«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2007-09-18 | #170, 2007-09-19 | #171, 2007-09-20


ԲԱՑ ՆԱՄԱԿ ՎԱՐՉԱՊԵՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Հարգելի վարչապետ, ոչ ոք Ձեզնից լավ չի հիշի 1999թ. օգոստոսի 1-ի Ազգային ժողովի ազգակործան որոշումը` բենզինի եւ ծխախոտի հարկերը կրկնակի բարձրացնելու վերաբերյալ: Սկզբում, միամիտ մարդկանց թվում էր, թե դա հարված էր միայն ներկրողներին, ծխողներին եւ ավտոմեքենա ունեցողներին: Բայց իրականում տուժեցին ամբողջ ժողովուրդը եւ կառավարությունը. Դուք դա լավ գիտեք:

Ընթերցողներին հիշեցնեմ, որ եթե մինչ այդ բենզինի մեկ տոննայից գանձվող հարկի արժեքը 105 դոլար էր, ապա այդ չարաբաստիկ որոշումով այն դարձավ 225 դոլար: Բնականաբար այդ ահռելի հարկը վճարելու համար էլ բարձրացվեց բենզինի գինը` 20 լ արժեքը 3200-ից դարձավ 6000 (այժմ էլ 6800) դրամ, քանի որ բենզինն է ուղղորդում բոլոր ապրանքների գներին, ապա կրկնակի եւ ավելի անգամ բարձրացավ բոլոր ապրանքների գները: Այսպիսով բենզինի գների բարձրացումը անդամալուծեց երկիրը, քայքայեց գյուղատնտեսությունը, նվազեցրեց պետական բյուջեն, ավելացրեց արտագաղթը: Դա է՛լ Դուք լավ գիտեք: Նույնիսկ եղավ մի պահ, որ բենզինի վաճառքը կիսով չափ կանգ առավ: Իհարկե, տուժեց նաեւ ներկրողը: Եթե սրան էլ ավելացնենք 2005 թվի մայիսի հերթական մատնոցախաղը (հենց այդպես էլ անվանեցի իմ հերթական հոդվածը), երբ դոլարի անկման պատճառով կառավարության պահանջով նույն Ազգային Ժողովը որոշեց հարկը դոլարի փոխարեն վերցնել դրամով: Փաստորեն մեկ տոննայի հարկը բարձրացավ մինչեւ 260-270 դոլար:

Թշնամին էլ չէր կարող նման հարված հասցնել երկրին, ինչպես դա արեցին մեր կառավարությունը եւ օրենսդիրը: Սահմանափակ դատողություն ունեցողները սկսեցին աղմկել եւ մեղադրել բենզին ներկրողներին, ինչու չէ, նաեւ մտածածին «տանիքին»: Բարձրաձայն աղմկում էին նույնիսկ նրանք, ովքեր Ազգային Ժողովում գրեթե միաձայն ընդունեցին այդ օգոստոսյան օրենքը (միակ դեմ քվեարկողները կոմունիստ Խառատյանն էր եւ, իհարկե, Վիկտոր Դալլաքյանը):

Ոչ ոք պատասխան չտվեց այդ հանցագործության համար: Դեռ ավելին` ութ ամիս հետո Ազգային Ժողովի հանձնաժողովի նախագահ (այժմ ֆինանսների նախարար) Վարդան Խաչատրյանը իրեն հատուկ «միամտությամբ» հայտարարեց` «օգոստոսի 1-ին, երբ բարձրացրինք ծխախոտի եւ բենզինի հարկերը, մենք եւ մեր ղեկավարները գիտեինք, որ գները շեշտակի կբարձրանան եւ նախատեսված չափով հարկ չի հավաքվի, բայց գնացինք այդ քայլին, որպեսզի Համաշխարհային բանկի աչքերին թոզ փչենք եւ հերթական վարկը բերենք»: («Իրավունք», մարտի 31, 2000թ.)

Այդ նույն պահին, երբ Վարդան Խաչատրյանը ի ցույց էր դնում իրենց խելքն ու ճկունությունը, «Գրանդ տոբակո»-ի տնօրեն Հրանտ Վարդանյանը ի լուր ամենքին հայտարարեց, որ այդ օրենքի պատճառով ինքը 25 միլիոն պակաս է մուծել պետությանը (ծխախոտի գների բարձրացումը ձեռնտու էր միայն ծխախոտ ներկրողներին, որոնց պահանջով էլ ծխախոտի հարկը բարձրացրին):

Իսկ բենզին ներկրող, խոշոր գործարար եւ բարերար Մ.Բաղդասարովը իր բոլոր հարցազրույցներում հայտարարում է. «Իջեցրեք բենզինի հարկերը, գներն էլ կիջնեն (ո՛չ միայն բենզինի), բյուջեն էլ ավելին կունենա, ժողովրդի վիճակն էլ կտրուկ կբարելավվի»: Ես հավատում եմ այս մարդուն: Նա իրոք ժողովրդի համար է մտածում:

Բայց նրան լսող չկա: Բոլորը խլացել են եւ կուրացել, ինչպես չէին լսում եւ կարդում իմ բազմաթիվ հոդվածները, գրված այդ թեմայով: Այո, տպագրվել եմ գրեթե բոլոր թերթերում, իսկ անցյալ տարի իմ «կառավարությունը եւ Ազգային Ժողովը եթե ցանկանան, բենզինի գները կտրուկ կիջեցնեն» : Հոդվածը տպագրվեց եւ «Հայկական ժամանակում», եւ «Գոլոսում», եւ «Ավանգարդում»:

Իհարկե, պատկան մարմիններից ստացել եմ մի քանի պատասխաններ, որոնք ինձ ոչ միայն զայրացրել են, այլ զարմացրել...

Հիմա դիմում եմ Ձեզ, համոզված լինելով, որ միայն Դուք կարող եք գնալ այդ համարձակ քայլին եւ ոչնչացնել այդ չարաբաստիկ օրենքը, փոխել Հայաստանի տնտեսական վիճակը, ոչ թե մի քանի տարում, այլ միանգամից` Ազգային Ժողովի առաջին նիստում:

Համոզված եմ, որովհետեւ ժողովրդին խոսք եք տվել:

Հավատում եմ Ձեզ, որովհետեւ Դուք լավ գիտեք, թե ո՛ւմ վնաս տալու համար ծնվեց այդ օրենքը:

Ուրեմն ի բարի գործ, նորընծա վարչապետ:

ԿԱՌԼԵՆ ՔԱԼԱՇՅԱՆ

(հրապարակվում է կրճատումներով)


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4