«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2007-09-15 | #169, 2007-09-18 | #170, 2007-09-19


ԱՌԱՋԻՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Բաքվում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայտնի դարձան առաջին չեմպիոնները: Մինչեւ 55 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն հռչակվեց իրանցի Սորիան Ռեյխանպուրը, որը եզրափակիչում պարտության մատնեց Կորեայի ներկայացուցիչ Պակ Յուն Չուլին: Բրոնզե մեդալակիրներ դարձան ռուսաստանցի Մանկիեւն ու սերբ Ֆրիսը:

Մինչեւ 60 կգ քաշային կարգում ոսկե մեդալի արժանացավ վրաց ըմբիշ, անցած տարվա աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիր Դավիթ Բեդինաձեն: Նա վճռորոշ գոտեմարտը շահեց ճապոնացի Մակոտու Սասամոտոյից: Բրոնզե մրցանանակիրներ դարձան հարավկորեացի Ջի Նյու Ջունգը եւ ռումինացի Էուսեբիո Դիակոնուն:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մինչեւ 66 կգ քաշային կարգում Արման Ադիկյանն օլիմպիական ուղեգիր էր նվաճել ու հնարավորություն ստացել պայքարելու բրոնզե մեդալի համար: Սակայն մրցանակակիր դառնալ չհաջողվեց: Իսկ չեմպիոնի տիտղոսը նվաճեց Աթենքի օլիմպիադայի ոսկե մեդակալիր, ադրբեջանցի Ֆարիդ Մանսուրովը: Նա եզրափակիչում առավելության հասավ Սթիվ Ժենոյի (Ֆրանսիա) նկատմամբ: Բրոնզե մեդալակիրներ դարձան ամերիկացի Ջաստին Գարի Լեստերը եւ բուլղարացի Նիկոլայ Գերգովը:

Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, Բաքվի Թբիլիսյան պողոտայում գտնվող մարզահամալիրը շրջապատված է ոստիկանության եւ ներքին զորքերի աշխատակիցներով: Մուտքը մարզադահլիճ իրականացվում է անվտանգության ծառայությունների խիստ վերահսկողության ներքո: Դրա պատճառով մարզահամալիրի մատույցներում եւ մուտքի մոտ մարդկանց մեծ կուտակումներ են առաջանում: Ինչպես հայտնի է, Հայաստանի մարզական պատվիրակության անվտանգության ապահովման երաշխիքներ է տվել անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ի դեպ, վերջինս Բաքվում ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Մարտինետիին պարգեւատրել է «փառքի» շքանշանով:

Աշխարհի առաջնության մրցումների երկրորդ օրը Հայաստանի ըմբիշները հաջող սկսեցին ելույթները: Մինչեւ 74 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը տեխնիկական հաղթանակ տարավ Գերմանիան ներկայացնող Ալեհ Միխալովիչի նկատմամբ: 84 կգ քաշային Դենիս Ֆորովն առանց մեծ ջանքերի պարտության մատնեց լեհ ըմբիշ Վոյցեխ Կուկլային: Հաղթական էր մեկնարկը նաեւ Արման Գեղամյանի համար (96 կգ): Նա մեկը մյուսի հետեւից պայքարից դուրս մղեց իր երկու հակառակորդներին եւ մտավ քառորդ եզրափակիչ: Ցավոք մեր երեք ըմբիշները չկարողացան հետագա գոտեմարտերում զարգացնել հաջողությունը, եւ զրկվեցին ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4