33-րդ թաղամասի բնակիչներին հավաստիացրեց քաղաքապետ Երվանդ Զախարյանը
33-րդ թաղամասի կամ ինչպես ասում ենՙ «Ֆիրդուսնոցի» բնակիչների հետ Երվանդ Զախարյանի երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ թաղամասի բնակիչները ներկայացրին իրենց հիմնախնդիրները, անդրադարձան ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին: Նրանցից շատերը, որոնց գույքային իրավունքների ճանաչման հարցն արդեն լուծված է, իրենց երախտագիտությունն էին հայտնում քաղաքապետին:
Ֆիրդուսցիները շնորհակալական նամակ էին հղել վարչապետին եւ քաղաքապետին: Նամակում Տիգրան Մեծի պողոտայի, Խանջյան եւ Ֆիրդուսու փողոցների բնակիչները, հիշատակելով մի քանի ամիս առաջ տեղի ունեցած իրենց հանդիպումը վարչապետի հետ, նշում էին, որ դրանից հետո իրենց խնդիրների լուծման հարցում կտրուկ դրական փոփոխություններ եղան: Մասնավորապես ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով, որն ուսումնասիրեց եւ լուծումներ տվեց բնակիչների խնդիրներին: Բնակիչները հույս էին հայտնում, որ մյուսների դեռեւս չլուծված գույքային հարցերը նույնպես կլուծվեն նույն ոգով:
Բնակիչների մյուս մասը, որոնց խնդիրները դեռ գտնվում են քննարկման փուլում, քաղաքապետի հետ հանդիպման առիթն օգտագործելով իրենց հուզող հարցերն ուղղեցին նրան: Իսկ խնդիրները բազում էին եւ տարատեսակ: Ոմանք ունեին իրենց զբաղեցրած հողի սեփականության ճանաչման խնդիր, մյուսներըՙ խնդրում էին Երվանդ Զախարյանին աջակցել բնակարանային բարելավում ստանալու համար: Կային անգամ բնակիչներ, որոնք միմյանց միջեւ վիճելի հարցեր ունեին եւ խնդրում էին քաղաքապետին վիճելի հարցերը լուծել այնպես, որ հարկադրված չլինեն դիմել դատական ատյաններին:
Լսելով թաղամասի բնակիչներին, Երվանդ Զախարյանը պարզաբանումներ տվեց նրանց հարցերի վերաբերյալ: Նա խոստացավ հնարավորինս աջակցել բոլոր խնդիրների լուծմանը: Ըստ քաղաքապետի, միջգերատեսչական հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են քաղաքապետարանի, կադաստրի պետական կոմիտեի, ազգային արխիվի ներկայացուցիչները, դեռեւս շարունակում է գույքագրման աշխատանքները: Դրանք կավարտվեն առաջիկա 15-20 օրվա ընթացքում:
Այն բոլոր խնդիրների կապակցությամբ, որոնք հանձնաժողովի լուծման իրավասությունից դուրս կլինեն, քաղաքապետը խոստացավ առանձին ընդունելություն կազմակերպել եւ լուծումներ գտնել: Նա վերստին հավաստիացրեց, որ այն բնակիչները, որոնք տասնամյակներ շարունակ ապրել են իրենց զբաղեցրած տարածքներում, կստանան սեփականության վկայականներ:
Լրագրողների հարցերին պատասխանելով, Երվանդ Զախարյանը հիշեցրեց, որ մոտ երեք ամիս առաջ վարչապետը հանձնարարեց իրեն ուսումնասիրել բնակիչների բարձրացրած հարցերը, որից հետո էլ ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողովը: Վերջինիս գործունեության ընթացքում 33-րդ թաղամասի 238 ընտանիքների գույքային միավորներից մոտ 70-ի սեփականության իրավունքն արդեն ճանաչվել է: Մնացածի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են:
Գույքագրման եւ սեփականության իրավունքի ճանաչման աշխատանքներ են տարվում նաեւ մայրաքաղաքի այլ տարածքներում: Քաղաքապետը հայտնեց, որ Կոնդում (որին «Ազգն» առանձին անդրադարձել է - Ա.Մ.) ճանաչվել է 535 գույքային միավորի նկատմամբ սեփականության իրավունքը եւ աշխատանքներն այստեղ շարունակվում են: Կոզեռն թաղամասում այդ աշխատանքներն արդեն ավարտվել են: Փոխարենը նման աշխատանքներ են սկսվել Մյասնիկյան պողոտայի շրջակայքում, Նորքի այգիներում, Մանանդյան փողոցում, Նորագյուղում: Մասնավորապես Նորագյուղում, որտեղ շուրջ 2000 միավոր գույք կա, 60-ն արդեն գույքագրվել է:
«Յուրաքանչյուր միավոր պետք է չափագրվի եւ ճշգրիտ չափագրվի, ապա գրանցվի: Սակայն դա չի վերաբերում այն ինքնակամ կառույցներին, որոնք կառուցվել են պետական կամ համայնքային հողերի վրա վերջին տարիներին», փաստեց քաղաքապետը, ասելով, որ համաձայն գործող օրենքի, դրանց համար առանձին մոտեցում է նախատեսված:
«Ինչպիսի՞ փոխհատուցում է տրվելու «Ֆիրդուսնոցի» բնակիչներին» հարցին պատասխանելով, Երվանդ Զախարյանը հայտնեց, որ առաջարկվելու են փոխհատուցման մի քանի տարբերակներ: Արդեն կան կառուցապատողի հետ պայմանագրեր ունեցող բնակիչներ, որոնց բնակարաններ կտրվեն «Արարատ» գինու կոմբինատին հարակից տարածքում կառուցվող նոր շենքում: Կան քաղաքացիներ, որոնք դեռ չունեն պայմանագրեր, բայց նույնպես համաձայնություն են տվել բնակարան ստանալու վերոնշյալ նորակառույց շենքում:
Ցանկացողներին գումարային փոխհատուցում կտրվի անկախ գնահատողի սահմանած գույքի շուկայական արժեքի հիման վրա: Երվանդ Զախարյանը նշեց, որ քաղաքապետարանը գույքի շուկայական արժեքը որոշելու հարցում որեւէ իրավասություն չունի:
Մեկ այլ տարբերակ էլ այն է, որ թաղամասի բնակիչները կարող են բնակարաններ ստանալ տեղում կառուցվող բնակելի շենքում: Քաղաքապետը ներկաներին հայտնեց նաեւ, որ իրացված տարածքում կկառուցվեն բնակելի շենքեր, առեւտրի կենտրոն, զբոսայգի, մանկապարեզ: Կառուցապատման ենթակա տարածքները լոտերով չեն վաճառվելու, դրանք կառուցապատելու է մեկ ընկերություն:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ