Գործում կներգրավվի «Սիթի սենթր դիվելոփմենթ» ընկերությունը
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ վերսկսվեց ավելի քան մեկ ամիս առաջ հետաձգված «Ֆիրդուսնոցի» գործի քննությունը: Հիշեցնենք, որ «Ֆիրդուսնոցի» 45 սեփականատերեր դատարան էին դիմել կառավարության դեմ հայցով` բողոքելով նրա կողմից իրենց սեփականությունը բացառիկ հանրային գերակա շահ ճանաչելու որոշման դեմ: Դատավարությունը մի քանի անգամ հետաձգվել էր այն պատճառով, որ բնակիչների հայցը կառավարության որոշման դեմ էր, բայց որպես պատասխանող կողմ ներկայանում էին քաղաքապետարանին կից ՊՈԱԿ-ի (ԾԻԳ) աշխատակիցները` չունենալով որեւէ հանձնարարական կամ կառավարության լիազորագիր:
Բնակիչների փաստաբաններ Վահե Գրիգորյանի եւ Արթուր Գրիգորյանի պնդումներից հետո մի քանի անգամ քաղաքապետարանի աշխատակիցները դատարանում խոստացել էին ներկայացնել վարչապետի հանձնարարագիրը, սակայն այդպես էլ չէին ներկայացրել, որի պատճառով էլ նիստերը ամեն անգամ հետաձգվում էին:
Օգոստոսի 8-ի նիստի ժամանակ գործը քննող դատավոր Գայանե Կարախանյանը մինչեւ սեպտեմբերի 14-ը հետաձգել էր դատավարությունը` պահանջելով քաղաքապետարանի ներկայացուցիչներից ներկայացնել վարչապետի հանձնարարագիրը:
Երեկ վերսկսված դատավարության ժամանակ, սակայն, վարչապետի լիազորագրի ներկայացման փոխարեն դատարանը միջնորդություն ստացավ «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ից, ըստ որի «Ֆիրդուսնոցի» տարածքը ձեռքբերող «Սիթի սենթըր դիվելոփմենթ» ընկերության եւ քաղաքապետարանի միջեւ պայմանագիր է կնքվել, որով ընկերությունը պետք է ներգրավվի գործում որպես երրորդ կողմ: Դատավոր Կարախանյանն ընդունեց ներկայացված միջնորդությունը եւ «Սիթի սենթըր դիվելոփմենթ» ընկերությանը գործին ծանոթանալու ժամանակ տալու համար գործի քննության շարունակությունը նշանակեց հոկտեմբերի 1-ին, ժամը 14-ին: Բնակիչները զայրացած հեռացան դատարանի դահլիճից:
«Ներկայացվեց ոչ թե վարչապետի հանձնարարականը, այլ մեկնաբանություն հանձնարարականի մասին, իսկ ձեռք բերող ընկերության ներկայացրած միջնորդությունը ոչ միայն իրավաբանական ուժ չունի, այլեւ խեղկատակություն է: Մենք այսօր դատարանում չունենք կառավարության ներկայացուցիչ, իսկ քաղաքապետարանի ներկայացուցիչների ներկայացրած միջնորդությունը բավարարելով դատավորը հաստատեց, որ իր գործելակերպը որոշում են քաղաքապետարանն ու «Սիթի սենթըր դիվելոփմենթ» ընկերությունը», «Ազգի» հետ զրույցում դատավարության հետաձգումից հետո ասաց բնակիչների փաստաբան Արթուր Գրիգորյանը:
Մեզ հետ զրույցում բնակիչները նշեցին, որ իրենց հայցը պետք է ստանա լուծում, քանի որ օրենքի բարելավման, երաշխիքներ ունենալու խնդիր կա: Բնակիչներից մեկը նշեց. «Եվրոդատարան գնալը ինքնանպատակ չէ, մենք չենք ուզում երկարատեւ պայքարի մեջ մտնել, բայց եթե մեր իրավունքները արհամարհվեն, ստիպված ենք դա անել»:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ