«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2007-09-01 | #159, 2007-09-04 | #160, 2007-09-05


«ԱՐՏԵՄԻԴ» ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՈՎ

Արդեն 35 տարի Բուլղարիայի Բուրգաս քաղաքում տեղի է ունենում ամենամյա երգի ու պարի փառատոնՙ նվիրված ազգերի բարեկամությանը, համերաշխությանն ու միասնությանը: Էջմիածնի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ այս տարի փառատոնին Հայաստանը ներկայացնում էր Վանուշ Խանամիրյանի անվան Ժողովրդական պարերի «Արտեմիդ» անսամբլը, որը այս տարի տոնելու է ծննդյան 30-ամյակը: Գեղ. ղեկավար Գեւորգ Աթանեսյանի խոսքերով, դեռ բացման արարողության ժամանակ հայ պարողները գրավել էին թե՛ օտարերկրյա մասնագետների, թե՛ մասնակիցների համակրանքն ու ուշադրությունը: «Յուրաքանչյուր բեմադրությունից հետո մեզ մոտենում էին ու ասում, որ իրենց շատ է դուր եկել մեր երաժշտությունը, պարողների պրոֆեսիոնալիզմն ու համարների հետաքրքրական բեմադրությունն ու հանգուցալուծումը»:

Փառատոնի ժամանակ անսամբլը պայմանագիր է կնքել Սլովակիայի ներկայացուցիչների հետՙ հաջորդ տարի Սլովակիայում տեղի ունեցող միջազգային ակադեմիական մրցույթ-փառատոնին մասնակցելու համար:

Թեեւ բուլղարական փառատոնը մրցութային չէր, այնուամենայնիվ, հայերը Հայաստան վերադարձան պատվոգրով եւ հատուկ մրցանակովՙ հմայիչ պարերի ու հոգեթով երաժշտության համար:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4