«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2007-09-15 | #169, 2007-09-18 | #170, 2007-09-19


ՆՓԱԿ-Ը` ԵՐԵՎԱՆ-ՏԱԳՆԱՊԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Քաղաքային կյանքի այսօրվա տագնապը որքանով է պատճառաբանված: Երեւան-XXI դար. 2007 թվական. տագնապ եւ դրա հանդեպ արվեստագետի վերաբերմունք: Անցյալում է Երեւանի քաղաքային այն մթնոլորտը, ուր մտավորական միջավայր ու շարժում կար, հիմա քաոսի ժամանակներն են` շուրջբոլոր շինարարական սարդոստայնով, նյարդ եւ ուղեղ սղոցող մեքենաների խճողումներով` կպչուն շոգի ու աղբակույտերի թանձրույթով: Քաղաքը լողում է կրքերի մութ սահանքներում: Նրա պաշտպանության տագնապի ահազանգը բարձրանում է մեռնող ծառերի արմատներից մինչեւ փոշուց շնչահեղձ սաղարթները, տարածվում աջ ու ձախ. իրեն լսելի դարձնելու թույլ ճիգերով: Քաղաքը պրկվել-պրկվել է ռեզինի պես ու կորցրել դիմագիծը: «Հետսովետական ազատ շուկայական» անսանձ մթնոլորտում, ագրեսիվ գործարարության եւ բնակչության դեպի Երեւան գրոհը առաջացրել է տագնապային իրավիճակ», գրում է ՆՓԱԿ-ի տնօրեն Էդուարդ Պալասանյանը, տագնապի պատճառները տեսնելով բնակարանների, հողի գների անտրամաբանական աճի եւ դրա հետեւանք ինֆլյացիայի, հասարակական տարածքների (հատկապես կանաչ) հսկայական հատվածները տնտեսական օբյեկտների վերածման, անկանոն կառուցապատման, երթեւեկության խճողումների մեջ. «Հասարակական-հոգեբանական տեսանկյունից Երեւանը մուտք է գործել «քաղաքային տագնապի շրջան», որտեղ շատերս մեզ օտարացած ենք զգում: «Իսկ ո՞վ է այս վիճակի պատասխանատուն: Մենք զբաղված ենք սոսկ ինտելեկտուալ առարկություններով եւ թաքնվում ենք մեր ինտելեկտուալ թաքստոցներում` փախուստ տալով իրականությունից եւ էականից: Արդյո՞ք մենք մեղադրում ենք ուրիշներին մեր ձախողությունների համար»: Ահա հարցադրումներ, որով ՆՓԱԿ-ի պատասխանատուները` Սոնյա Պալասանյանի նախաձեռնությամբ դիմելով արվեստագետներին, ստացան համարժեք անդրադարձներ եւ իրենց մեծ դահլիճները տրամադրվեցին լուսանկարչական, քանդակային, գեղանկարչական, ինստալացիոն եւ այլ արվեստներին: Շուրջ 46 արվեստագետներ արձագանքեցին քաղաքային տագնապի կանչին` արդի արվեստին բնորոշ` ժլատ պրագմատիզմով, ժամանակակից մարդու ներքին վիճակից ելնող երբեմն էլ վանող արտահայտչամիջոցներով, որոնց հետին պլանում պահված գաղափարները երբեմն շատ արժեքավոր մտածողական շերտեր ունեն, քան դրանց դրսեւորումները: Գեղագիտական նոր պահանջներ ու խնդիրներ պարտադրում է միջավայրը, սա առաջացնում է համապատասխան զգացողություն, ճաշակ, ծնում գաղափարներ: Ահավասիկ մի լուսանկարի մակագրություն. «Եվ ամեն հասարակություն կարծում եմ պարտավոր է հանդես գալ ի հակառակ իրեն բաժին ընկած կայսրությանը: Սակայն «Արմենիա» կոչված տարածաշրջանում պայքարը վերածվում է պերմանենտ պարտության» (Էդգար Ամրոյան «Անվերնագիր»): Ահա Երեւանը ըստ Վռամ Հակոբյանի` մուրացիկ կին կամ մի սովորական բոմժ, Լուսինե Խանդիլյանի եւ Գեւորգ Հովակիմյանի «Արձանապատում»-ը, Համլետ Հովսեփյանի «Շինություն»-ը եւ այլն: Կամ` ահա Տիգրան Պասկեւիչյանի Երեւանը, քաղաքի չափածո խրոնիկան պատն ի կախ-«Քաղաքը կանգնում է ոլորված եւ ռեզինով կապված թղթի նման» եւ այսպես անդադար` կյանքի ամենատարբեր բաների զուգորդումներով:

Ներկայացվածների մեջ հետաքրքրական, սրամիտ, երգիծող նյութեր կան, բայց ՆՓԱԿ-ի սրահների անճաշակությունը այս անգամ էլ զրկում է ցուցադրությունը ամբողջական եւ համակարգված ընկալելու հնարավորությունից:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4