Կոմիտասի պողոտայի շինարարությունը խոստանում են ավարտել մինչեւ տարեվերջ
60-70-ականներին կառուցված հինգ դպրոց Երեւանում եւ մեկական դպրոց Գյումրի, Վանաձոր, Մարտունի, Հրազդան եւ Աշտարակ քաղաքներում ամենաուշը հաջորդ տարի աշակերտական խմբերն իրենց դասերը կանցկացնեն լավ կահավորված, ամրացված ու վերակառուցված դասարաններում: «Լինսի» հիմնադրամի միջոցներով հիշատակված դպրոցները կունենան այն բոլոր անհրաժեշտ պայմանները, որ ժամանակակից իրականության համար մեծապես ցանկալի են:
Երեկ հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանը եւ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը շրջայց կատարեցին ինչպես մայրաքաղաքի նորոգվող դպրոցներում, այնպես էլ «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող ճանապարհների շինարարական հրապարակներում:
Հարութ Սասունյանն այցի ընթացքում նշեց, որ վերջին անգամ վերակառուցվող դպրոցներում եղել է անցյալ տարվա սեպտեմբերին: «Մեծ առաջադիմություն կա բոլոր ծրագրերում, որ այսօր տեսա թե՛ դպրոցները եւ թե՛ ճանապարհները: Տպավորված եմ թե՛ որակյալ աշխատանքից, թե՛ արագ աշխատանքից, եւ հուսամ, որ մեծ մասը կավարտվի մինչեւ ձմեռվա սկիզբը, բայց դպրոցների ներքին աշխատանքը պիտի շարունակվի ձմեռվա ընթացքում»:
Ինչ վերաբերում է Հայաստանում «Լինսի» հիմնադրամի հետագա գործունեությանն ու որեւէ այլ ծրագիր ֆինանսավորելուն, ապա Հարութ Սասունյանն ընդգծեց, որ ներկա դրությամբ հիմնադրամը կենտրոնանում է առկա ծրագրերի վրա, որոնց ավարտման ժամկետը 2008-ի սեպտեմբերն է: «Մինչ այդ որեւէ այլ ծրագրի մասին խոսք չկա», հայտարարեց Սասունյանը: Ամեն դեպքում, ներկա ծրագրերով արված աշխատանքը, Սասունյանի գնահատմամբ, գոհացուցիչ է եւ որակյալ:
«Դպրոցաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն Հրայր Սարգսյանի խոսքերով, 10 դպրոցների վերակառուցման առնչությամբ հիմնականում ավարտված են ուժեղացման աշխատանքները: «Դպրոցները ոչ թե սովորական վերանորոգվում են, այլ վերակառուցվում, համապատասխանեցվում են գործող սեյսմիկ նորմաներին, 12-ամյա կրթակարգերին` հոսքերի տարանջատմամբ, ժամանակակից կահավորանքով, բարեկարգմամբ, լոկալ ջեռուցման համակարգով, սպորտհրապարակների կառուցմամբ: Գրեթե բոլոր դպրոցներում կառուցվում է երկրորդ մարզադահլիճ: Դպրոցներում ունենալու են շերտավարագույրներ, վերջնական կահավորված գույք, մարզադահլիճներում կահավորանք, հանդիսությունների դահլիճներում նույնպես», հավաստիացրեց ԾԻԳ-ի տնօրենը:
Ըստ Սարգսյանի, նախատեսվում է աշխատանքներն ավարտել 2008-ի ապրիլին, բայց որոշ դպրոցներ կփորձեն ավարտել ժամանակից շուտ: Ընդ որում, գրեթե բոլոր դպրոցներում կառուցվում են նոր մասնաշենքեր, տարածքները կկանաչապատվեն, կկառուցապատվեն, դպրոցները կունենան լաբորատորիաներ, բուժկետեր, նորմալ ու հագեցած գրադարաններ, ռեկրեացիոն գոտի, արտաքին լուսավորություն, անգամ ռադիոհանգույց, բեմի սարքավորումներ եւ այլն: Ծրագրի իրականացման համար «Լինսի» հիմնադրամից ընդհանուր առմամբ տրամադրվել է 18,6 մլն դոլար:
«Լինսի» հիմնադրամի միջոցներով իրականացվում են նաեւ շինարարական աշխատանքներ Սարալանջի մայրուղու եւ Տիգրան Մեծի պողոտայում, ուր եւս այցելեցին Հարութ Սասունյանն ու Արմեն Գեւորգյանը: «Ճանապարհաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն Էդուարդ Բեզոյանի խոսքերով, Սարալանջ կոչվող մայրուղին «Երեւանի փողոցներ» կոչվող ծրագրով իրականացվող ամենաբարդ կառույցն է, ընդգրկում է երեք խոշոր տրանսպորտային հանգույցներ:
«Դրանք երկու մայրուղիների հատման հատվածներ են, որոնք երթեւեկությունը դարձնում են անընդհատ, այսինքն` լուսացույցներ չեն լինելու: Առաջին փուլի իրականացմամբ բաց կթողնվի երթեւեկությունը կամրջի վրայով, կանցնեն երկրորդ փուլին: Ամբողջ մայրուղու երկարությունը մոտ երկուսուկես կիլոմետր է, ունի երեք էստակադաներ, մեկ ուղեանց, մեկ թունել», նշեց Բեզոյանը:
Մայրուղին կարեւոր է Երեւան քաղաքի համար եւ փոքր շրջանցիկ ճանապարհ է, որ կապում է Կենտրոնը Կոմիտասի պողոտայի հետ եւ հետագայում կշարունակվի դեպի Աշտարակի մայրուղի: Այս ծրագիրը մոտ 15 մլն դոլար արժեք ունի, ամբողջ համալիրը կավարտվի 2008-ի ապրիլ-մայիս ամիսներին: Ընդհանուր առմամբ, ամբողջ քաղաքի փողոցների վերականգնման ծրագրին «Լինսի» հիմնադրամից հատկացվել է 20,9 մլն դոլար: Ծրագիրը պիտի ավարտվի 2008-ին, առանձին փողոցներ` Տիգրան Մեծի պողոտան կավարտեն այս տարի, Կոմիտասի պողոտան` տարվա վերջում:
Ավելի պարզ բացատրության դեպքում, Սարալանջի մայրուղու կառուցմամբ հնարավոր կլինի երկաթգծային կայարանից Տիգրան Մեծի պողոտայով, Հերացու փողոցով, ապա հենց Սարալանջի մայրուղով դուրս գալ Կոմիտասի պողոտա շրջանցիկ եւ շատ ավելի հարմար ճանապարհով, քան երեւանյան կենտրոնական փողոցների հավերժական խցանումների միջով:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ