«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2007-09-07 | #163, 2007-09-08 | #164, 2007-09-11


ՌՈՒԴԻ ՍԱԼԻ «ՆՈՐ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ» ՀԱՐՑԱՊՆԴՈՒՄԸ ԵԽԽՎ-ՈՒՄ

Մինչդեռ Էրդողանի կառավարության նոր սահմանադրությունը ենթադրում է 301-րդ հոդվածի վերանայում

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն սեպտեմբերի 5-ին քննարկել է ԵԽ խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության անդամ Ռուդի Սալի գրավոր հարցը Թուրքիայում խոսքի ազատության դեմ շարունակվող ոտնձգությունների առնչությամբ:

Առաջին անգամ չէ, որ ֆրանսիացի խորհրդարանական Սալը գրավոր հարց է ուղղում Թուրքիայում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ: Դեռեւս 2005 թվականի նոյեմբերին իր գրավոր հարցում նա մտահոգություն էր հայտնել Հայոց ցեղասպանության մասին հրապարակավ արտահայտվելու համար Օրհան Փամուքի եւ այլոց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումների կապակցությամբ:

Իր նոր գրավոր հարցի մեջ Սալը մասնավորապես ափսոսանք է հայտնում, որ իր առաջին հարցից հետո Թուրքիան շարունակում է խախտել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը եւ Հրանտ Դինքի սպանության դատաքննությունը դեռ չավարտված, քրեական հետապնդում է հարուցել նրա որդուՙ Արաթ Դինքի նկատմամբ «թուրքական ինքնությունը» վիրավորելու համար քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն:

Սալը կոչ է անում Նախարարների կոմիտեին, որպեսզի Թուրքիայի իշխանություններին զգուշացնի միջոցներ ձեռնարկել խոսքի լիակատար ազատություն ապահովելու ուղղությամբՙ մասնավորապես վերացնելով թ. 301 հոդվածը: Ի դեպ, այդ հոդվածի վերանայումը ենթադրում է վերանայել Թուրքիայի սահմանադրության 46-րդ եւ 66-րդ հոդվածները, որոնց համաձայն, «թուրքական պետության հետ քաղաքացիությամբ առնչվող յուրաքանչյուր ոք թուրք է» եւ «Թուրքիայի քաղաքացիներն իբրեւ մայրենի լեզու չեն կարող ուսանել որեւէ այլ լեզու, բացի թուրքերենից»: Սահմանադրության այս հոդվածների հիմքում Քեմալ Աթաթուրքի հետեւյալ ասույթն է. «Երանի նրան, ով իրեն թուրք է համարում»:

Այսինքն` եթե որեւէ անձ Թուրքիայի քաղաքացի է եւ ազգությամբ ոչ թուրք, ապա այդ մասին նշելու դեպքում ինքնաբերաբար հակադրվում է սահմանադրության 46-րդ հոդվածին, իսկ որպես մայրենի լեզու ոչ թուրքերենը ընդունելու դեպքում` նաեւ 66-րդ հոդվածին: Այսպիսով, «վիրավորում» է թուրքերի ազգային ինքնությունը եւ բախվում Թուրքայի քրեական օրենսգրքի չարաբաստիկ 301-րդ հոդվածին: Ինչ վերաբերում է ցեղասպանության հարցին, ապա այս դեպքում էլ դրա մասին արտահայտվողը ակամա թուրքերին «մեղադրում է» մարդասպանության մեջ եւ դառնում է 301-րդ հոդվածի թիրախ:

Նախքան հուլիսի 22-ի խորհրդարանական ընտրությունները, վարչապետ Էրդողանի կառավարությունը 301-րդ հոդվածը վերանայելու պատրաստակամություն էր հայտնել, սակայն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն այդ պատրաստակամության համար Էրդողանին հռչակել էր ազգի դավաճան, իսկ նախորդ նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը նախապես զգուշացրել էր, որ վետոյի կենթարկի վերանայման օրինագիծը:

«Ազգը» անդրադարձել է, որ թերեւս պատահական չէր, որ խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետ Էրդողանի իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իրավաբան Զաֆեր Ուսքյուլը «Սաբահ» թերթում հուլիսի 27-ին հրապարակված հարցազրույցում հայտարարեց. «Սահմանադրությունը չպետք է ելնի Քեմալ Աթաթուրքի սկզբունքներից ու բարեփոխումներից, որովհետեւ քեմալիզմը իբրեւ գաղափարախոսություն յուրահատուկ պետք է լինի քաղաքական կուսակցությանը միայն»:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4