Բեյրութի «Հայկազեան հայագիտական հանդէսը» հայրենի մտավորական ու գիտական շրջանակներին ավելի մոտիկից ծանոթացնելու եւ նրա աշխատակիցների աշխարհագրական ծիրն ընդարձակելու նպատակով արդեն 5-րդ տարին Հայաստանում կազմակերպվում է հանդեսի հերթական հատորների շնորհանդեսը: Այս տարի, խմբագրական կազմի որոշումով, շնորհանդեսը տեղի ունեցավ Արցախում, որպեսզի նաեւ Արցախի հայագիտական միտքը մոտիկից ծանոթանա սփյուռքի եւ հատկապես Լիբանանի հայագիտության զարգացումներին: Շնորհանդեսը վայելում էր Արցախի մշակույթի եւ կրթության նախարարության հովանավորությունը:
Օգոստոսի 31-ին Արցախի պետական համալսարանի հայագիտական կենտրոնում դասախոսների, հայագետների, գրողների եւ լրագրողների ներկայությամբ տեղի ունեցավ «Հ. Հ. Հանդէս»ի ԻԷ հատորի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ Արցախի պետական համալսարանի հայագիտական կենտրոնի ղեկավար Վահրամ Բալայանը: Ներկաներին ողջույնի խոսք ուղղեցին համալսարանի ռեկտոր Համլետ Գրիգորյանը, Արցախի գրողների միության եւ «Նարեկացի» համալսարանի նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանը: «Հանդեսի» ԻԷ հատորի հայալեզու հոդվածները մանրամասն ներկայացրեց եւ արժեքավորեց Արցախի պետական համալսարանի գրականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, բանաստեղծ Սոկրատ Խանյանը: Այնուհետեւ ելույթ ունեցավ «Հանդեսի» խմբագրական կազմի անդամ Արմեն Յուրնեշլյանը, որը ողջունեց ներկաներին Հայկազյան համալսարանի տնօրենության եւ «Հանդես»ի խմբագրական կազմի անունից, ապա համառոտակի ներկայացրեց Հայկազյան համալսարանի, հայագիտական ամբիոնի, գրադարանի ու «Հանդեսի» աշխատանքները: Յուրնեշլյանը հատուկ շեշտեց «Հանդեսի» սկզբունքներըՙ գիտականություն, հայրենիք-սփյուռք կամրջում, հավաքական աշխատանքի կարեւորություն եւ հայագիտության այժմեականացում: «Հանդեսի» Հայաստանի ներկայացուցիչ, բանասեր Արծվի Բախչինյանն իր ելույթում կոչ արեց Արցախի գիտնականներին իր հետ կապի մեջ լինել եւ հետայսու աշխատակցել «Հանդեսին», ինչին նրանք անմիջապես արձագանքեցին:
«Հանդեսի» կողմից հուշանվերներ հանձնվեցին Արցախի մշակույթի նախարար Կամո Աթայանին, համալսարանի ռեկտոր Համլետ Գրիգորյանին եւ Վարդան Հակոբյանին: Շնորհանդեսին ներկա էին 40-ից ավելի հյուրեր, Արցախի մամուլի եւ հեռուստատեսության ներկայացուցիչներ: Արմեն Յուրնեշլյանը հայագիտական կենտրոնին նվիրեց «Հ. Հ. Հանդէսի» 1991-2007 թթ. հատորները:
«Հանդեսի» արցախյան շնորհանդեսի նախապատրաստական աշխատանքներն ու հանդիպումներն անթերի կազմակերպել էր լիբանանահայ երաժիշտ, Շուշիի «Վարանդա» երգչախմբի հիմնադիր եւ ղեկավար, Հայկազյան համալսարանի դասախոս Զաքար Քեշիշյանը:
Ա. Բ., Ստեփանակերտ-Երեւան