Կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 18-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, որոշեց հաստատել «Ապահովագրական եւ ապահովագրական միջնորդային գործունեության լիցենզավորումը, ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ապահովագրական ընկերության գործունեության ծրագրի ներկայացման կարգը, ձեւը եւ ժամկետները, ապահովագրական ընկերության եւ ապահովագրական միջնորդային ընկերության ղեկավարների ու պատասխանատու անձանց որակավորումը, ապահովագրական ընկերության ղեկավարների, ապահովագրական միջնորդի պատասխանատու անձանց թեկնածուների մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 3/01-ը եւ «Վերաապահովագրողներին չարգելված եւ հուսալի համարելու չափանիշները» կանոնակարգ 3/05-ը:
Խորհրդի որոշմամբ փոփոխություններ եւ լրացումներ կատարվեցին «Բանկերի եւ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի եւ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը եւ գրանցումը» կանոնակարգ 1-ում, «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում, «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը եւ կարգավորումը» կանոնակարգ 10-ում, «Մասնագիտացված անձանց կողմից հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթղթերի տրամադրման կարգում»:
Խորհուրդը որոշեց գրանցել եւ լիցենզավորել «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ առեւտրային կոոպերատիվը, հաշվառել ««ԱՐԵԳԱԿ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի Արթիկի ներկայացուցչությունը, գրանցել «ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» ՓԲԸ-ի ազդագիրը ներառող արժեթղթի գրանցման հայտարարագիրը, ինչպես նաեւ չառարկել «Հայաստանի ֆոնդային բորսա» ԻԿԿ-ում ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԲԸ-ի եւ «ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ-ի արժեկտրոնային անվանական պարտատոմսերի գրանցմանը:
Կասեցվեցին «Ալինվեստ» ՍՊԸ-ի, «Սարինյան եւ ընկ.» ինվեստիցիոն ՍՊԸ-ի եւ «Տոնտոն» ՍՊԸ բրոքերային գործունեության լիցենզիաների գործողությունները, իսկ «Սարինյան եւ ընկերներ» ինվեստիցիոն ՍՊԸ-ի հավատարմագրային կառավարման գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցվեցՙ իր դիմումի համաձայն:
ԿԲ մամուլի ծառայություն