Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 16-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես նշվում է. «Հարգելով մեր սեփական ծագումը, մենք ոչ միայն ավելի լավ ենք սկսում հասկանալ ինքներս մեզ, այլեւ սկսում ենք ավելի հարգանքով վերաբերվել մշակույթների եւ սովորույթների լայնածավալությանը, որոնք համալրում են մեր Ոսկե Նահանգը»: Շվարցենեգերը շնորհակալություն է հայտնել նաեւ հայ համայնքին աշխատասիրության համար, որով էլ ավելի է հարստացել Կալիֆոռնիայի նահանգը:
Ադրբեջանցուն հանձնեցին
Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի որոշմամբ, որպես բարի կամքի դրսեւորում, ադրբեջանական կողմին է հանձնվում այդ երկրի քաղաքացի Ջաֆարովը: ԼՂ իշխանությունները հուսով են, որ ադրբեջանական կողմը եւս բարի կամք կդրսեւորի եւ ազատ կարձակի գերության մեջ գտնվող երկու հայերի:
Կրոնի հարցում Հայաստանում փոփոխություններ չկան
Մոտավորապես այսպիսին է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի տարեկան զեկույցը աշխարհում միջկրոնական եւ դավանական հարաբերությունների մասին: Ըստ զեկույցի, Հայաստանում տարբեր կրոնական համայնքների միջեւ հանդուրժողականությունը ընդհանուր առմամբ բարենպաստ է: Սակայն նշվում է, որ հասարակության մեջ բացասական վերաբերմունք կա «Եհովայի վկաների» հանդեպ, որոնք հրաժարվում են ծառայել բանակում:
Աբխազիան կիսում են
Ըստ վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության, Մոսկվայի եւ Սուխումի իշխանությունների միջեւ կա գաղտնի համաձայնություն Աբխազիայի մի մասը Ռուսաստանին հանձնելու մասին: Հեռուստաընկերության լրագրողները պնդում են, որ որոշում է ընդունված ռուս-աբխազական սահմանը Փսոու գետից տեղափոխել 40 կմ հեռու գտնվող Բզիբա գետը: Սա նշանակում է, պնդում են վրացի լրագրողները, որ մոտ 40 կմ-ոց տարածք կանցնի Ռուսաստանին: Ռուսական կողմը իր հերթին հայտարարել է, որ այս տեղեկությունը ինչ-որ մեկի հիվանդ երեւակայությունն է:
Խզել կապերը ADL-ի հետ
Մասաչուսեթս նահանգի Բելմոնթ քաղաքի ղեկավարությունը միաձայն որոշում է ընդունել ընդհատել բոլոր կապերը հրեական «Ընդդեմ զրպարտության լիգա» կազմակերպության հետ: Մինչ այդ նմանատիպ որոշում ընդունել էր Բելմոնթի մարդու իրավունքների հանձնաժողովը եւ նմանատիպ խնդրանքով դիմել քաղաքային իշխանություններին: