Հակառակ այսօրվա անճաշակության` լավատես է Զաքար Քեշիշյանը
Շուշիի «Վարանդա» մանկական, պատանեկան եւ երիտասարդական պետական երգչախմբի 15-ամյա հոբելյանի առիթով այս օրերին Հայաստանում էր երգչախմբի ղեկավար Զաքար Քեշիշյանը, որը հյուրընկալվեց «Ազգի» խմբագրությունում: Երգչախմբի հոբելյանական համերգը կազմակերպելու նպատակով Հայաստանում գտնվող Զաքար Քեշիշյանը երգչախմբի ստեղծման 15-րդ տարում հպարտությամբ է խոսում իրենց գործունեության մասին` չանտեսելով, իհարկե, հայ երգարվեստում եղած խնդիրները: «Վարանդա» երգչախմբի հոբելյանը պաշտոնապես նշվել է ե՛ւ Ստեփանակերտում, ե՛ւ Շուշիում: Հարուստ մշակութային ժառանգություն ունեցող Շուշիում պատերազմը խաթարել էր շատ բան, կանգնեցնելով նաեւ քաղաքի մշակութային ընթացքը: Հենց այդ պահին, երբ երգչախմբի գեղարվեստական ղեկավարի հիշողությամբ, ազերիական օդուժը ռմբահարում էր Շուշին, Արամ Մանուկյան վարժարանում ստեղծվեց երգչախումբը. «Երգչախմբի ստեղծումից առաջ ոչինչ չկար, կային թուրքեր եւ ավերակներ, ու ստեղծվեց երգչախումբը»: Պատերազմական իրավիճակում ստեղծված երգչախումբն այսօր արդեն ունի ձայնասկավառակ, 200-ից ավելի համերգներով հանդես է եկել Հայաստանում, Արցախի տարբեր շրջաններում եւ Լիբանանում:
«Որպեսզի Շուշիի համար զոհվածները չդառնան սովորական մեռելներ եւ այնտեղ վերստին աշխուժանա քաղաքացիական եւ մշակութային կյանքը, պետք է ավելի նպատակային եւ համադրված ներդրումներ ունենալ Շուշիի վերելքի համար: Շուշիի մտավորականներն ու ստեղծագործական խմբերը պետք է ավելի շատ դուրս գան Արցախից, նրանցից շատերը գեղարվեստական նկատելի որակ ունեն: Անելիք շատ կա, մեկ հոգու գործ չէ», շեշտում է Զաքար Քեշիշյանը:
Զաքար Քեշիշյանը ստեղծագործական տարբեր խմբերում եւ աշխատանքներում է ընդգրկված: Նա Լիբանանի կոնսերվատորիայի դասախոս է, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանի «Շնորհալի» երգչախմբի ղեկավարը, Լիբանանի Համազգայինի «Կարկաչ» երգչախմբի գեղարվեստական ղեկավարը, Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտական քոլեջի դասախոս, շվիահար եւ խմբավար: «Ժողովրդական երգերը հետ բերելու համար Հայաստանում եւ սփյուռքում ջանքեր կան: Եթե մտավորականության բողոքը կա, դա հիմք է, որ մտավորականությունը ստանձնի որակյալ եւ ազգային ակունքով երգերը մասսայականացնելու առաքելությունը», ասում է Զաքար Քեշիշյանը եւ մատնանշում, թե ազգային զուլալ երգերի նկատմամբ ուշադրության վերականգնումն ինչից պետք է սկսել. «Նախ խստորեն պետք է վերահսկվի եթերը, որն անկախ մեր հրավերից մտնում է մեր բնակարանները, մեր հիշողության մեջ: Գեղարվեստական հսկողություն պետք է լինի, ինչպես նաեւ պետք է փոխվի երաժշտական դպրոցների դաստիարակության համակարգը, որը մատաղ սերնդից կվանի վատորակ երաժշտության հակումը եւ կիրթ ճաշակ կձեւավորի»:
Սփյուռքում ստեղծված երգչախմբերը, Զաքար Քեշիշյանի համոզմամբ, ի տարբերություն Հայաստանում ստեղծված երգչախմբերի, այլ խնդիր են լուծում: Դիրիժոր, խմբավար Քեշիշյանի խոսքով, սփյուռքում հայկական երգչախմբերը ստեղծում են սփյուռքի մշակութային եւ կրթական միությունները, որոնք ունեն սեփական մշակույթի պահպանման գիտակցությունը եւ նվիրումով ու անվճար օգնում են երգչախմբերի կազմակերպմանը: Նրա կարծիքով, եթե հայաստանյան երգչախմբում երգելը մասնագիտություն է, ապա սփյուռքյան երգչախմբում ներգրավված են հայ երգի երկրպագուները: «Սփյուռքի երաժշտության մեջ ներգրավվածները խնդիր ունեն միշտ թարմ պահելու մշակութային խմբերի որակավորման եւ ստեղծման գաղափարը, իսկ Հայաստանում պետք է բծախնդիր լինեն երգչախմբերի ստեղծման որակի, գեղարվեստական գործունեության հարցերում, եւ երգչախմբերի ստեղծմանը չպետք է նայեն շահութաբերության տեսանկյունից», ընդգծում է զրուցակիցս:
«Կա՞ն ազգային երգեր, որոնք դրսում հավաքվելիս հայերը երգում են», մեր հարցին ի պատասխան գեղարվեստական ղեկավարը նկատում է. «Ազգեր կան, որ հավաքական երգեր ունեն, որ բոլորը գիտեն: Ժամանակին հայերս էլ ունեինք այդպիսի երգեր, որ յուրաքանչյուր հայ գիտեր եւ հավաքույթների ժամանակ երգում էինք: Դժբախտաբար, հիմա այդ գեղեցիկ ավանդույթը վերացավ եւ շատ քիչ հավաքական երգեր ունենք: Հիմա դրսում հավաքվելիս հայերը հայրենասիրական երգեր են երգում, բայց թվով եւ որակով, գեղեցիկ եւ արժեքավոր երգեր մերոնք քիչ են լսում: Օրինակ, երգում են «Երազի իմ երկիր, հայրենիք», «Արցախ» երգերը»:
Հայաստանյան եւ սփյուռքյան երգչախմբերի համագործակցության առումով Զաքար Քեշիշյանը նշում է, որ եղել են փոխադարձ այցեր եւ համերգներ, ինչը խիստ անհրաժեշտ է փոխադարձ ճանաչողության եւ համագործակցության տեսանկյունից: Զրուցակիցս, սակայն, անդրադառնում է այլ հարցի: Հայրենիքում կազմակերպվող փառատոներում ընդգրկվող երգչախմբերի եւ մյուս խմբերի հարցում պետք է շատ բծախնդիր լինել, լրջագույն ձեւով պետք է վերանայվի այդ խմբերի գեղարվեստական որակը, որ «Սփյուռքն էլ հայրենիքի վրա երեւա իբրեւ որակյալ մշակութային գործոն»:
Պատերազմական պայմաններում Լիբանանի «Կարկաչ» երգչախմբի գործունեության վերաբերյալ մեր հետաքրքրությանը Զաքար Քեշիշյանն արձագանքում է. «Լիբանանում երգչախումբը ստեղծվեց պատերազմական իրավիճակում, բայց հակառակ տիրող քաղաքական, տնտեսական իրավիճակին երգչախումբը շարունակում է իր անվարան երթը: Ներքին մղում կա, որովհետեւ արժեքի գնահատում կա»:
Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ մշակութային շփումները Զաքար Քեշիշյանը աշխույժ է գնահատում գրեթե բոլոր բնագավառներում, սակայն պետք է ավելի աշխույժ դառնան այդ կապերը: «Բացի այդ, Հայաստանը պետք է վերահսկի հայրենիքից սփյուռք եկող բոլոր խմբերի գեղարվեստական որակը: Ամեն ակորդեոն վերցնող չպետք է գա, ելույթ ունենա սփյուռքում: Հայաստանը պետք է օգնի սփյուռքի խմբերին նաեւ կադրերի, խաղացանկի, մեթոդական ցուցումների հարցերում` առանձնահատուկ կարեւորություն տալով երիտասարդ ուսանող-արվեստագետների կազմավորմանը», համոզված է նա:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ