Հայ առաքելական եկեղեցու եւ կրթության նախարարության նախաձեռնությամբ արդեն չորրորդ տարին անցկացվում է հանրապետական մրցույթՙ հայոց եկեղեցու պատմություն, հայոց լեզու եւ գրականություն, հայոց պատմություն ու բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների մասնակցությամբ: Մրցույթն անցկացվում է երկու փուլովՙ մարզային եւ հանրապետական: Առաջինի մասնակիցների թեկնածությունները ներկայացնում են դպրոցների տնօրեններըՙ մանկավարժական խորհուրդների որոշմամբ, որից հետո կրթության ազգային ինստիտուտի առարկայական մասնագետները տեղերում անցկացնում են այդ փուլը:
Հաղթած ուսուցիչներն իրենց ուժերը փորձում են հանրապետական փուլում, որը երեկ անցկացվեց կրթության եւ գիտության նախարարությունում: Մրցույթի ժամանակ ուսուցիչներին տրվեց ստեղծագործական եւ մանկավարժական կարողությունները ստուգող առաջադրանք, անցկացվեց կլոր սեղանՙ գնահատող հանձնաժողովի առաջադրած թեմայով, ինչպես նաեւ ուսուցիչներին հնարավորություն տրվեց առաջարկներ անելու տվյալ առարկայի դասավանդման եղանակները կատարելագործելու վերաբերյալ:
Այս տարի հանրապետական փուլին մասնակցելու իրավունք են ստացել 41 ուսուցիչներՙ բոլոր մարզերից: Հաղթողներն ու մասնակիցներն առաջիկա օրերին պարգեւներ կստանան Ամենայն հայոց կաթողիկոսիցՙ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ