«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2007-09-15 | #169, 2007-09-18 | #170, 2007-09-19


«ԵՍ ՔՈ ՀԱՐՑԵՐԻՆ ՉԵՄ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ, ԴՈՒ ՊԱՏՎԵՐ ԵՍ ԿԱՏԱՐՈՒՄ»

Դատավորի հարցերին ի պատասխան արձագանքեց Ժիրայր Սեֆիլյանը

Վերաքննիչ դատարանում երեկ շարունակվեց «Ազատագրված տարածքների պաշտպանություն», «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնությունների համակարգող Ժիրայր Սեֆիլյանի, նախաձեռնությունների անդամ Վարդան Մալխասյանի եւ նրանց ընկեր Վահան Արոյանի գործով դատավարությունը: Մինչեւ աշխատանքային օրվա ավարտը շարունակված դատավարության ժամանակ դատարանը հրապարակեց խուզարկություններով ձեռք բերված նյութերը, մեղադրական ապացույցները, մի քանի անգամ մերժեց մեղադրյալների պաշտպանների մի քանի միջնորդությունները, հրապարակեց հասարակական նախաձեռնությունների հավաքի ժամանակ Մալխասյանի եւ Սեֆիլյանի հնչեցրած ելույթները:

Սեֆիլյանի ելույթի վերաբերյալ դատավոր Մհեր Արղամանյանը մի քանի հարց ուղղեց Ժիրայր Սեֆիլյանին, որոնց նա չարձագանքեց: Դատավորի պնդումից հետո Սեֆիլյանն ասաց. «Ես քո հարցերին չեմ պատասխանում, դու պատվեր ես կատարում»: «Ցուցմունք չտալը Ձեր իրավունքն է, հարցեր տալը` իմ իրավունքը», արձագանքեց դատավոր Արղամանյանը, ում պահվածքը բավական ուշագրավ հակազդեցության արժանացավ: Նրա մերթ ժպիտով եւ բարեհամբույր պահվածքին հանկարծ հաջորդում էին «լռեք, գնացեք դրսում գոռացեք» արտահայտությունը: Իսկ երբ Մալխասյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանն ասաց, թե դատավոր Արղամանյանի դեմքի միմիկան իրեն չի դրդում մտածել դատավորի անաչառության մասին, դատավորն արձագանքեց. «Հակառակը, ես ուզում եմ ճշմարտությունն իմանալ. սա իմ դեմքի միմիկան է»: Դատավարությանը մասնակցում էր նաեւ դատավոր, վերաքննիչ դատարանի նախագահ Մհեր Խաչատրյանը, իսկ երրորդ դատավոր Արմեն Դանիելյանն արդեն երկրորդ նիստն է, որեւէ բառ չի արտասանում նիստի ժամանակ:

Մինչ դատավարության սկիզբը ամբաստանյալների ընկեր-բարեկամները դրսում ցույց էին կազմակերպել` դատարանից պահանջելով ազատ արձակել Սեֆիլյանին եւ Մալխասյանին: «Ազատություն ամբաստանյալներին, անաչառություն դատարանին» հորդորներից հետո մեղադրյալների ընկերներն անցան դատարանի դահլիճ, որն, ինչպես միշտ, երեկ էլ լեփ-լեցուն էր:

Դատարանը դատավարությունը հետաձգեց մինչեւ սեպտեմբերի 25-ը, ժամը 11.30-ը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4