Հայաստանի Հանրապետության խորհրդարանը երեկ, ինչպես հարկն է, նստաշրջանը սկսեց երկրի օրհներգը հոտնկայս ունկնդրելուց եւ անցավ օրակարգի հաստատման խնդիրներին: Մի քվեարկությունը հաջորդեց մյուսին, որոշվեցին 30 եւ 90 օրով հետաձգվելիք օրինագծերն ու հաստատվեց 21 օրինագիծ եւ 11 միջազգային պայմանագիր ներառող ընթացիկ քառօրյայի օրակարգը: Այն, չնայած հեղինակների ելույթներին ու պարզաբանումներին, չներառեց երիտասարդության եւ թիկնազորային ծառայության օրինագծերը: Առաջինը, ինչպես ներկայացրեց օրինագծի հեղինակ Վիկտոր Դալլաքյանը, պետք է նպաստեր երիտասարդ ընտանիքների բարեկեցությանն ու երկրի դեմոգրաֆիկ խնդիրների լուծմանը, քանի որ նպաստներ է նախատեսում յուրաքանչյուր երեխայի ծննդյան եւ բնակարանային խնդիրների լուծման համար:
Թիկնազորի սանձումը ԶԼՄ-ների՞ միջոցով
Թիկնազորային ծառայության օրինագիծն էլ հետաձգվեց, ինչպես հեղինակները տեղեկացրին, 87 «կողմ» եւ 0 «դեմ» ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցում անցած օրինագծի առնչությամբ եղած առաջարկները համաձայնեցնելու հնարավորություն չի եղել, քանի որ ՀՀ ոստիկանապետը բացակայել է երկրից եւ նախընտրելի է օրինագծի օրակարգ ներառելու հարցը հետաձգել: Հենց այդպես էլ վարվեց խորհրդարանը: Նշված օրինագծի առնչությամբ ԱԺ նախագահը հատուկ վերաբերմունք չունի, իր իսկ փաստմամբ, եւ համապատասխանաբար տեղյակ չէ, թե ինչու մերժվեց, չնայած վերջին իրավախախտումներին, որոնց հետեւանքով մահ է արձանագրվել, մասնակից են եղել նաեւ խորհրդարանականների թիկնազորի ներկայացուցիչները: Տիգրան Թորոսյանը նպատակահարմար գտավ այս առնչությամբ լրատվամիջոցների պայքարը համապատասխան հրապարակումներով: Իսկ պատասխանների հույս ունի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից, որի նույն պաշտոնում նշանակման հարցը ներկայացված է այս քառօրյայում եւ ամենայն հավանականությամբ հենց այսօր Ազգային ժողովը կանդրադառնա դրան:
Օրակարգի հաստատումից հետո պատգամավորներն ու կառավարությունը զանգվածաբար լքեցին նիստերի դահլիճն, ու ներկայացվեց նախորդ տարվա պետբյուջեի կատարողականի հաշվետվությունը, որ շարունակվեց ողջ օրը: Պետբյուջեի կատարողականի հաշվետվությանն անդրադարձել ենք ԱԺ հիմնական հանձնաժողովների աշխատանքի շրջանակներում:
Ավելի ուշ տեղի ունեցած ասուլիսում ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հավաստեց, որ ընթացիկ նստաշրջանը հագեցած կլինի երկրի տնտեսական զարգացմանն ուղղված օրինագծերի քննարկմամբ եւ կկրի նախընտրական ընթացքի կնիքըՙ մի շարք նոր նշանակումներ ներառելով: ԱԺ աշխատակազմում կատարված ու կատարվելիք փոփոխություններն էլ, Թորոսյանի հավաստմամբ, աշխատանքի արդյունավետություն են ապահովելու եւ արդեն իսկ տնտեսական խնայողություն է արձանագրվել, ինչի հաշվին ԼՂՀ խորհրդարանին ՀՀ խորհրդարանը քվեարկության էլեկտրոնային համակարգ է նվիրել: Այս տարվա աշնանը մեկնարկելիք եւ եկող գարնանն ավարտվելիք ատեստավորումն էլ ունի մեկ նպատակՙ առավել արդյունավետ դարձնել ԱԺ աշխատակազմի աշխատանքը:
Միջազգային կառույցներումՙ ԵԽԽՎ, ԵԱՀԿ Հայաստանը ներկայացնող պատվիրակություններն էլ կձեւավորվեն 10 օրվա ընթացքում: Նույն ժամկետում պարզ կդառնա, թե ով կգլխավորի ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը, քանի որ նախորդ տարվա փորձն ապացուցել է, որ այդ կառույցում ամբողջական աշխատանք ապահովելու համար ԱԺ նախագահի ազատ ժամանակը բավարար չէ:
Հայկական երկու անկախ պետություն
Ի պատասխան լրագրողների հարցերին, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն անդրադարձավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանի հայտարարությանը, թե ՀՅԴ-ն պատրաստ է առաջարկել ԼՂՀ եւ ՀՀ միավորում, ասելով. «Հարգելով հանդերձ յուրաքանչյուր քաղաքական ուժի դիրքորոշումը, պետք է ասեմ, որ ԼՂ միջազգային ճանաչման համար կան բոլոր իրավական, քաղաքական ու պատմական հիմքերը, մենք մի ժողովուրդ ենք, ունենք մեկ հայրենիք ու տվյալ հարցում մեկ նպատակ, սակայն կարեւոր է տեսնել, որ այդ նպատակին հասնելու համար պետք է ունենանք 2 անկախ հանրապետություն: Հակառակ դեպքում հետեւանքները բարդ կլինեն: Արդեն իսկ փաստվել է ԵԽԽՎ 1416 բանաձեւում ... ԼՂՀ եւ ՀՀ միավորումը կդիտարկվի որպես ԵԽ անդամ երկրի ագրեսիա մեկ այլ անդամ երկրի հանդեպ»:
Թողեք Տեր-Պետրոսյանը խոսի
Նախագահական ընտրություններում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանը տարբեր քաղաքական տարբեր գործիչների բազում անդրադարձների առնչությամբ էլ ԱԺ նախագահը կարծիք հայտնեց. «Խառնում են հերթականությունն ու ըստ այդմ ասվածի կարեւորությունը: Ավելի կոռեկտ կլիներ, եթե արտահայտվեր որեւէ մեկը Լեւոն Տեր-Պետրոսյանից հետո»:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ