«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2007-09-15 | #169, 2007-09-18 | #170, 2007-09-19


ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ. «ՁԳՏԵԼՈՒ ԵՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵԼ»

Բաքվում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի կազմում մրցագորգ դուրս կգա նաեւ Արսեն Ջուլֆալակյանը: Մինչեւ 74 կգ քաշային ըմբիշը հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի որդին է, որը ձգտում է նմանվել անվանի հորը` ընթանալ նրա անցած փառավոր ուղիով: Եվ երիտասարդ ըմբիշն արդարացնում է սպասելիքները: Վերջերս Պեկինում անցկացված ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Արսենը նվաճել էր չեմպիոնի տիտղոսը: Բաքու մեկնելուց առաջ հանդիպեցինք Արսենին:

- Արսեն, քեզ ու հավաքականի ընկերներիդ լուրջ փորձություն է սպասում: Ի՞նչ զգացումներով ու հույսերով ես մեկնում Բաքու:

- Նախ ասեմ, որ ինձ համար բնավ էլ անակնկալ չէր Հայաստանի մեծահասակների հավաքականում ընդգրկվելը, քանի որ այս տարի դարձել էի մեծահասակների հանրապետության չեմպիոն: Ինչպես եւ բոլոր մրցումներին, Բաքու մեկնում եմ շատ մարտական տրամադրվածությամբ: Գիտեք, որ բավական ժամանակ անորոշ էր Բաքվի աշխարհի առաջնությանը մեր մասնակցության հարցը: Իսկ երբ Պեկինից վերադարձա եւ տեղեկացա, որ հավաքականի կազմում մասնակցելու եմ աշխարհի առաջնությանը, սկսեցի անմիջական նախապատրաստությունը պատասխանատու մրցաշարին: Ինչ խոսք, առաջնությունը Բաքվում անցկացնելը լրացուցիչ պատասխանատվություն է մեզ համար եւ պետք է ձգտենք հաջող հանդես գալ, որպեսզի անպայման մեր եռագույնը բարձրացվի ու Հայաստանի օրհներգը հնչի:

- Ի՞նչ ես կարծում, կհաջողվի՞ օլիմպիական ուղեգիր նվաճել: Եթե առաջնությունը Բաքվում չանցկացվեր, գուցե խնդիրներ չծագեին:

- Իմ կարծիքով, Բաքվում էլ չպետք է խնդիրներ ծագեն: Միջազգային օլիմպիական կոմիտեի եւ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարությունը խոստացել են, որ ամեն ինչ նորմալ կընթանա, թե՛ մարզիկների անվտանգության ապահովումը, թե՛ մրցավարությունը բարձր մակարդակի կլինեն: Ինչ վերաբերում է մեր ըմբիշներին, ապա տղաները բոլորն էլ մեծ փորձ ունեն, մասնակցել են մի շարք մրցաշարերի, լավ են նախապատրաստվել աշխարհի առաջնությանը: Սակայն չմոռանանք, որ հակառակորդների թվում մի շարք ուժեղագույն ըմբիշներ են ընդգրկված եւ նրանք էլ Բաքու են ժամանելու օլիմպիական ուղեգրեր նվաճելու: Այնպես որ, բավական համառ ու թեժ մրցակցություն է սպասում, որում պետք է աշխատենք պատվով դուրս գալ: Մեծ նշանակություն կունենա նաեւ այն, թե գոտեմարտելու պահին ինչպես կդրսեւորենք մեզ, հոգեբանական ինչպիսի՞ վիճակում կգտնվենք:

- Փաստորեն, Բաքվի աշխարհի առաջնությունը քեզ համար օլիմպիական խաղերի մասնակցելու առաջին հնարավորությունն է` հորդ փառապանծ ճանապարհով ընթանալու եւ նրա նվաճումը կրկնելու համար:

- Այս առաջնությունը ոչ միայն ինձ, այլեւ հավաքականի բոլոր անդամների համար օլիմպիական ուղեգիր նվաճելու լավագույն հնարավորությունն է, ուստի ուժ ու եռանդ չենք խնայելու նպատակին հասնելու համար:

- Արդեն հայտնի՞ է, թե քանի գոտեմարտ պետք է շահել, որպեսզի ընդգրկվես ութ ուժեղագույնների շարքն ու օլիմպիական ուղեգիր նվաճես:

- 74 կգ քաշային կարգում մոտ 40 ըմբիշ է մրցավեճի բռնվելու, ուստի նվազագույնը հարկավոր է երեք գոտեմարտ շահել:

- Ծանո՞թ ես հիմնական հակառակորդներիդ:

- Այո, շատերի հետ գոտեմարտել եմ, Ադրբեջանից եւս կան: Գլխավոր հակառակորդները Վրաստանից են, շատ լուրջ մրցակից են ռուս եւ ուկրաինացի ըմբիշները: Անցած տարվա Եվրոպայի առաջնությունում շատերին հաղթել եմ: Հուսով եմ, որ Բաքվում էլ ամեն ինչ նորմալ կընթանա: Փառք Աստծո, վնասվածքներ չունեմ:

- Անշուշտ, կարեւոր նշանակություն կունենա վիճակահանությունը: Նաեւ մարզական բախտն էլ պետք է ուղեկցի մարզիկին:

- Համաձայն եմ: Վիճակահանության արդյունքները շատ կարեւոր են: Օրինակ, Պեկինում, աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ վիճակահանությամբ միեւնույն քաշային կարգում ութ ուժեղագույն ըմբիշները մեկ խմբում էին ընդգրկվել: Հուսանք, որ Բաքվում նման բան տեղի չի ունենա:

- Անձնական գործերդ ինչպե՞ս են:

- Ամեն ինչ նորմալ է: Սովորում եմ Երեւանի պետհամալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսում, գերազանցիկ եմ:

- Մեզ մնում է հաջողություն մաղթել քեզ ու թիմակիցներիդ առաջիկա աշխարհի առաջնությունում:

- Շնորհակալություն: Կձգտեմ ուժերիս ներածին չափով հաղթել մրցակիցներիս ու օլիմպիական ուղեգիր նվաճել:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4