«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2007-09-13 | #167, 2007-09-14 | #168, 2007-09-15


ՃԵՊԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ «ԿՊՉՈՒՄ»

Երեկ տեղի ունեցան այս գումարման Ազգային ժողովի առաջին ճեպազրույցները, որոնց 5 խմբակցությունից չէր մասնակցում ՕԵԿ-ը: Այդ պահին երեւի ՕԵԿ խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը շատ ավելի կարեւոր հանդիպում ուներ` ըստ նրա գրասենյակի, երեկ նա հանդիպել է ԱՄՆ պետդեպարտամենտի Կովկասի բյուրոյի տնօրեն Պոլ Ուոլերի եւ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Ռուդոլֆ Փերինայի հետ, քննարկել տարածաշրջանային զարգացումները եւ Հայաստանի նախագահական առաջիկա ընտրությունները:

«Ժառանգություն» խմբակցության երեք ներկայացուցիչներից նախ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու գլխավոր դատախազի ընտրությանը Ժառանգականները խոստացան քվեարկել խղճի մտոք, բայց արդյունքները ցույց տվեցին, որ փաստորեն կողմ են քվեարկել: Խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը չհամաձայնեց. «7 հոգի «կողմ» չի քվեարկել, այդ 7-ից 6-ը մենք ենք»: Լրագրողը ճշտեց` թե 4 անվավեր քվեաթերթիկներում եւ «կողմ» են քվեարկած եղել, եւ «դեմ», խմբակցության անդամները չգիտեի՞ն, որ մի սյունակում պետք է քվեարկեին, թե՞ հաշվիչ հանձնաժողովի անդամներից մեկը եւս մի նշում է արել մյուս սյունակում եւ փչացրել քվեաթերթիկը:

Ըստ Վարդան Խաչատրյանի` «Ժառանգության» պատգամավորներից մեկի քվեաթերթիկը, որը նշումի ձեւից ճանաչելի էր, բավականին կասկածելի մեկ այլ նշում է պարունակել` հորիզոնական նշում «դեմ» նիշի վերեւում, բայց իրենք չեն ցանկանում դրա շուրջն ինչ-որ «աժիոտաժ» առաջացնել, այդ նշումը հնարավոր է նաեւ տեխնիկական է եղել` հաշվարկի ժամանակ, իսկ մնացածի հետ կապված պարզել հնարավոր չէ, քվեաթերթիկները տալու պրակտիկա չկա:

ԼՂՀ ճանաչման հետ կապված «Ժառանգության» նախաձեռնության արձագանքներին արձագանքելով` Ս. Սաֆարյանը հրավիրեց. «Քաղաքական ուժերը միմյանց մամուլով պատասխանելու փոխարեն թող դիմեն նախաձեռնության հեղինակներին, ներկայացնեն հակափաստարկները կամ համոզվեն դիմացինի փաստարկների իրավացիության մեջ»: Ասաց, որ չի ուզում վարվել ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանի նման եւ օգտագործել «Ինչ-որ մի խմբակցություն» բառը (վերջինս դա արել էր խորհրդարանական հայտարարությունների ժամին, անհամաձայնություն հայտնելով նախաձեռնությանը). «ԼՂՀ անվտանգության վերաբերյալ գոնե նույնական մոտեցումներ ունենք բոլորս, իսկ մարտավարական եւ ռազմավարական խնդիրներում կարող ենք պայմանավորվել: Բազմակարծությունը վտանգավոր չեմ համարում ԼՂՀ խնդրի հետ կապված»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը ԼՂՀ հարցն այն բացառիկներից համարեց, որում քաղաքական ուժերն ընդհանրական վերաբերմունք պետք է ունենան, մինչդեռ «Ժառանգության» նախագծով մենք ընդամենն ասում ենք, որ առանց հաշվի առնելու միջազգային հանրության կարծիքը` մենք ինքնուրույն որոշում ենք այս հարցի լուծման ճանապարհը:

Ջավախքում կալանավայրի կառուցման խնդրին հայ խորհրդարանականների վերաբերմունքին արձագանքելով վարչապետն ասել էր, թե չենք կարող միջամտել ուրիշ պետությունների գործերին:

Ռուսաստանում վարչապետի փոփոխությունն ինչ անդրադարձ կունենա հայ ռուսական հարաբերություններին. «Անձի դերը պատմության մեջ կարեւորում եմ, բայց չէի ուզենա ֆետիշացնել, յուրաքանչյուր պետություն, անգամ անցումային շրջանում գտնվող պետությունները ծրագրում են իրենց անելիքները. ես համամիտ չեմ, որ անձերի փոփոխությունը կարող է բերել ընդհանուր քաղաքականության փոփոխության: Նախընտրական շրջան է, դա իրենց սցենարներից մեկն է` փոխհամաձայնեցված, ուղղակի յուրաքանչյուր քաղաքական գործիչ այդ սցենարում նոր դերակատարություն է ստանձնելու, բնականոն ընթացքով նրանք փորձում են իշխանության վերարտադրության խնդիրն ապահովել», այսպես է մտածում Կ. Կարապետյանը: Այս նույն հարցի վերաբերյալ նրբերանգներով տարբեր կարծիք ուներ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը. «Այս կարգի նախընտրական կոնյունկտուրային փոփոխությունները չպետք է անդրադառնան հայ-ռուսական հարաբերությունների վրա, բայց հասկանալի է նաեւ մեր պաշտոնյաների անհանգստությունըՙ իմանալու ովքեր են լինելու իրենց գործընկերները մոտակա ժամանակներում, որովհետեւ անձնական ֆակտորը, հատկապես հայ-ռուսական հարաբերությունների մեջ շատ կարեւոր է. Հայաստանն իրենից կախված ամեն ինչ անելու է, որ հայ-ռուսական հարաբերությունները չմթագնեն», ասաց նա:

Ի դեպ, նրբերանգային տարբերություն կար նաեւ ՀՅԴ-ի` նախագահական թեկնածուի իշխանական, թե ընդդիմադիր լինելու վերաբերյալ հարցի մասին Ա. Սաֆարյանի եւ նրա կուսակից Նաիրա Զոհրաբյանի տեսակետներում. Ա. Սաֆարյանը հարցի պատասխանն իր ուզածով վերաձեւեց. «Մենք մի թեկնածուի ենք ճանաչելու, պարոն Ծառուկյանի բառերովՙ մենք չենք խաբելու եւ չենք գցելու»: Ն. Զոհրաբյանը չխուսափեց հարցի շեշտադրումից. «Դուք ասացիք` իշխանական թեկնածո՞ւ է դաշնակցության թեկնածուն. երեկ ես կարծեմ «Դրոշակում» կարդացի Հրանտ Մարգարյանի հարցազրույցըՙ իրենք իրենց որակում են դրական ընդդիմություն. սա ինձ համար անհասկանալի է, եւ չեմ կարծում, որ դրական ընդդիմությունը կարող է լինել իշխանական թեկնածու»:

Իսկ ահա Շուշիում գերագույն ժողով անող Դաշնակցությունից ներկայացած Արծվիկ Մինասյանն, անդրադառնալով Ջավախքի կալանավայրի հետ կապված հայ խորհրդարանականների ասածին վարչապետի արձագանքին` նկատեց. «ՀՀ վարչապետի հայտարարությունը պետական այրի արտահայտություն է, եւ դա չի կարելի կապել ՀՀԿ դիրքորոշման հետ: Ես հույս ունեմ, որ Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցություններն այս հարցում պետք է իրենց մտահոգությունները միավորեն եւ կարողանան արտահայտել մեկ միասնական դիրքորոշում, քանզի Ջավախքում առկա սոցիալ-տնտեսական պայմաններում ավելացնել եւս մեկ շատ մեծ խնդիր, ճիշտ չէ: Մեր հայրենակիցների համար պետք է այնտեղ ապահովել նորմալ սոցիալ-տնտեսական պայմաններ»:

Հիշեցմանը, թե ԵԽԽՎ-ն իր բանաձեւերից մեկում նշել է, որ եթե Ղարաբաղը միանա Հայաստանին, դա կդիտարկվի որպես Եվրոխորհրդի անդամ երկրներից մեկի ագրեսիա մյուսի հանդեպ, այդ դեպքում միացման վերաբերյալ ՀՅԴ հայտարարությունը արդյոք Հայաստանի շահերի՞ց է բխում. լրագրողի այս հարցին իբրեւ պատասխան հնչեց, թե ԼՂՀ հիմնախնդիրը շատ նուրբ է եւ չպետք է էմոցիաներով շարժվել. «Եթե մենք այսօր օրինագիծ շրջանառության մեջ դնելով պետք է որեւէ ձեւով խոչընդոտենք այս գործընթացին, ապա այս օրինագիծը պետք չէ: Երկրորդՙ եթե Ադրբեջանը շարունակի իր ռազմատենչ հայտարարությունները, այո, պետք է գնալ մաքսիմալին, այն էՙ ԼՂՀ-ն ՀՀ-ի մի մաս պետք է լինի», ասաց ՀՅԴ խմբակցության անդամը, որը դեռ կուսակցության անդամ չէ, բայց ընդունվելու համար դիմում արդեն գրել է:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4