Հոլանդիայի արքայազն Քլաուսի հիմնադրամի «Մշակույթը եւ հակամարտությունը» ամենամյա մրցանակն այս տարի շնորհվել է տարբեր երկրներում ստեղծագործող 11 արվեստագետների, որոնց թվում է նաեւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը:
Հիմնադրամից ստացված էլեկտրոնային հաղորդագրությունը տեղեկացնում է, որ արքայազն Քլաուսի հիմնադրամը մեծ կարեւորություն է տալիս մշակույթի ներգործությանը, այն համարելով ազգամիջյան հակամարտությունները մեղմելու զորավոր ուժ: Մշակութային երկխոսությունը բացում է փոխըմբռնման նորանոր ուղիներ, սերմանելով հարգանք այլոց հանդեպ եւ ուժեղացնելով յուրաքանչյուր ազգի արժանապատվությունն ու հպարտությունը:
Մրցանակի արժանացած կոլումբիացի, բրազիլացի, պաղեստինցի, բոսնիացի, շվեդ եւ այլ արվեստագետների կողքին Հարություն Խաչատրյանը միակ կինոբեմադրիչն է: Նրա ֆիլմերը արքայազն Քլաուսի հիմնադրամին գրավել են հայ իրականության ճշմարտացի ու պոետիկ արտացոլմամբ:
Կինոռեժիսորին մրցանակը կտրվի այս տարվա դեկտեմբերին:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ