«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2007-09-13 | #167, 2007-09-14 | #168, 2007-09-15


«ՄԱՅՔ ԹԱՅՍՈՆՙ ՓՈՔՐ ՖՈՐՄԱՏՈՎ»

Սյուզի Քենտիկյանը իր 20-ամյակին երրորդ հաղթանակը տոնեց

Գեղեցիկ, գունավոր տպագրությամբ ծրագրում կարդացիՙ «Փոքրիկ է, բայց օհո՛»: Գերմանիայի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների մեջ ամենափոքրիկիՙ 1,55 հասակ ունեցող անպարտելի Սյուզի Քենտիկյանի մասին է գրված ու ավելի քան համոզիչ է: Մանավանդ, երբ նրա մրցելույթին հետեւում ես ոչ թե հեռուստացույցի էկրանից, այլՙ բազմահազար երկրպագուների հետՙ հենց արենայում: Ու արդեն մուտքիցՙ մարզական մեծ շոուն հենց արենայում վայելելու եկած մարզասերների հագուկապիցՙ երեկոյան սեւ զգեստներ, երկար փայլուն ուլունքներ, բարձրակրունկ կոշիկներ, մետաքսե փողկապ ու թաշկինակներ, վայելուչ կոստյում նաեւ ջինս ու պարզ մարզակոշիկներ, եւ որ անպակաս էրՙ հագուստի փոխարեն հնարավորինս շատ դաջվածքներով ծածկված մարդկային մարմիններ, արդեն պարզ է դառնում, որ շոուն այս մարզաձեւի ամենաերկար ստվերն է կամՙ ամենաեկամտաբեր գովազդը:

Սեպտեմբերի 7-ին Դյուսսելդորֆի Բուրգ Վեխտեր Կաստելլոյում հավաքված մարզասերները հոտնկայս «բռավո՛, Սյուզի» էին գոռում, երբ երրորդ ռաունդը չավարտված, WBA վարկածով թեթեւ քաշայինների աշխարհի չեմպիոն Killer Queen մականունը կրող Սյուզի Քենտիկյանը (Գերմանիա) գետին տապալեց Շեյնի Մարտինին (Մեծ Բրիտանիա)ՙ երրորդ անգամ պաշտպանելով չեմպիոնության իր գոտին:

«Շատ հպարտ եմ», խաղի ավարտին Ռեգինա Հալմիխի հարցին հակիրճ պատասխանեց Գերմանիայի դրոշի տակ Հայաստանն ու հայությանը ներկայացնող ամենակոպիտ մարզաձեւի ամենաքնքուշ մարզուհին, ով սեպտեմբերի 11-ին 20 տարեկան դարձավ ու մեկնաբաններիՙ պատմություն դարձած տխուր տարեթվի մասին ակնարկին ի պատասխան թեթեւ ձեւակերպեցՙ ես երեւի «տեռոր» երեխա եմ:

Տեռոր միգուցե չէ, բայց ռինգում նրան Killer իսկապես կարելի է կոչել, մանավանդ երբ գիտի, որ իր երկրպագուների առջեւ երդմնազանց չի կարող լինել: Սիրողական իմ դիտարկմանը պրոֆեսիոնալ կարծիք հավելենքՙ «Փոքր ֆորմատով Մայք Թայսոն», իր հետնորդին այսպես բնութագրեց Գերմանիայի բռնցքամարտի թագուհի Ռեգինա Հալմիխը, ով Յան Շտեկերի հետ նույն դահլիճում տեղադրված բարձր հարթակից հետեւում էր մրցելույթին ու հեռուստատեսության համար խաղը մեկնաբանում: Իսկ ռինգում ծավալվող անզիջում գոյամարտին կարելի էր հետեւել ոչ միայն 106,8 եվրո արժողությամբ նստատեղից, այլեւ դահլիճում տեղադրված երկու էկրաններից, այսինքնՙ նաեւ այնպես, ինչպես տանը հեռուստացույցով ես հետեւում:

Երբ Շեյնի Մարտինըՙ Մեծ Բրիտանիայի դրոշը շորտ դարձրած հայտնվեց արենայում, ցրվեց այն ենթադրությունը, թե տոմսերը սպառել են միայն գերմանաբնակները կամՙ Սյուզիի երկրպագուները: Բրիտանացիները, ճիշտ է, քիչ էին, բայց իրենց ֆորտեն թափ էր հավաքում: Այնուհետեւ երեւաց բաց մանուշակագույն փեշ հագած Սյուզինՙ կարծես հատուկ ընդգծելով, որ Killer-ի կողքին միշտ Queen-նն էլ կա: Իմ թիկունքումՙ պոլսահայեր, ձախ կողքիսՙ տարբեր մաշկի գույն ունեցող 18-20 տարեկան աղջիկ-տղաների մի մեծ բանակ, աջ կողքիսՙ վենետիկցի ռեստորանատերն ու նեապոլիտանցի աշխատակիցները ուՙ ֆորտիսիմոների այնպիսիՙ առանց գոնե քառորդ պաուզայի մի ընթացք, որ դժվար էր չվարակվել: Ու այդպեսՙ ամբողջ մրցամարտի ընթացքում, երբ Սյուզին մեկ աջ, մեկ ձախ բռունցքով հարվածների կարկուտ էր տեղում:

«Ծանր մրցամարտը բռնցքամարտի բաղկացուցիչն է», ասել էր Սյուզին «Ազգի» հետ հարցազրույցում: Ռինգում այս անգամ էլ արյուն երեւաց. Սյուզիի ձախ հոնքը թեթեւ արնահոսում էր, Շեյնիի քթի առատ արնահոսությունը դժվար թե հետագայում անհետեւանք մնար, եթե երրորդ ռաունդը չավարտված Բրիտանիայի սպիտակ-կարմիր-կապույտ դրոշը գետին չտապալվեր ու մրցավարը չավարտեր խաղը:

Շեյնիի աչքերում արցունքներ կային, դահլիճը ցնծում էրՙ «Սյուզի» վանկարկելով: Մեկի հաջողությունը մյուսի պարտությունն է: Իսկ երկրպագուները սիրում են նրանց, ովքեր հաղթանակի բերկրանքն են նվիրում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Դյուսսելդորֆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4