«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2007-09-15 | #169, 2007-09-18 | #170, 2007-09-19


ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՔՆՆԻՉՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

Ատրպատականի առաջնորդարանից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի քննիչ Բրեբիսը սեպտեմբերի 6-9 աշխատանքային այց է կատարել Ատրպատականի պատմական սրբավայրեր: «Տեսանք ու շոշափեցինք այս պատմական սրբավայրերը, մեր կազմակերպության պաշտոնական տեսակետը կհայտնենք շուտով», Ս. Թադեի Վանքում հայտարարել է Բրեբիսը: Այցի ընթացքում նրան ուղեկցել են Իրանի մշակութային ժառանգության պատասխանատուներ Թեհրանից, Թավրիզից եւ Ուրմիայից, ինչպես նաեւ ճարտարապետ Վարուժան Առաքելյանը եւ Իրանի եկեղեցիների պաշտպանության պատասխանատու տիկ. Շերլի Ավետյանը: Քննչական խումբը մեկնել է Ս. Ստեփանոս Նախավկայի վանք, ուր այդ պահին մատուցվել է պատարագ Ուրմիո հոգեւոր հովիվ Անանիա աբեղա Գուճանյանի գլխավորությամբ, մասնակցությամբ մի խումբ ուրմիահայերի եւ թավրիզահայերի: Պատվիրակությունը այցելել է նաեւ Դարաշամի Ս. Աստվածածին եկեղեցին ու պատմական գյուղը, որ գտնվում է Արաքս գետի ափին: Սրբազան հայրը Արամ Ա կաթողիկոսի անունից ողջունել է տեր եւ տիկին Բրեբիսներին: Պատարագից հետո հյուրերը մտերմիկ զրույց են ունեցել սրբազան հոր հետ: Սրբազանի հարցին պատասխանելով, պրն Բրեբիսը ասել է. «Մե՜ծ հիասթափությամբ դիտեցինք Հին Ջուղայի պատմական գերեզմանատան ամբողջական բնաջնջման տեսարանը Արաքսի ափից... Ի՜նչ ահավոր քաղաքական ինքնասպանություն գործեցին որոշ երկրներՙ ավերելով այս սրբավայրերը»:

Մինչեւ ուշ գիշեր վանքի համալիրում նրանք կատարել են ուսումնասիրություններ, ընդարձակ տեղեկություններ հավաքելով վանքի ու նրա շուրջը գտնվող մյուս մատուռների եւ գերեզմանատների մասին:

Նախքան Թավրիզ մեկնելը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատասխանատուն ասել է. «2008-ի փետրվարին Փարիզում տեղի ունենալիք կազմակերպության ընդհանուր ժողովում 42 մասնագետներ կքվեարկեն թեմի վանքերը գրանցելու համար, եւ հուսով եմ, պատասխանը դրական կլինի»:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4