«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2007-09-13 | #167, 2007-09-14 | #168, 2007-09-15


ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՍԵՖԻԼՅԱՆԻ ԵՎ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԸ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ազատամարտիկների գործը վերաքննիչում է

Վերաքննիչ դատարանում երեկ սկսվեց «Հայ կամավորականների համախմբում», «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությունների համակարգող Ժիրայր Սեֆիլյանի, նույն նախաձեռնությունների, ինչպես նաեւ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության անդամ Վարդան Մալխասյանի եւ նրանց գաղափարակիր-ընկեր Վահան Արոյանի գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ ազատամարտիկների գործով առաջին ատյանի դատարանը վճիռ կայացրել էր օգոստոսի 6-ին, սակայն նրանց փաստաբանները բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի վճիռը:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք էր ներկայացվել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով` հասարակական կարգը բռնությամբ տապալելու կոչերի համար, ինչպես նաեւ 235-րդ հոդվածի առաջին մասով` ապօրինի զենք պահելու համար: Մալխասյանին մեղադրանք էր ներկայացվել միայն 301-րդ հոդվածով, իսկ Վահան Արոյանին` 235-րդ հոդվածի առաջին մասով: Առաջին ատյանի դատարանը օգոստոսի 6-ի վճռով Ժիրայր Սեֆիլյանին արդարացրել էր 301-րդ հոդվածով, իսկ ապօրինի զենք պահելու համար դատապարտել 1,5 տարվա ազատազրկման: Մալխասյանին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման` սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչի համար, իսկ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար Վահան Արոյանին դատապարտել էր 1,5 տարվա ազատազրկման:

Վերաքննիչ դատարանում գործի լսումը սկսվեց ամբաստանյալների ինքնության պարզմամբ, որից հետո Վահան Արոյանը ցանկություն հայտնեց, որ իր շահերը պաշտպանի փաստաբան Արթուր Գրիգորյանը: Սակայն կարճ խորհրդակցությունից հետո որոշվեց, որ առայժմ Արոյանը «ինքնուրույն» կպաշտպանվի: Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը դատարանին ( դատավորներ Մհեր Արղամանյան, Մհեր Խաչատրյան, Արմեն Դանիելյան) միջնորդություն ներկայացրեց` պահանջելով Սեֆիլյանի բնակարանի խուզարկությամբ ձեռք բերված ապացույցները չհամարել մեղադրական ապացույցներ, քանի որ դրանք ձեռք են բերվել գործով քննիչ չհանդիսացող անձի քննությամբ: Մեղադրող կողմը` դատախազ Արթուր Մկրտչյանը առարկեց միջնորդության դեմ, իսկ դատարանն էլ որոշեց հետաձգել միջնորդության լուծումը` քանի դեռ չեն հասել ապացույցների հետազոտման փուլին:

Ինչպես միշտ, այս անգամ էլ դատարանի դահլիճը լեփ-լեցուն էր ազատամարտիկների ընկեր-հարազատներով, որոնք մերթընդմերթ բղավում էին, գովում ամբաստանյալներին, նրանց անվանում ազգային հերոսներ կամ էլ ծափահարում նրանց ելույթների ժամանակ: Այս անգամ դատարան էր եկել նաեւ քաղբանտարկյալ համարվող նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը կնոջ` Մելիսա Բրաունի հետ: Ընդամենը օրեր առաջ ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից ազատված նախկին արտգործնախարարը եւ նրա կինը վերջին շարքից ոգեւորող ժեստեր էին անում:

Վարդան Մալխասյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանն իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն արեց` միաժամանակ ներկայացնելով 9 պատգամավորների ստորագրությամբ երաշխավորագիրը (7 պատգամավորները «Ժառանգություն»-ից են, որոնց միացել են Վիկտոր Դալլաքյանն ու Ռուստամ Գասպարյանը): Սեֆիլյանի կալանքը փոխարինելու միջնորդություն արեցին նաեւ փաստաբան Արա Զաքարյանը եւ Վահան Արոյանը: Դատավոր Արղամանյանը հայտնեց, որ միջնորդությունները մերժվում են, քանի որ կալանքից ազատվելով գուցե ամբաստանյալները խուսափեն դատաքննությունից: Ի դեպ, դատավոր Մհեր Արղամանյանը, որ «Մատաղիսի գործի» վարման ժամանակ բավական դաժան կեցվածք ուներ, երեկ բարձր տրամադրություն ուներ: Աշխատանքային օրվա ավարտին նրա բարձր տրամադրությունը կարծես մարեց:

Փաստաբաններից եղան եւս մի քանի միջնորդություններ, որոնք մերժվեցին: Մասնավորապես, փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդեց ամբաստանյալների ոտքերն ազատել շղթաներից, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա: Դատարանը պատասխանեց, որ այդ հարցի քննարկումը դուրս է իրենց իրավասությունների շրջանակներից, եւ իրենք կարող են նման հարցում միջամտել, եթե, օրինակ, դրանով վնաս է հասցվում մարդու արժանապատվությանը: Դատավոր Արղամանյանի այս արտահայտությունը ռումբի պես պայթեցրեց դահլիճում ներկաներին, ովքեր բարձրաձայն հարցրին դատավորին. «Ո՞նց, ուրեմն դրանով մարդու արժանապատվությունը չե՞ք վնասում, հա՞»: Մերժվեց նաեւ փաստաբան Արա Զաքարյանի` Վահան Արոյանի մասը Սեֆիլյանի եւ Մալխասյանի քրեական գործից անջատելու միջնորդությունը: Միջնորդությանը համամիտ էր նաեւ Վահան Արոյանը, բայց դատավորն իր մերժումը հիմնավորեց նրանով, որ Արոյանի գործի անջատումը կարող է խանգարել գործի ամբողջությանը:

Դատավարությունը կշարունակվի սեպտեմբերի 18-ին, ժամը 12.30-ին:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4