Պաշտպանական տեղեկատվության ամերիկյան կենտրոնի օրերս հրապարակած զեկուցագրից պարզվում է, որ Ադրբեջանը վերջին տարիներին ԱՄՆ-ից զգալի քանակությամբ զենք է ձեռք բերել: Կենտրոնի տվյալները վկայակոչելովՙ մոսկովյան «Իզվեստիա» թերթը գրում է, որ վերջին տարիներին Բաքուն Վաշինգտոնից 14 մլն դոլարի զենք է գնել:
«Միացյալ Նահանգները զենքի վաճառքը որպես պարգեւ է օգտագործում հակաահաբեկչական պատերազմում իր դաշնակիցների համար», ընդգծվում է զեկուցագրում: Հաղորդվում է, որ վերջին 5 տարում Ադրբեջանն ԱՄՆ-ից ավելի քան 27 մլն դոլար ռազմական օգնություն է ստացել: Ավելին, 2007-ին եւ 2008-ին ամերիկյան բյուջեում եւս այդ երկրի համար նախատեսված են ռազմական օգնություն եւ զենքի վաճառք:
«Երրորդ աչք» վերլուծական կենտրոնի ղեկավար, զինվորական անկախ փորձագետ Ռաուֆ Ռաջաբովի խոսքերով, Ադրբեջանին կարող են հետաքրքրել օդուժի, ծովուժի զինատեսակները, տանկերը, հրազենի նորագույն նմուշները:
Փորձագետը հիշյալ գումարն անբավարար է համարում ժամանակակից ծանր սպառազինություններ ձեռք բերելու համար: «Գումարը բավարար է միայն վերազինման որոշակի տեխնոլոգիայի ձեռքբերման համար», ասել է նա:
Ռաջաբովի կարծիքով, Ադրբեջանը պետք է ձեռք բերի ՆԱՏՕ-ի երկրների սպառազինության մեջ գտնվող զինատեսակներ եւ տեխնիկա: Նա ավելացրել է, որ միաժամանակ կարելի է գնել ռուսական ժամանակակից զենքեր, որոնք իրենց արդարացրել են ադրբեջանական բանակում: