Երեւանում երեկ բացված առեւտրաարդյունաբերական «Armenia expo-2007» ցուցահանդեսը 7-րդն էր: Նախորդ ցուցահանդեսները սովորաբար տեղի էին ունենում մարզահամերգային համալիրում, որն այժմ նորոգվում է: Այս անգամ ցուցահանդեսի վայրը «Դինամո» մարզադահլիճն էր:
Ցուցահանդեսին, ինչպես նշել էր կազմակերպիչ Logos expo center ընկերությունը, պետք է մասնակցեին մոտ 180 տեղական եւ օտարերկրյա ընկերություններ, սակայն անգամ անզեն աչքով երեւում էր, որ մասնակիցների թիվն ավելի քիչ էր: Ներկայացված էին ոչ միայն տեղական, այլեւ ռուսական, բելառուսական, ուկրաինական, լեհական, պարսկական, գերմանական ընկերություններ, ինչպես նաեւ օտարերկրյա ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչները:
Դրականն այն էր, որ, ի տարբերություն նախորդ ցուցահանդեսների, գերակշռում էին ոչ թե բոլորիս հայտնի եւ արդեն մեր շուկայում կայացած հիմնականում սննդարդյունաբերության ընկերությունները, այլ շինանյութերի, շինարարական տեխնիկայի, գործիքաշինական, սարքաշինական, էլեկտրատեխնիկական, կենցաղային էլեկտրոնիկայի, սանտեխնիկայի, ներկերի արտադրությամբ եւ առեւտրով, տպագրությամբ, դիզայնով, ծրագրային ապահովմամբ, գովազդով զբաղվող ընկերությունները: Դրանց թվում, բնականաբար, գերակշռում էին ներմուծող ընկերությունները: Օրինակՙ «Լեյկա գեոսիստեմս» ընկերությունը ներկայացնում էր ճշգրիտ չափիչ սարքեր, այդ թվումՙ լազերային հեռաչափեր շինությունների ներսում չափումներ իրականացնելու համար եւ շինարարության մեջ օգտագործվող հարթաչափեր:
Թեթեւ արդյունաբերության արտադրանքից հետաքրքրություն էր ներկայացնում նախկին կաշվի-գալանտերեայի արտադրության ներկայումս «Ռասար» ընկերությունը, որն արտադրում էր բազմատեսակ կաշվե, այդ թվումՙ դպրոցական պայուսակներ:
Բոլորիս քաջ հայտնի «Աշտարակ-կաթ» ընկերությունը, բացի իր տեսականին ներկայացնելուց, սպառողների համտեսմանն էր առաջարկում իր նոր արտադրատեսակըՙ քամած մածունը:
Ցուցահանդեսը քառօրյա է եւ կգործի մինչեւ սեպտեմբերի 17-ը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ