Այս համոզմանն է «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ տնօրեն Արմեն Ավագյանը
Ներկայացնելով կազմակերպության ստեղծման նախապատմությունն ու գործակալության առաքելության շրջանակները, «Ազգի» հետ զրույցում Ա. Ավագյանը նշեց, որ «Զարգացման արցախյան գործակալություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը ստեղծվել է 2005-ին: Իրականացնում է մի շարք համալիր ծրագրեր ու միջոցառումներ, մասնավորապեսՙ ձեռնարկատիրության աջակցություն, այդ թվումՙ ֆինանսական, խորհրդատվական, տեղեկատվական, իրավաբանական եւ այլ ծառայությունների մատուցում, տնտեսական կապերի ստեղծում, ապրանքների արտահանման եւ ներդրումների խթանում, հետներդրումային ծրագրերի իրականացում:
Տնօրենի խոսքով, ԼՂՀ-ն պատերազմական գործողությունների հետեւանքով ժառանգություն էր ստացել քանդված ու ավերված տնտեսություն: Սկսած 1995-ից, շուկայական հարաբերությունների ձեւավորմանն ուղղված տնտեսական եւ կառուցվածքային արմատական բարեփոխումների, մասնավորապես ներդրումների շնորհիվ հնարավոր դարձավ կանխել արտադրության անկումն ու ապահովել տնտեսական աճ:
Մեր այն հարցին, թե ինչքանո՞վ է ԼՂՀ-ն ներդրումների համար ռիսկային, որպիսին երբեմն ներկայացվում է, Ա. Ավագյանը պատասխանեց.
- Նման ձեւակերպմանը ես համաձայն չեմ: Վերջին հինգ տարիների ընթացքում, օրինակ, ԼՂՀ տնտեսության մեջ ավելի քան 60,0 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ են իրականացվել այնպիսի երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Շվեյցարիան, Իրանը, Լիբանանը, Ավստրալիան:
Ներդրումների ներգրավման եւ գործարարության զարգացման նպատակով իրականացվող ներդրումային քաղաքականության շնորհիվ այսօր հանրապետությունում ստեղծված են նպաստավոր պայմաններ, որոնցից կարեւորվում են քաղաքական կայունությունը, բարձրորակ մասնագետների առկայությունը, բանկային կայուն համակարգը, պետական գույքի արտոնյալ պայմաններով մասնավորեցումը` ներդրումային հատուկ ծրագրերով, մեղմ հարկային դաշտը, գործարարության աջակցմանն ու օտարերկրյա ներդնողների շահերի պաշտպանությանն ուղղված համապատասխան օրենսդրական դաշտի եւ գործարարությանը մատուցող ծառայությունների առկայությունը:
Ընդգծելով հարկային բարենպաստ դաշտի առկայությունը, ԶԱԳ-ի տնօրենը նշեց, որ մի շարք հարկատեսակների գծով գործող դրույքաչափերը բավականին ցածր են, արտոնություններ են սահմանվում ներդրումների իրականացման դեպքում: Այսպես` շահութահարկի դրույքաչափը 5 տոկոս է: Միաժամանակ շահութահարկի գումարը նվազեցվում է 25 մլն դրամից ավելի ներդրումներ կատարած տնտեսավարող սուբյեկտների համար 1-4 տարի ժամկետով` 100 տոկոսով, իսկ հետագա 2-3 տարիներին` 50 տոկոսով, կախված ներդրումների ծավալից:
Առկա են մի շարք գործոններ, որոնք առավել արդյունավետ են դարձնում ներդրումների իրականացումը. օգտակար հանածոների արդյունահանման համար առավել նվազագույն վճարները, էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրատեսակները, որոնց բազայի վրա կարելի է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների վերամշակման արտադրություններ, համապատասխան ջրային ռեսուրսների եւ ռելիեֆի առկայությունը, որը հնարավորություն է տալիս նվազագույն ծախսերով ստեղծելու փոքր հիդրոէլեկտրակայաններ, գեղատեսիլ բնությունն ու տուրիզմի ներուժը, որը խթանում է շահութաբեր տուրիստական բիզնեսի կազմակերպումը:
Գործակալությունը նաեւ վարկեր է տրամադրում փոքր ու միջին ձեռնարկատերերին. առ այսօր ֆինանսավորման է ներկայացվել 405 բիզնես-ծրագիր, եւ ստեղծվել է 1500 աշխատատեղ:
ԼՂՀ-ում վարկային ծրագիրն իրականացվում է գործակալ բանկի` «Արցախբանկի» միջոցով, որի հետ կնքված է համապատասխան գործակալության պայմանագիր: Համաձայան պայմանագրի` վարկային ռիսկը կրում է գործակալ բանկը, որի դիմաց վերջինիս են վերապահված վարկի ապահովվածության դիմաց գրավադրումը: Այս մեխանիզմը, ըստ Ա. Ավագյանի, արդյունավետ է այն տեսանկյունից, որ այստեղ պետությունը միանշանակ երաշխավորում է իր վարկային ռեսուրսների լրիվ վերադարձը, որպեսզի այդ գումարներն ուղղի նշված ծրագրի հետագա շարունակմանը:
Շրջաններում տնտեսվարող սուբյեկտները նույնպես կարողանում են օգտվել վարկային ծրագրից: Մինչեւ այսօր ֆինանսավորվել է մոտ 2335,9 մլն դրամ ընդհանուր գումարով 409 բիզնես-ծրագիր, որից 1355,7 մլն դրամ ընդհանուր գումարով 236 բիզնես-ծրագրերը պատկանում են շրջանների տնտեսավարող սուբյեկտներին:
Կան խնդիրներ` կապված գրավի հետ: Հաճախ ծրագրերը չեն ֆինանսավորվում հենց գրավի առարկայի բացակայության պատճառով: Միեւնույն ժամանակ, տնօրենի խոսքով, շրջաններին ուղղվող վարկային ռեսուրսների ծավալների պահպանման նպատակով մշակվել է նոր մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս ֆինանսավորելու նաեւ համապատասխան գրավի առարկա չունեցող հայտատուների վարկային հայտերը: Կարեւորելով ԼՂՀ-ում խաղողագործության զարգացումը, գործակալության տնօրենի տեղեկատվությամբ, նշված մեխանիզմով ֆինանսավորվել են կոլեկտիվ հիմունքներով խաղողագործության ծրագրեր: Ներկա դրությամբ հաստատվել եւ ֆինանսավորման է ներկայացվել կոլեկտիվ հիմունքներով խաղողագործության 16 ծրագիր` 382 մլն դրամ ընդհանուր գումարով, որի շնորհիվ հիմնադրվում է եւս 117 հա խաղողայգի եւ կստեղծվի 105 աշխատատեղ:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ