«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2007-09-18 | #170, 2007-09-19 | #171, 2007-09-20


«ԵԱՀԿ-Ն ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐ ՖՈՐՈՒՄՆ Է ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԵԼՈՒ»

Հարցազրույց Հայաստանում Իտալիայի դեսպան Մասսիմո Լավեցցո Կասինելլիի հետ

- Մեծարգո դեսպան, թեեւ ընդամենը վերջերս ստանձնեցիք Ձեր դիվանագիտական առաքելությունը Երեւանում, բայց արդեն իսկ հատկանշական կարեւոր առաջընթաց նկատվեց հայ-իտալական հարաբերություններում: Ինչպե՞ս եք տեսնում քաղաքական, դիվանագիտական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների ներկա իրավիճակը եւ ապագա ծրագրերը մոտ ապագայում:

- Ես վստահաբար կարող եմ ասել, որ քաղաքական երկխոսության ներկա մակարդակը Իտալիայի եւ Հայաստանի միջեւ գոհացուցիչ է: Երկու երկրները համագործակցության համաչափ ծրագիր են կիսում երկկողմանիորեն ու Եվրոմիության միջոցով, որը նպատակադրում է նեցուկ կանգնել Հայաստանի շարունակական ջանքերինՙ դեպի կատարյալ ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, բազմակողմանի տեղեկատվություն ու եվրոպական կառույցների հետ ինտեգրացիա: Իմ առաքելության գլխավոր նպատակն է պահպանել ու զարգացնել այս երկխոսությունը: Մյուս կողմից, երկկողմանի տնտեսական հարաբերությունները զարգանում են, բայց տակավին գոհացուցիչ չեն: Տարեկան շրջանառությունը ավելացել է 29-ից (1999) 116 (2006) միլիոն ԱՄՆ դոլար: Սակայն, տակավին շատ անելիք կա այս առումով, հատկապես իտալական ներդրումների առումով: Հետեւաբար ես պիտի փորձեմ հզորացնել տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջեւ: 2007-ին իտալացի ձեռնարկատերերի մի քանի պատվիրակություններ ընդունվել են Երեւանում, մենք սպասում ենք փոքր եւ միջին ձեռնարկությունների վերաբերյալ երկկողմանի հուշագրի գործադրությանըՙ ստորագրված 2005-ին: 2008-ի սկզբին Իտալիայում բիզնես ֆորում է կազմակերպվելու հայ գործարարների համարՙ Իտալիայի արտաքին առեւտրի ինստիտուտի կողմից: Ավելին, սեպտեմբերի կեսերին, տասը հայ կին գործարարներ Բարիում պիտի մասնակցեն կին գործարարների ֆորումինՙ հարավ-արեւելյան Եվրոպայից, Բալկաններից, կասպիական երկրներից եւ Կովկասից մասնակիցներով: Կազմակերպել է Իտալիայի արտաքին առեւտրի նախարար Էմմա Բոնինոն: Այն լինելու է կարեւոր հավաք, նպատակադրված քննարկելու բիզնեսի կարելիությունները եւ ստեղծելու տարածաշրջանային մնայուն ցանց 14 երկրների գործարար կանանց համար, անշուշտ ընդգրկելով Իտալիան:

Մշակութային դիտանկյունից ես արդեն իսկ գտա շատ պտղաբեր համագործակցություն երկու երկրների միջեւ: Այս առիթով ցանկանում եմ մատնանշել, որ Իտալիայի կառավարությունը պիտի համագործակցի 2007-ի աշնանը Հայաստանի մշակութային օրերի կազմակերպմանը Իտալիայում: Հայկական կողմի դիմումից հետո Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը որոշեց այս իրադարձության համար բյուջեից հատկացնել կարեւոր գումարՙ գործադրության դնելու երկկողմանի մշակութային համաձայնությունը: Անշուշտ, նաեւ ծրագրել ենք Հայաստանում ներկայացնել իտալական արվեստի ու հատկապես երաժշտության գլուխգործոցներ: Հետագա մի քանի ամիսների ընթացքում, օրինակ, մենք Երեւանում ցուցադրելու ենք իտալական ճանաչված ֆիլմեր եւ պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի համերգ, առաջին անգամ ԱՊՀ երկրների տարածքում, եւ Ջիակինո Պուչչինիի «Լա Ռոնդին» օպերան:

- Ինչպիսի՞ն է Իտալիայի մասնակցությունը տարածաշրջանում խաղաղություն եւ բարգավաճում հաստատելու միջազգային ջանքերին եւ աշխատանքներին:

- Իտալիան պատրաստ է օգնելու տարածաշրջանի բոլոր երկրներին խաղաղության եւ բարգավաճման հասնելու, օգտագործելով իր քաղաքական ազդեցությունը եւ դիրքը, որպես ԵՄ խմբի անդամի: Մենք այդ անում ենք երկկողմանիորեն, զարգացնելով մեր կապերը այս երկրների հետ (արժանի է նշել այս առիթով, որ Պատգամավորական օթյակի արտաքին հարաբերությունների հանձնախմբի պատվիրակությունը սեպտեմբերի կեսերին այցելելու է հարավկովկասյան շրջան, ներառյալ Հայաստան) եւ բազմակողմանիորեն, Եվրոմիության կառույցով, գործադրելով Հայաստանի հետ 2006-ին ստորագրված աշխատանքային ծրագիրը, ԵԱՀԿ, ինչպես նաեւ Եվրոխորհրդի հետ:

- Ինչպիսի՞ն է Իտալիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ:

- Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորումը շատ կարեւոր նպատակ է Իտալիայի համար, որովհետեւ շատ դրական զարգացում է լինելու ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար: Անշուշտ, մենք աշխատում ենք երկկողմանիորեն, երկու երկրների ղեկավարության հետ, բայց համարում ենք, որ մեր ազդեցությունն ավելի արդյունավետ կլինի ԵԱՀԿ-ի կառույցներում, որը, մեր կարծիքով, ներկայացնում է ամենահարմար ֆորումը լուծելու հակամարտությունը: Հետեւաբար, մենք նեցուկ ենք կանգնում Մինսկի խմբին եւ համանախագահներինՙ Ֆրանսիային, ԱՄՆ-ին եւ Ռուսաստանի Դաշնությանը: Վերջին զարգացումները, հակառակ համանախագահների ջանքերին, շատ քաջալերող չեն երեւում, բայց բանակցությունները պետք է շարունակվեն եւ վստահ ենք, որ մոտ ապագայում կարելի է ընդհանուր հիմքի վրա հասնել համաձայնությանՙ լուծելու ճգնաժամը:

- Ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում հայ-իտալական հարաբերություններում հետագա ամիսներին, քաղաքական եւ օրենսդրական ոլորտներում:

- Ինչպես նշել էի, մենք ցանկանում ենք ավելի զարգացնել մեր հարաբերությունները Հայաստանի հետ եւ մեր տեսակետով, երկկողմանի, բարձր մակարդակի այցելությունները գլխավոր միջոցներից են: Արտաքին հարաբերությունների գծով պետական փոխքարտուղար Ֆասիանո Կրուսիանելլիի այցելությունից հետո (2006-ի հոկտեմբերին) կարեւոր այցելություն է նախատեսվում սեպտեմբերի կեսերինՙ Պատգամավորական օթյակի արտաքին հարաբերությունների հանձնախմբի այցը: Իմ կարծիքով, սա առիթ է լինելու երկու երկրների օրենսդրական մարմինների շփման, Հայաստանի Ազգային ժողովի նոր ընտրությունից հետո:

- Իսկ ի՞նչ խոսք ունեք փոխանցելու մեր ընթերցողներին, Հայաստանում եւ սփյուռքում:

- Ցանկանում եմ վերահաստատել, որ Իտալիայի եւ Հայաստանի միջեւ բարեկամությունը հիմնված է խո՜ր պատմական կապերի վրա, երկու ժողովուրդների նմանությունների վրա: Մեր գործակցությունը շարունակվելու եւ մեծանալու է: Ինչ վերաբերում է սփյուռքին, թեեւ հայերը Իտալիայում այնքան շատ չեն, ինչպես, օրինակ, Ֆրանսիայում, բայց շատ զարգացած են մշակութային եւ տնտեսական առումով: Մենք նեցուկ ենք կանգնում Հայաստանի կառավարությանը եւ մանավանդ արտաքին գործերի նախարարությանը սփյուռքի գլխավոր կազմակերպությունների օժանդակությամբ չքավորությունը գյուղական շրջաններում վերացնելու գործում: Այս նպատակով Իտալիայի ԱԳՆ-ն որոշեց 500000 եվրո հատկացնել UNDP-ի միջոցով իրագործելու գյուղական շրջանների զարգացման ծրագրի առաջին մասը Տավուշի շրջանի 5 գյուղերում: Արժանի է նշել, որ Իտալիան առաջին օտար երկիրն է, որ հովանավորելու է այս ծրագիրը: Սա, իմ կարծիքով, հատուկ նշան է Հայաստանի նկատմամբ մեր խոր հետաքրքրության, մեր բարեկամությունը առավել զարգացնելու:

Հարցերը առաջադրեց ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4