«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2007-09-13 | #167, 2007-09-14 | #168, 2007-09-15


ՀԱՍԿԱՆԱԼԻ ՉԷ, ԹԵ ԻՆՉՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՉԻ ԲՈՂՈՔՈՒՄ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ԴԵՄ

Արա Պապյանը ներկայացնում է իր հոդվածների ժողովածուն

Երկար տարիներ դիվանագիտական առաքելություններում աշխատած Արա Պապյանն ընթերցողներին է ներկայացնում «Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները» հոդվածների ժողովածուն: Երեկ «Ուրբաթ» ակումբում ներկայացնելով սեփական տեսակետները, որոնց «Ազգի» ընթերցողները ծանոթ են թերթում դիվանագետի հրապարակումներից, Պապյանը հայոց պահանջատիրությունը որակում է որպես հայերի հավաքական շահերի պաշտպանությունը` միջազգային իրավունքով ամրագրված եւ հայ ժողովրդին վերապահված, բայց ոտնահարված իրավունքների վերականգնումը:

Կրկին հիշատակելով Կարսի, Սեւրի, Լոզանի պայմանագրերը, նաեւ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի վերաբերյալ` Արա Պապյանն ընդգծեց, որ այդ փաստաթղթերը ոչ անցյալի եւ ոչ էլ ապագայի հարց են, այլ այժմեական: Ընդ որում, Հայաստանը, Կանադայում ՀՀ նախկին դեսպանի կարծիքով, խնդիր լուծել չի կարող «առանց իր իրավունքները իր օրինական տարածքների առնչությամբ վերահաստատելու»:

Առավել հետաքրքրական է, որ, Արա Պապյանի մատուցմամբ, խորհրդային հանրապետությունները միջազգային իրավունքի սուբյեկտ չէին, ուստի չի կարելի նույնացնել անկախ Հայաստանի հետ: Այս մոտեցումը վերաբերում է նաեւ հայ-ադրբեջանական սահմանին: Խորհրդային Միությունը միջազգային մեկ սուբյեկտ էր, իսկ Միության ներսում չկային ուղղակի միջպետական սահմաններ, քանի որ դա վերաբերում էր միայն արտաքին շերտին:

Ինչեւէ, ԱԳՆ նախկին խոսնակի հաշվարկներով, Թուրքիայի պարտքը Հայաստանին կազմում է մոտ 41,5 մլրդ դոլար, եւ դա դեռ առանց հայ ժողովրդի 1921-22-23 թվականների կորուստների ընդգրկման: Բացի այդ, հիշատակված փաստաթղթերն, ըստ Պապյանի, դեռ գործնական կիրառություն ունեն, եւ հարկ եղած դեպքում կարելի է մեջբերել այդ պայմանագրերի դրույթները:

Այդ պայմանագրերով շատ պարտավորություններ ունի Թուրքիան, որ, սակայն, չի կատարում: Այդօրինակ պարտավորություններին լիովին հակասում է նաեւ Հայաստանի շրջափակումը: Արա Պապյանի համար անհասկանալի է, թե Հայաստանը որեւէ միջազգային ատյանում ինչու չի բարձրացնում Թուրքիայի կողմից շրջափակման մեջ պահվելու հարցը:

«Ազգը» փորձեց պարզաբանում ստանալ, թե հատկապես ինչ կարող է անել Հայաստանը շրջափակման վերացման առնչությամբ միջազգային համապատասխան ատյաններում: Արա Պապյանը պատասխանեց, որ, առաջին հերթին, Հայաստանը պետք է անդամակցի, այսպես կոչվող, ցամաքում փակված, ծովային ելք չունեցող երկրների իրավունքներին առնչվող կոնվենցիային, որի անդամ են ինչպես Թուրքիան, այնպես էլ Վրաստանը:

Այդ կոնվենցիայի շրջանակներում ոչ միայն մեր հարեւանները պարտավորված կլինեն ապահովելու տարանցումը իրենց տարածքներով, այլեւ պարտադրված կլինեն հայաստանյան ընկերությունների համար ապահովել այնպիսի իրավունքներ, ինչպիսիք կան տեղական ընկերությունների համար: «Ազգի» այն հարցին, թե ինչու Հայաստանը չի միանում այդ կոնվենցիային եւ արդյոք Հայաստանում չե՞ն ցանկանում, որ վերանա շրջափակումը, Պապյանը կրկնեց մինչ այդ ասվածը. «Եթե իսկապես մենք ուզում ենք ապաշրջափակել Հայաստանը...»:

Թե ինչու կոնկրետ քայլեր չեն արվում, Արա Պապյանի տպավորությամբ, լինելով պետություն Հայաստանը պետական մակարդակով լուծում է ավելի շուտ տեղական նշանակության հարցեր` ջրամատակարարում, գազամատակարարում եւ այլն: Մինչդեռ արտաքին քաղաքականության համար պատասխանատու արտգործնախարարությունը, երկրի նախագահը կամ անվտանգության խորհուրդը պետք է հարցեր բարձրացնեն թեկուզ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, հատկապես որ Հայաստանը, դիվանագետի կարծիքով, միշտ կունենա անվտանգության խնդիր:

«Ազգի» հիշատակմանը, թե որոշ վերլուծաբաններ շրջափակման առնչությամբ քայլեր չձեռնարկելը պայմանավորում են այդ վիճակից որոշ անհատների ստացած եկամուտներով, Պապյանը արձագանքեց. «Ցավալի կլիներ, եթե այդ ենթադրությունը իրողություն լիներ: Պարզապես ես մտածում եմ, որ Հայաստանում օրվա խնդիրներ են լուծում` մնացյալը թողնելով հետոյին»:

Ամեն դեպքում, Արա Պապյանը Վրաստանի կամ Ադրբեջանի պարագայում միջազգային ատյաններում տարբեր խնդիրներ բարձրացնելը համարում է նորմալ, մինչդեռ չի հասկանում Հայաստանի պասսիվությունը: «Պետական այրերին ոչ ոք չի պարտադրել, որ դառնան պետական պաշտոնյաներ: Եթե չեն ուզում, թող գնան ուրիշ գործի», անգործության հանդեպ վերաբերմունքը այսպես որակեց ՆԱՏՕ-ի ռազմադիվանագիտական ակադեմիան ավարտած Արա Պապյանը:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4