Միջազգային աուդիտորական եւ խորհրդատվական անկախ ընկերություններ միավորող «Գրանթ Թորնթոն Ինտերնեյշընլ» ընկերության հայաստանյան անդամը «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ն է, որ երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ներկայացրեց տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման նոր ծառայությունների փաթեթը:
Ընկերության ներկայացուցիչները ընդգծեցին, որ «Գրանթ Թորնթոն Ամիօն» կարեւորում է ՏՏ դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, նաեւ միջազգային պրակտիկայում գործարկվող չափանիշների` մեր երկրում ներդրման ու կիրառման անհրաժեշտությունը: Ինչպես նշվեց շնորհանդեսի ընթացքում, ՏՏ աուդիտի եւ խորհրդատվական ծառայությունների կիրառման եւ զարգացման ծրագրի շրջանակներում վերջին մեկ տարում ընկերությունը մի շարք քայլեր է ձեռնարկել:
Մասնավորապես, կապեր են հաստատվել ՏՏ ոլորտում միջազգային չափորոշիչներ սահմանող հաստատությունների հետ, մշակվել են մեթոդաբանական եւ աշխատանքային գործիքներ, ձեռք են բերվել համապատասխան որակավորում եւ միջազգային արտոնագրեր: Բացի այդ, ձեռնամուխ են եղել Հայաստանում ՏՏ ոլորտի աուդիտի եւ խորհրդատվության զարգացման նպատակով նախաձեռնող խմբի ստեղծմանը` առեւտրի եւ տնտեսական զարգացման, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունների, Կենտրոնական բանկի, Բանկերի միության, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Արդյունաբերողների եւ գործարարների ասոցիացիայի, Microsoft RA-ի եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի մասնակցությամբ:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ