Ուսումնական տարվա հենց առաջին օրը Երեւանի պետական համալսարանի առաջին կուրսեցիները դիմավորեցին նորոգված ու նոր կահավորված լսարաններում: ԵՊՀ ռեկտորի ու «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախաձեռնությամբ իրականացված միջոցառումը, ըստ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի, մեծ դաստիարակչական նշանակություն ունի: «Նրանք 26-ն էին` այն համալսարանականները, ովքեր իրենց աշխատասենյակներն ու լսարանները թողեցին ու գնացին պաշտպանելու հայության արդար գործը: Համալսարանը որոշել է բոլորի անուններով մեր բուհում լսարաններ բացել», ասաց ռեկտորը:
Իրավագիտության ֆակուլտետում միանգամից երկու լսարան բացվեց` այդ ֆակուլտետի «հավերժ» ուսանողներ Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան) եւ Տիգրան Սարգսյանի անվան: «Այն, որ մենք լսարաններ ենք բացում հենց սեպտեմբերի 1-ին եւ հենց առաջին կուրսեցիների համար, ճիշտ քայլ է: Հերոսների հայացքի ներքո դասեր անցկացնելը չի կարող հերոսական ոգի չդաստիարակել: Չէ՞ որ իրենց հայրենիքում լավ սերունդ դաստիարակելու երազանքի համար ընկան այս տղաները», ասաց իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:
«Պետոն իմ ֆակուլտետի ամենասովորական ուսանողներից մեկն էր: Մի օր նա անհետացավ: Իմացանք` պատերազմ է գնացել: Թերեւս բոլոր հերոսներն այդպես են», հիշում է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Յուրի Վարդանյանը, ում ղեկավարած ֆակուլտետում բացվեց ԼՂՀ ազգային հերոս Պետրոս Ղեւոնդյանի անվան լսարան:
Բանասիրության ֆակուլտետի ուսանող Սամվել Գեւորգյանին նույնպես ակտիվ չես անվանի. համեստ էր, հանգիստ, օրինավոր: Ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը կարծում է, որ «հենց օրինավոր լինելն է նրան մի օր հանդիպեցրել այդ չարաբաստիկ գնդակին»:
«Այսօր մեր որդիներին կարծեք թե կրկին կյանքի կոչեցին: Եվ միայն համալսարանն անմահացրեց իր հերոսների անունները: Շատ ճիշտ է, որ ազատամարտիկների անուններով հիմնվեցին լսարաններ, ոչ թե հուշասենյակներ», ասաց Սամվելի մայրը:
Մահապարտների ջոկատի անդամ Վարդան Հովհաննիսյանը սիրող ու հոգատար որդի էր: Երբ կամավոր էր գրվում, Վազգեն Սարգսյանն ասաց. «Գնա, գիտությամբ զբաղվիր, քննություն հանձնիր»: Վարդանն էլ թե. «Ես տղամարդ դառնալու քննություն պիտի տամ... Արցախում»: Ու գնացել է: Այդ մասին մայրը` տիկին Սալբին իմացել է մոտ տասը տարի անց: Իսկ այսօր նրա հերոս որդու անունն է կրում ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի լսարաններից մեկը: