Դա են վկայում Թուրքիային վերաբերող զեկուցագրերի նախագծում տեղ գտած ձեւակերպումները
Սեպտեմբերի 12-ին «քաղաքացիական» սահմանադրության նախագիծը մշակող գիտխորհրդի նախագահ պրոֆ. Էրգուն Օզբուդունը պարզաբանումներ էր տվել նախագծի մասին: Մինչ թուրքական թերթերը հաջորդ օրվա համարներում արձագանքում էին պարզաբանումներին, սեպտեմբերի 13-ին Եվրոխորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է Թուրքիային վերաբերող զեկուցագրի նախագիծը: Դա վերջնական տեսքի կբերվի մինչեւ սեպտեմբերի 18-ը, հոկտեմբերին քվեարկության կդրվի Եվրոխորհրդարանի լիագումար նիստում, իսկ նոյեմբերի 7-ին կհրապարակի Եվրոհանձնաժողովը:
Վերոհիշյալ զեկուցագրին նույն օրը ինտերնետային էջերում անդրադարձել են «Եվրոնյուսի» թուրքական ծառայությունը, CNN-Turk-ը եւ թուրքական հանրային հեռուստատեսությունը: Համաձայն այս լրատվամիջոցների, ԵՄ-ը զեկուցագրով պաշտոնական Անկարայից պահանջել է արագացնել բարեփոխումների ընթացքը: Զեկուցագրի նախագիծը քաղաքականության թուրքական զինված ուժերի հնարավոր միջամտության առնչությամբ մտահոգություն է հայտնել, ընդգծել է ազգային անվտանգության ռազմավարության մշակումը քաղաքացիական իշխանությունների տնօրինությանը հանձնելու, ինչպես նաեւ բանակը Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի լիարժեք վերահսկողությանը ենթարկելու անհրաժեշտությունը, թուրքական իշխանություններին կոչ է արել խուսափել Իրաքի տարածքային ամբողջականության դեմ ուղղված միակողմանի ձեռնարկումներից (այսինքնՙ հանկարծ Թուրքիան չներխուժի Հյուսիսային Իրաք), դատապարտել է Հրանտ Դինքի հետ երեք քրիստոնյաների Մալաթիայում կատարված սպանությունը, այդ թվումՙ ահաբեկչության բոլոր դրսեւորումները, միաժամանակ իշխանություններից պահանջել է փոփոխության ենթարկել թուրքական քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածն ու հաստատել ազգային փոքրամասնությունների համայնքային կալվածքների մասին օրինագիծը:
Զեկուցագիրը դրական ազդանշաններ է հաղորդել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նոր կառավարությանը եւ գոհունակությամբ է արտահայտվել հուլիսի 22-ի խորհրդարանական ընտրությունների առնչությամբ: Միաժամանակ, ի տարբերություն նախորդ զեկուցագրերի, ներկայիս զեկուցագրի նախագծում տեղ չի գտել Հայոց ցեղասպանության հարցը:
Թուրքիային վերաբերող զեկուցագրում առանձնանում են հետեւյալ ձեւակերպումները.
Թուրքական նոր կառավարությունը, ինչպես անցյալում էր, պետք է նպաստի բարեփոխումների գործընթացի ծավալմանը:
Մշակի ռազմավարություն երկրի (քրդաբնակ) հարավ-արեւելյան շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման համար:
Կարգավորի կրոնական փոքրամասնությունների իրավաբանական խնդիրները:
ԵՄ-ի բոլոր անդամների առջեւ (այդ թվում նաեւ Կիպրոսի Հանրապետության) բացի երկրի նավահանգիստներն ու օդանավակայանները:
Ավելի շատ ջանք գործադրի բանակին քաղաքացիական իշխանության վերահսկողությանը ենթարկելու համար:
Կիպրոսի հարցի ՄԱԿ-ի հովանու ներքո կարգավորման առնչությամբ որդեգրի կառուցողական դիրքորոշում:
ԵՄ-ը դատապարտում է PKK-ի եւ ահաբեկչական մյուս կազմակերպությունների գործունեությունը Թուրքիայում:
Զեկուցագիրը ընդգծել է տարածաշրջանի, սեւծովյան ավազանի երկրների եւ միջինասիական հանրապետությունների հետ ԵՄ-ի հարաբերություններում Թուրքիայի դերակատարության կարեւորությունը, պահանջելով Եվրոհանձնաժողովից զարգացնել վերջինի հետ համագործակցությունն այդ հարաբերությունների բնագավառում:
Հատկանշական է, որ Թուրքիային վերաբերող զեկուցագրի նախագիծը Եվրոխորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման է դրվել այն ժամանակ, երբ Թուրքիայի հասարակական, քաղաքական շրջանակներում բուռն բանավեճեր էր առաջացրել նոր սահմանադրության նախագիծը: Այս երկու նախագծերում էլ առկա են մոտեցումների որոշ նմանություններ Թուրքիայի ազգային փոքրամասնությունների կալվածքներին, էթնիկ եւ կրոնական խմբավորումների իրավունքներին եւ հատկապես երկրի քաղաքական կյանքում բանակի դերի սահմանափակմանն առնչվող հարցերում:
Ելնելով այս նմանությունից, կարելի է ենթադրել, որ ԵՄ-ը Թուրքիային վերաբերող զեկուցագրի նախագծով որքան էլ պահանջներ ներկայացնի Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության գործադիր եւ օրենսդիր իշխանություններին, այնուամենայնիվ, նոր սահմանադրության հարցում խրախուսում է նրանց: Թեեւ հստակ չի ձեւակերպվել, սակայն օրերս թուրքական ոչ կառավարամետ մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ, որոնցում նոր սահմանադրությամբ ազգային փոքրամասնությունների դեռեւս 1972-ին առգրավված կալվածքները վերադարձնելու, էթնիկ եւ կրոնական խմբավորումների իրավունքներն ընդլայնելու, դրանով Թուրքիայի Հանրապետության միասնականությունը վտանգելու եւ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետի անձեռնմխելիությունը վերացնելու պատրաստակամության համար հարձակման էր ենթարկվում վարչապետ Էրդողանը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ