«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2007-09-07 | #163, 2007-09-08 | #164, 2007-09-11


ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԽԱՂ ՑՈՒՑԱԴՐԵՑԻՆ

Եվրո-2009-ի ընտրական մրցաշարի հերթական խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականը հյուրընկալել էր ընտրական 2-րդ խմբի հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկինՙ չեխերին: Ֆուտբոլասերները մեկ անգամ եւս համոզվեցին, որ չեխերն իրոք ուժեղ մրցակից են եւ հուլիսին Կանադայում կայացած մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում փոխչեմպիոնի տիտղոսին արժանանալը բնավ էլ պատահականություն չէր: Հյուրերն աչքի ընկան ֆիզիկական լավ պատրաստությամբ, բավական ամրակազմ ու բարձրահասակ էին, ինչը օդային մենամարտերում մեր ֆուտբոլիստների համար մեծ դժվարություններ էր առաջացնում: Սակայն ի պատիվ հայ ֆուտբոլիստների, նրանք կարողացան լրջորեն մրցակցել չեխերի հետ, արժանապատիվ խաղ ցուցադրել եւ հասնել պատվաբեր ոչ-ոքի արդյունքի:

Առաջին խաղակեսում, հատկապես խաղասկզբում, Հայաստանի հավաքականը շատ ակտիվ էր գործում հարձակման գծում: Արդեն 5-րդ րոպեին դաշտի տերերը կարող էին բացել հաշիվը: Վարդան Պետրոսյանի հետ պատ խաղարկելով, Հենրիխ Մխիթարյանը հայտնվեց դարպասի դիմաց, շատ նպաստավոր դիրքում, սակայն մի պահ հապաղեց ու ձեռքից բաց թողեց գոլ խփելու հիանալի հնարավորությունը: Քիչ անց հետեւեց մեր ֆուտբոլիստների նոր վտանգավոր գրոհը եւ կրկին խառնաշփոթ ստեղծվեց հյուրերի տուգանային հրապարակում: Այս անգամ էլ Մխիթարյանին չհաջողվեց եզրափակել աջ թեւից Նորայր Սահակյանի վտանգավոր փոխանցումը:

Ինչպես եւ սպասվում էր, բարձրահասակ հյուրերը գրոհների ժամանակ հիմնականում ապավինել էին բարձրից տուգանային հրապարակ կատարվող փոխանցումներին: Սա որոշ չափով միօրինակություն էր մտցրել չեխերի գործողություններում, սակայն մյուս կողմից բավական դժվարություններ էր առաջացնում մեր պաշտպանների համար: Լավ էր, որ վերջիններս բավական զգոն էին գործում եւ թեեւ հասակով զիջում էին մրցակցին:

Մեր ֆուտբոլիստներն առաջին խաղակեսում եւս մի քանի սպառնալից պահեր ստեղծեցին մրցակցի դարպասին եւ ի վերջո, նրանց ջանքերը պսակվեցին հաջողությամբ: Մեհրաբյանը տուգանային հարվածով գնդակը հասցեագրեց չեխերի տուգանային հրապարակ, որտեղ Վարդան Պետրոսյանը գլխի հարվածով խոցեց դարպասը:

Բնական էր, որ հյուրերն ընդմիջումից հետո փորձելու էին բեկում մտցնել մրցակցությունում եւ փրկել խաղը: Երկրորդ խաղակեսը դեռ նոր էր սկսվել, երբ Չեխիայի հավաքականը վերականգնեց հավասարակշռությունը: Ձախ թեւից տուգանային հրապարակ հասցեագրած գնդակին առաջինը հասավ Պեկհարտը եւ գլխի հարվածով գրավեց դարպասը: Մնացած ժամանակահատվածում մրցակիցներին չհաջողվեց արդյունքի հասնել:

Գրանցվեց մարտական ոչ-քի: Չեխերի նման ուժեղ մրցակցի հետ մրցախաղում այս արդյունքը պետք է գոհացուցիչ համարել: Ընդհանուր առմամբ Հայաստանի երիտասարդական հավաքականն իրեն վատ չդրսեւորեց: Հուսանք, որ ուկրաինացիների հետ վաղը կայանալիք խաղում էլ մեր ֆուտբոլիստներն իրենց լավագույն կողմերով կդրսեւորեն:

Հետխաղյա մամուլի ասուլիսին ներկայացավ միայն Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը:

- Իմ կարծիքով խաղը ստացվեց: Գոհ եմ թե՛ տղաների խաղից, թե՛ արդյունքից: Մենք գիտեինք, որ ֆիզիկական պատրաստությամբ մեր ֆուտբոլիստները որոշակիորեն զիջելու են մրցակցին: Ուստի միայն ճկուն մարտավարության շնորհիվ կարող էինք թույլ չտալ մրցակցին շատ վտանգավոր պահեր ստեղծել մեր դարպասին: Տղաներն այսօր խաղացին իրենց հնարավորությունների սահմաններում, ներդրեցին իրենց ողջ կարողությունները: Իրոք որ չեխերը բավական լավ էին պատրաստված եւ շատ դժվար էր պայքար մղել բարձրահասակ, ֆիզիկապես ամուր, արագաշարժ ֆուտբոլիստների հետ: Նման պայմաններում հատկապես վտանգավոր էին եզրային սուր անցումներն ու բարձրից փոխանցումները, անկյունային հարվածները: Մեր ֆուտբոլիստները որքան կարողացան, դիմագրավեցին մրցակցի գրոհներին:

Առաջին անգամ Վարդան Պետրոսյանին խաղացրինք ձախ կիսապաշտպանի գոտում, որպեսզի նա ձախ թեւով միանար գրոհներին, օդային մենամարտերում էլ պայքարեր մրցակցի պաշտպանների հետ: Դա իր արդյունքը տվեց եւ հենց նա էլ դարձավ գոլի հեղինակ:

Մենք սպասում էինք, որ երկրորդ խաղակեսում մրցակիցը զգալիորեն կավելացնի գրոհների թափը, քանի որ չեխերը ֆիզիկապես ավելի լավ էին պատրաստված: Մեր ֆուտբոլիստներին հաջողվեց որոշակիորեն դիմագրավել մրցակցի գրոհներին, մինչեւ որ թարմ ուժեր խաղադաշտ դուրս բերեցինք: Կարծում եմ, որ Բարեղամյանն ու Բալաբեկյանը որոշ չափով ակտիվացրին մեր թիմի հարձակողական գործողությունները: Գոլը մրցակիցն որոշ չափով անսպասելի խփեցՙ շրջապատված լինելով մեր երկու պաշտպաններով: Ի դեպ, գոլի հեղինակ Թոմաշ Պետհարկը հանդես է գալիս «Տոտենհեմում»:

Ուկրաինացիների հետ էլ շատ դժվար խաղ է սպասվում: Շատ բան պայմանավորված կլինի այն բանով, թե ինչպես կվերականգնվեն տղաներն այսօրվա խաղից հետո: Տեսել եմ ուկրաինացիների հետ մեր հավաքականի հանդիպման տեսագրությունը: Մրցակցի խաղն իրոք մեծ տպավորություն էր գործել: Բայց մենք պետք է դուրս գանք խաղադաշտ ու պայքարենք:

Ընտրական 2-րդ խմբում կայացած մյուս խաղում Թուրքիայի երիտասարդական հավաքականը հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնի ֆուտբոլիստներին եւ միանձնյա գլխավորեց աղյուսակը:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Թուրքիա22005-36
2. Հայաստան31112-54
3. Ուկրաինա21015-23
4. Չեխիա10101-11
5. Լիխտենշտեյն20022-40

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4