«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2007-09-18 | #170, 2007-09-19 | #171, 2007-09-20


«ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՄՆ ԷՐ, ԿԱՏԱՐՈՒՄԸՙ ՎԱՐՉԱՊԵՏԻՆԸ»

«Ակնկալություն չէ, բայց հույս փայփայում էի, որ մեր թերթին հարցազրույց կտա վարչապետը: Հիմա էլ կրկնում եմՙ կուզենայի մեր թերթին էքսկլուզիվ հարցազրույց տար կամ պատասխաներ այն հարցերին, որ բարձրացրել եմ, ի դեպ, ոչ պատահական, այլ մեր աշխատանքից ելնելով, սակայն մեր պետական պաշտոնյաները, այդ թվում ե՛ւ նախագահը, ե՛ւ վարչապետը նախընտրում են առավելաբար աշխատել հեռուստատեսությունների հետ, տպագիր մամուլին երկրորդական դեր վերագրելով, չնայած հենց տպագիր մամուլի հրապարակումներն են դառնում դատական հայցերի հենքն ու հիմքը», երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը համապատասխան հարցի առնչությամբ ասաց «Ազգ»-ի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Նա նաեւ տեղեկացրեց. «Վարչապետ Սերժ Սարգսյանի հետ անցկացրած հարցազրույցից ժուռնալիստական առումով գոհ չեմ, այն պետք է լիներ ավելի աշխույժ, սակայն վատ նախադեպ չէր»: Բանախոսը նաեւ անդրադարձավ զրույցի մոնտաժված հատվածում ոչ անհաջող հարց ու պատասխանի առկայության փաստինՙ նշելով նաեւ տեխնիկական խնդիրը, որը առաջացել է բաց տարածքում չնախատեսված քամու պատճառով: Ի վերջո, գնահատելով հարցազրույցը, Հակոբ Ավետիքյանը փաստեց. «Նախաձեռնությունն իմն էր, կատարումըՙ վարչապետինը»:

«Լրագրողը պետք է մնա անձեռնմխելի»

«Լրագրողը պետք է մնա անձեռնմխելի, ինչպես պետական կարգը պահպանող ոստիկանը», հայտարարեց Հակոբ Ավետիքյանըՙ նկատի ունենալով լրագրողների հանդեպ բռնությանն ու ծեծի շարունակականությունը, որը լրագրական շրջանակի համապատասխան արձագանքին է արժանանում, բայց ոչ հետեւողականությանը: «Որպես ամբողջական մամուլ մենք հետեւողական չենք: Դրանից մեր երկրի համապատասխան մարմիններն օգտվում են, ոտնձգող կողմերն էլ որոշ ժամանակ դադար տալիս ու շարունակում են: Իհարկե, համաշխարհային մամուլում միշտ էլ եղել են բռնությունները, բայց զարգացած երկիրն այն է, որը կարողանում է բացահայտել ոտնձգությունը եւ պատժել մեղավորներին: Եթե չկա այս մեքենան կամ չի աշխատում, կնշանակի բացահայտողի դերը մենք պետք է կատարենք: Մասնագիտական կաստա ենք մենք եւ քանի որ մեր երկրում ջունգլիի կանոններ են գործում, ապա մենք էլ պիտի մեր մասնագիտական «դասակարգային» շահերը եւ մեր անձը պաշտպանենք այնքան ժամանեկ, քանի դեռ համապատասխան մարմինները չեն անում իրենց գործը»:

«Որեւէ իշխանություն պետք է սարսափի անտեր երկիր խոսքից»

Ըստ Հակոբ Ավետիքյանի, մամուլի խնդիրներից մեկն էլ ակումբների գործունեության քաղաքակրթումն է եւ հենց տվյալ հարցի անմիջական պատասխանատուին հասանելի դարձնելը, այլապես յուրաքանչյուր քաղաքական ուժ, պետական գերատեսչություն, պատասխանատու մարմին կարգում է իր, այսպես ասած, խոսնակին, որի ասելիքում ժամանակն էլ քիչ փոփոխություն է մտցնում եւ նույն դեմքերը շրջում են մամուլի ակումբից ակումբՙ ստեղծելով փակ շրջանակ: Դրանից դուրս գալու համար թերեւս անհրաժեշտ է հետեւողականորեն հրավիրել խնդրի անմիջական գիտակին, պատասխանատուին եւ մերժման դեպքում հրապարակել այդ փաստը, գտնում է բանախոսը: Նրա կարծիքով, խնդիր է նաեւ ընթերցողների շրջանակի ընդլայնումը. «Իմ խորին համոզմամբ, մեր մամուլը զբաղվում է մի փոքրիկ խմբի հետաքրքրություններով միայն: Ասում եմ որպես ինքնաքննադատություն: Ունենք մի 10 հազարանոց խումբ, որը կարդում է տարբեր թերթեր: Մեծամասնությունը գոհացնող տեղեկություններ չենք տալիս, իսկ որտեղ կարելի է այդ հարցերի պատասխանները գտնել, եթե ոչ հատկապես թաղապետարաններում, համայնքապետարաններում: Մեր փորձից գիտեմ, որ դրանք փակ են, հետաքրքրական էր իմանալՙ վարչապետը գիտի՞ այդ մասին»:

Օրինակ բերելով մայրաքաղաքի երթեւեկության լիակատար անկանոնությունը եւ երկարատեւ խցանումներում ձեռք բերած ծանոթ վարորդներ ոչ մեկ անգամ եւ ոչ միայն այդ առիթով ասվող «անտեր երկիր» արտահայտությունը, Հակոբ Ավետիքյանը կարեւորեց. «Որեւէ իշխանություն պետք է սարսափի «անտեր երկիր» խոսքից, դա նշանակում է, որ ինքը իշխանություն չէ»:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4