Ինչպես տեղեկացնում է Ասոշիեյթեդ պրես գործակալությունը, Իտալիայի ոստիկանությունը գիշերային ակումբներում ստուգումներ անցկացնելով բացահայտել է, որ Իտալիա նոր ժամանած հարյուրավոր արտասահմանցի կանանց պարտադրվում է զբաղվել մարմնավաճառությամբ, որոնց թվում կան նաեւ հայաստանցիներ: Թրաֆիկինգի կասկածանքով ձերբակալվել է 18 մարդ: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները շաբաթ օրը Ֆլորենցիայում կայացած ասուլիսի ժամանակ հայտնել են. «Փաստաթղթերի ձեւակերպմամբ զբաղվող գրասենյակներն օժանդակել են, որպեսզի հարյուրավոր երիտասարդ կանայք Իտալիա մուտք գործեն, հիմնականում Ուկրաինայից, Հայաստանից ու Ղազախստանից, տալով նրանց կատարողական արվեստի ճյուղերում աշխատելու ձեւակերպումներ: Այդ կանայք հիմնականում մարմնավաճառությամբ զբաղվել են գիշերային ակումբներում ու մասնավոր բնակարաններում: Վճարվել են նրանց ճանապարհի եւ կեցության ծախսերը, որից հետո նրանց պարտադրել են զբաղվել մարմնավաճառությամբ: Չնայած Իտալիայում մարմնավաճառությունն անօրինական չի համարվում, սակայն կանանց շահագործումը քրեական օրենսգրքով պատիժ է նախատեսում: Ոստիկանությունը հայտնել է, որ 8 գիշերային ակումբ է փակվել: Կասկածյալները ձերբակալվել են հանցավոր ուղիներով անօրինական ներգաղթ կազմակերպելու, կանանց շահագործելու եւ մարմնավաճառության մղելու համար»:
«Ազգը» փորձեց ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության թրաֆիկինգի դեմ պայքարի բաժնից ճշտել, թե ձերբակալվածների թվում քանի հայեր կան, պարզվեց, որ դեռ պաշտոնական տվյալներ դատախազությունը չի ստացել:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ