«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2007-09-15 | #169, 2007-09-18 | #170, 2007-09-19


ՎԵՐԱԴԱՐՁԻ ՓԱՌԱՏՈՆ

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը, «ՎԻԼՍ» երաժշտական փառատոնը (Գերմանիա) ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ «Վիվասելի» հովանավորությամբ անց են կացնում «Վերադարձի փառատոն»: Փառատոնի բացման հանդիսավոր համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում, սեպտեմբերի 19-ին, ժամը 19-ին: Երեկ փառատոնի կազմակերպիչները եւ մասնակից երաժիշտները հանդիպեցին լրագրողների հետ ու իրենց գոհունակությունը հայտնեցին նման փառատոն կազմակերպելու համար: Իսկ թե ինչպե՞ս հղացավ «Վերադարձի փառատոն» անցկացնելու գաղափարըՙ «Ազգի» հարցին հիմնադրամի ղեկավար, տիկին Մարիամ Շահինյանը պատասխանեց. «Երբ անցկացնում էինք «Ազգային պատկերասրահ» երաժշտական փառատոնը, հանդիպեցի Գերմանիայի «ՎԻԼՍ» երաժշտական փառատոնի հիմնադիր, դիրիժոր Վլադիմիր Խաչատրյանի հետ, բազմաբնույթ առաջարկությունների շարքում ծնվեց հենց «Վերադարձ դասական երաժշտության» փառատոն անցկացնելու գաղափարը»: Փառատոնի 12 օրերի ընթացքում կլինի 7 համերգ, որից 4-ըՙ Արամ Խաչատրյանի, իսկ 3-ըՙ Կոմիտասի անվան կամերային համերգասրահներում: Մեկ բարեգործական համերգ էլ կկայանա Գյումրիում: Փառատոնին կմասնակցեն Բելգիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Գերմանիայից, Իսպանիայից ժամանած հայ աշխարհահռչակ երաժիշտներ, որոնք մեր մշակույթը ներկայացնող դեսպաններն են: Փառատոնի հիմնական նպատակը «կոչ է ուղղված աշխարհասփյուռ բոլոր հայերին, նրանց ուշադրությունը հրավիրել հայրենադարձության խնդրին, սեփական հողում արարելու եւ սերունդների երազանքը իրականացնելու գործին», նշում են կազմակերպիչները:

Փառատոնին բարի երթ ու անկոտրում եռանդ մաղթեցին կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը: Երիտասարդ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը (Գերմանիա), որը վերջերս է արժանացել Էլիզաբեթ թագուհու «Գրան-պրի» մրցանակին, նշեց. «Ինձ համար մեծ պատասխանատվություն է այս փառատոնին մասնակցելը: Ես աշխարհի շատ բեմերում եմ հանդես եկել, սակայն հայ հանդիսատեսը շատ խստապահանջ է ու դասական երաժշտության գիտակ, որն ինձ ավելի ջանք ու լիցքեր է տալիս, եւ ես կրկնակի հուզվում եմ: Չգիտեմ, գուցե հայրենի հողից եկող լիցքերն են ու նաեւ սերը երաժշտության հանդեպ»:

Փառատոնի կազմակերպիչները խոստացան, որ «Վերադարձը» նույնպես կլինի ավանդական, քանի որ ունեն մշտական գլխավոր հովանավոր հանձինՙ «Վիվասել» ընկերության: Փառատոնը կփակվի սեպտեմբերի 30-ին, ծրագրում ընդգրկված կլինեն Ալ. Հարությունյանի եւ Էդ. Միրզոյանի ստեղծագործություններըՙ Նարեկացի արվեստի միության նվագախմբի կատարմամբ (դիրիժորներ Արամ Թալալյան, Վլադիմիր Խաչատրյան, Գերմանիա):

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4