրամ: 2008 թվականին նախագահի աշխատակազմի պահպանման ծախսերը եւս այս գումարի շրջանակում կլինեն, քանի որ սահմանադրական փոփոխությունները թույլ չեն տալիս այդ ծախսերն ավելացնել:

ԱԺ աշխատակազմն ու խորհրդարանականները համակարգիչների պակաս ունե՞ն

Աժ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանից ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հետաքրքրվեց` ԱԺ-ում բոլո՞րն են ապահովված համակարգիչներով եւ այլ սարքերով. ԱԺ-ականները 287 համակարգիչ ունեն` «Պենտիում- 2», «Պենտիում-3», «Պենտիում-4», եւ բոլորը չէ, որ զինված են համակարգիչներով: Դ. Հարությունյանը խնդրեց հին համակարգիչները տեխնիկա չհամարել եւ այդ մասին չխոսել: Քոթանյանն էլ հիշեցրեց, թե միշտ քննարկումների ժամանակ ներկայացվել է հարկավոր պահանջարկը, սակայն հաշվի չի առնվել: Հետաքրքրական թիվ` միջազգային խորհրդարանական կառույցներին 2006-ին փոխանցվել է 80 մլն դրամից ավելի անդամավճար: Կապիտալ շինարարության ծրագրով ԱԺ-ին է հատկացվել 330 մլն դրամ, ԱԺ նոր մասնաշենքի կառուցման համար բյուջեի պահուստային ֆոնդից տրվել է 62 մլն դրամ:

Երկքաղաքացիության դրույթը շուտով կգործի՞

Արդարադատության նախարարությունը, երկքաղաքացիության դրույթը կիրառման մեջ դնելու համար մշակել է թեստ, որը պետք է լրացնեն երկքաղաքացիության համար դիմողները: Կառավարությունն ունի որոշման նախագիծ` թեստը հաստատելու մասին. որոշման նախագիծը վերաբերում է ե՛ւ դիմելու կարգին, ե՛ւ թեստի հարցաշարին` թեստը հավելվածի տեսքով կցված որոշմանը: Երբ որոշումը կհրապարակվի (իսկ դա տեղի կունենա շատ շուտով) եւ օրենքի ուժ ձեռք կբերի, այդ պահից սկսած սփյուռքում հայտնված մեր այն քաղաքացիները, ում վրա տարածվում է երկքաղաքացիության դրույթը, ՀՀ նախագահին առընթեր հանձնաժողովին կարող են ներկայացնել իրենց դիմումները` քաղաքացիություն ձեռք բերելու խնդրանքով, որից հետո նրանց տեղյակ կպահվի, թե ո՞ր օրը կարող են մասնակցել թեստի անցկացմանը: Փաստորեն երկքաղաքացիության համար դիմող քաղաքացին պետք է անձամբ ներկա լինի Հայաստանում, դիմումը պետք է գրի-ներկայացնի հանձնաժողովի անդամի ներկայությամբ, հանձնաժողովի անդամը պետք է տեսնի, թե որքանո՞վ է նա տիրապետում հայերենին, ինչի մասին նաեւ հարց կա թեստում:

Այս բոլորը մեզ հայտնեց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, ըստ որի` չնայած օրենսդրությունը չի արգելում, որ նա հեռակա կարգով դիմի կամ կարող է լիազորել ինչ-որ մեկին, եւ հանձնաժողովը ընդամենը նոտարական կարգով գործողությունները կարող է վավեր ճանաչել, բայց սա շատ բարդ գործընթաց է, գործնականում լրացուցիչ խնդիրներ կարող են առաջանալ այդ անձի համար, այնպես որ` հարկ է անձամբ դիմել: «Ազգն» առաջիկայում ավելի մանրամասն է անդրադառնալու խնդրին, քանի որ շատերն են այդ մասին պարզաբանումներ ստանալու համար դիմում թերթին:

Գլխավոր դատախազն ԱԺ-ում

Լրագրողները չկորցրին պահը Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից հետաքրքրվելու Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության գործի ընթացքի մասին եւ թե ո՞ր վարկածների վրա են կանգ առնում իրավապահ մարմինները. «Գործի քննությունը գտնվում է անմիջապես իմ հսկողության ներքո, վարկածները բոլորն էլ վերաբերում են Լոռու մարզի դատախազի դատախազական գործունեությանը, կենցաղային վարկածներ առաջ քաշելու համար որեւէ տեղեկատվություն չունենք»: Գլխավոր դատախազը հուսով էր, որ այս գործն արագ կբացահայտվի: Վանաձորում լուրեր են պտտվում, թե սպանությունն իրականացնող երիտասարդը բաց գույնի մազերով է եղել: Ըստ այդմ` լրագրողի հարցին, թե Վանաձորում վախի մթնոլորտ է, եւ բոլոր շեկ մազերով տղաներին բերման են ենթարկում, գլխավոր դատախազն այսպես արձագանքեց. «Ես չգիտեմ` քանի տղա կա նույն նկարագրով եւ շեկ մազերով, բայց բոլոր կասկածյալներին պետք է ստուգել` գործը պետք է բացահայտվի: Բայց բոլորին բերման ենթարկելու անհրաժեշտություն չկա, եւ նման գործելաոճ քննչական խումբը չի իրականացնում»:

Վարդան Խաչատրյանն ասում է` մի քանի ապրանքի թանկացումը մակրոտնտեսական ցուցանիշների վրա չի ազդի

Մամուլը երեկ գրել էր թանկացումների մասին: «Թանկացումներից տեղյա՞կ եք», մեր հարցին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը պատասխանեց, որ մամուլից տեղեկացել է հացի թանկացման մասին, այն էլ` ալյուրի միջազգային գինն է բարձրացել: Բացի այդ, միայն վիճակագրական ծառայությունը կարող է տեղեկություն տալ հարցի հետ կապված: «Մեր նախարարությունը ընթացիկ վերլուծություններ չի անում թանկացումների վերաբերյալ, այդպիսի գործառույթներ չունենք»: Իսկ որպես ՀՀ քաղաքացի նա մտնո՞ւմ է խանութ. ոչ, նա 25 տարի խանութ չի մտնում, կինն է գնումներ անում: Վ. Խաչատրյանը կատակով խոստացավ հարցնել կնոջը` ի՞նչն է թանկացել, եւ լրջացավ. «Մի երկու ապրանքը կապ չունի, թանկացումը 70 ապրանքով է հաշվվում, մենք սղաճը պլանավորել ենք 4 տոկոս, պլյուս-մինուս 1,5, հիմա եթե էս շրջանակում է թանկացումը, մեր մակրոցուցանիշների վրա չի կարող ազդել, ասել է` թոշակների բարձրացման հետ առնչություն չունի», հանգստացրեց նա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4