ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը մտավ կյանքի նոր փուլՙ լրացավ դերասանի 65-ամյակը: Դերասանը խոստովանում է, որ իր անցած ստեղծագործական ճանապարհից գոհ է: Այդ տարիների ընթացքում ունեցել է բազմաթիվ մեծ ու փոքր հաղթանակներ, խաղացել է ավելի քան 25 ֆիլմում, տասնյակ ներկայացումներում, արժանացել է Մ. Խորենացու անվան շքանշանի, մշակույթի ոսկե մեդալի, Ուկրաինայումՙ «Հավատարմություն եւ պատիվ» շքանշանի եւ լիիրավ վայելում է ինչպես հայ, այնպես էլ հարեւան ժողովուրդների հանդիսատեսի սերն ու համակրանքը:
«Երբեք հապճեպ որոշումներ չեմ կայացնում: Երկար խորհում եմ, քննարկում տարբերակներ եւ ընդունում կշռադատված որոշումներ: Իհարկե, անցած ստեղծագործական ուղուց գոհ եմ, սակայն սա դեռ վերջը չէ: Ունեմ շատ երազանքներ, գաղափարներ, որոնք պետք է իրականացնեմ»:
Հաճախ նրան անվանում են «հմայիչ սատանա», որ խաղում է միայն բեմի վրա, իսկ կյանքում սովորական մահկանացու էՙ թերություններով եւ առավելություններով: Թերեւս, նա թատրոնի ու կինոյի ամենասիրված ու սպասված դերասաններից մեկն է: Եվ այսօրՙ տասնամյակներ անց ունի համակիրների եւ համախոհների հսկայական բանակ: Ասում է, որ սպասում է կատարյալ երջանկության եւ հենց այդ սպասողական իրավիճակն ու անհասանելիին ձգտելու անհաղթահարելի ցանկությունը նրան ուրախություն է պատճառում: Քոթանջյանին լիակատար երջանկություն է պարգեւում հատկապես աշխատանքը:
Երբ ներկայացումն ավարտվում է, ծափահարությունները դադարում են, իսկ լույսերը հանգչում, դերասանը մնում է մենակՙ ինքն իր հետ: «Գալիս է ֆիզիկական հոգնածություն, որը շատ հաճելի է: Դա կարծես ներքին բավարարություն է, երբ հանդիսատեսից ստանում ես այն ջերմությունը, էներգիան, որին սպասում ես, որը քեզ ոգեշնչում է եւ դրդում նոր ուժով ստեղծագործելու»:
Դերասանն իր 65-ամյակի կապակցությամբ կազմակերպել էր հոբելյանական միջոցառում: Դա Գուրգեն Խանջյանի «Աթոռացավ» ներկայացումն է, բայց բենեֆիսային տարբերակով: Ներկայացումից հետո տեղի ունեցավ մեծարման երեկո, որից հետո «Ոսկե ծիրան» կինոփառատոնը նրան շնորհեց հատուկ մրցանակՙ կինոարվեստում մեծ ներդրման համար: Հոբելյանական միջոցառումից հետո դերասանը մեկնեց Անապա, որտեղ «Շոկ» փառատոնի շրջանակներում տեղի կունենա դերասանի մեծարման երեկո:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ