«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2007-09-18 | #170, 2007-09-19 | #171, 2007-09-20


2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ... ԻՐԱՎԱԲԱՆՈՐԵՆ

Հայաստանի Հանրապետությունում գործում է արտակարգ դատարան

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության, ՀՀ Դատական օրենսգրքի, «Իրավական ակտերի մասին», «Դատարանակազմության մասին» եւ «ՀՀ Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքների` ստորեւ ներկայացված 1-5 կետերում նշված հոդվածներով ամրագրված դրույթները եւ դրանց հիման վրա կատարելով մեկնաբանություններ, ապացուցենք, որ 2007 թվականի մայիսի 18-ից ՀՀ-ում գործող բոլոր (առաջին ատյանի, վերաքննիչ, տնտեսական, վճռաբեկ) դատարանների գործունեությունը, դատարանների նախագահների եւ դատավորների լիազորությունները սահմանված չեն ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով, որից էլ հետեւում է, որ 2007 թվականի մայիսի 18-ից հետո ՀՀ-ում գործող դատարանների կայացրած ակտերն իրավական ուժ չունեն եւ պետք է համարվեն անվավեր:

1. ՀՀ Սահմանադրություն

ՀՀ Սահմանադրությունը (փոփոխություններով) (այսուհետ` ՀՀ Սահմանադրություն) ընդունվել է 2005 թվականի նոյեմբերի 27-ին` հանրաքվեով, ուժի մեջ է մտել 2005 թվականի դեկտեմբերի 5-ից:

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` « Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունըՙ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան »:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` « Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն »:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ պարբերության 1-ին նախադասության համաձայն` « Oրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը »:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` « Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների դատական, ինչպես նաեւ պետական այլ մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք »:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` « Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները եւ ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք »:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` « Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու ... համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք »:

ՀՀ Սահմանադրության 42.1-րդ հոդվածի համաձայն` « Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով ու ազատություններով տարածվում են նաեւ իրավաբանական անձանց վրա` այնքանով, որքանով այդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ »:

ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` « Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան »:

ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` « Հայաստանի Հանրապետությունում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները եւ վճռաբեկ դատարանը, իսկ օրենքով նախատեսված դեպքերումՙ նաեւ մասնագիտացված դատարաններ »:

ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն` « Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է »:

ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` « Դատարանների լիազորությունները, կազմավորման ու գործունեության կարգը սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով »:

ՀՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` « Ազգային ժողովը երկու տարվա ընթացքում համապատասխանեցնում է գործող օրենքները Սահմանադրության փոփոխություններին »:

ՀՀ Սահմանադրության 9-րդ գլխի (եզրափակիչ եւ անցումային դրույթներ) 155-րդ, 116-րդ եւ 117-րդ հոդվածներում ամրագրված դրույթների համադրումից հետեւում է, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ, 91-րդ, 92-րդ եւ 94-րդ հոդվածներով ամրագրված դրույթներն ուժի մեջ են մտել ՀՀ Սահմանադրությունն ուժի մեջ մտնելու պահից` 2005 թվականի դեկտեմբերի 5-ից:

ՀՀ Սահմանադրությունն ուժի մեջ մտնելու (05.12.2005թ.) ամսաթվից եւ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին, 91-րդ հոդվածի 1-ին, 92-րդ հոդվածի 1-ին, 92-րդ հոդվածի 3-րդ եւ 94-րդ հոդվածի 2-րդ պարբերություններով ամրագրված դրույթների համադրումից հետեւում է` 2005 թվականի դեկտեմբերի 5-ից ՀՀ-ում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաեւ մասնագիտացված դատարանները, որոնց լիազորությունները, կազմավորումն ու գործունեության կարգը սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով:

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ, 18-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 19-րդ հոդվածի 1-ին պարբերություններով եւ 42.1-րդ հոդվածով ամրագրված դրույթների համադրումից հետեւում է, որ ՀՀ-ն ապահովում է մարդու, քաղաքացու եւ իրավաբանական անձի հիմնական իրավունքների եւ ազատությունների դատական պաշտպանությունըՙ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:

ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 3-րդ պարբերությամբ ամրագրված դրույթից հետեւում է, որ ՀՀ-ում արգելվում է արտակարգ, այսինքն` ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով չնախատեսված դատարանների ստեղծումը:

ՀՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված դրույթներից հետեւում է, որ 2 (երկու) տարվա ընթացքում, այսինքն` մինչեւ 2007 թվականի դեկտեմբերի 5-ը, ՀՀ-ում գործող օրենքները պետք է համապատասխանեցվեն ՀՀ Սահմանադրությանը:

2. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվել է 2002 թվականի ապրիլի 3-ին, ՀՀ նախագահը ստորագրել է 2002 թվականի ապրիլի 29-ին եւ ուժի մեջ է մտել 2002 թվականի մայիսի 31-ից:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` « Իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին »:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` « Հայաստանի Հանրապետությունում ընդունվող իրավական ակտերն են`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ դրանում կատարված փոփոխությունները, Հայաստանի Հանրապետության օրենքները, .... »:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` « Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ամրագրում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրավական կարգավորման սկզբունքները: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության իրավական հիմքն է »:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն` « Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն »:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերության համաձայն` « Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը եւ oրենքներին »:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` « Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները նորմատիվ իրավական ակտեր են »:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` « Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը եւ չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին »:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` « Բացառապես Հայաստանի Հանրապետության oրենքներով են սահմանվում`

1) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու եւ պաշտպանելու պայմանները եւ կարգը »:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` « Օրենքները կարող են ընդունվել օրենսգրքերի տեսքով: Օրենսգիրքն իրավունքի համասեռ հասարակական հարաբերությունները կարգավորող բոլոր կամ հիմնական նորմերը համակարգված եւ կանոնակարգված ձեւով շարադրված օրենքն է »:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` « Օրենսգրքի կարգավորման իրավահարաբերությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր օրենքները պետք է համապատասխանեն օրենսգրքերին »:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` « Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը գործում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ սույն օրենքով սահմանված` առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտերի գերակայության սկզբունքի հիման վրա »:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ պարբերություններով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով, 4-րդ հոդվածի 1-ին մասով, 8-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ, 9-րդ հոդվածի 2-րդ, 4րդ, 5-րդ եւ 6-րդ, 24-րդ հոդվածի 1-ին կետերով ամրագրված դրույթների համադրումից հետեւում է, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված դրույթները գործում են անմիջականորեն, օրենսգրքերում եւ մյուս օրենքներում ամրագրված դրույթները պետք է համապատասխանեն ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված դրույթներին, եթե ՀՀ Սահմանադրությամբ, օրենսգրքերով եւ այլ օրենքներով ամրագրված դրույթների միջեւ առկա են հակասություններ, ապա գործում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված դրույթները, եթե օրենսգրքերով եւ օրենքներով ամրագրված դրույթների միջեւ առկա են հակասություններ, ապա գործում են օրենսգրքերով ամրագրված դրույթները:

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ, 18-րդ հոդվածի 1-ին եւ 19-րդ հոդվածի 1-ին պարբերություններով, 42.1-րդ հոդվածով եւ 91-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ կետով ամրագրված դրույթների համադրումից հետեւում է, որ ՀՀ-ն ապահովում է քաղաքացիների եւ իրավաբանական անձանց` ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված իրավունքները ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան ստեղծված անկախ եւ անկողմնակալ դատարանների միջոցով պաշտպանելու իրավունքը:

3. «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենք

«Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքը ՀՀ ԱԺ-ն ընդունել է 1998 թվականի հունիսի 18-ին, ՀՀ նախագահը ստորագրել է 1998 թվականի հուլիսի 18-ին, ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից եւ ուժը կորցրել է 2007 թվականի մայիսի 18-ից:

««Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը ԱԺ-ն ընդունել է 2001 թվականի թվականի սեպտեմբերի 11-ին, ՀՀ նախագահը ստորագրել է 2001 թվականի հոկտեմբերի 6-ին, ուժի մեջ է մտել 2001 թվականի հոկտեմբերի 18-ից:

««Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2001 թվականի հոկտեմբերի 18-ից ուժի մեջ մտած ՀՀ օրենքով փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 7-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ 18-րդ, 21-րդ, 26-րդ, 27-րդ հոդվածներում եւ օրենքում ավելացվել են 20.1-րդ-20.3-րդ հոդվածները:

«Դատարանակազմության մասին» օրենքի 1-ին-10-րդ հոդվածներով, 2-րդ, (13-րդ-17-րդ հոդվածներ), 3-րդ (18-րդ-20-րդ հոդվածներ), 3.1-րդ (20.1-րդ-20.3-րդ հոդվածներ) եւ 4-րդ (21-րդ, 23-րդ-25-րդ հոդվածներ) գլուխներով ամրագրված դրույթները ներկայացնենք օրենքն ուժը կորցնելուց առաջ գոյություն ունեցող տարբերակով:

«Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` « Հայաստանի Հանրապետության դատարանների համակարգը եւ դրանց կազմավորումը որոշվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ սույն օրենքով »:

«Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` « Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները: Արդարադատություն իրականացնելիս դատավորներն անկախ են եւ ենթարկվում են միայն օրենքին »:

«Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով ամրագրված է, որ արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է. իսկ դատարանի լիազորությունների յուրացումը պատժվում է օրենքով:

«Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով ամրագրված է, որ արդարադատությունն իրականացվում է քաղաքացիական եւ տնտեսական վեճերի, վարչական իրավախախտումների եւ հանցագործությունների վերաբերյալ գործերը դատական նիստերում քննելու եւ լուծելու միջոցով:

«Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով, օրենքներով եւ այլ իրավական ակտերով ամրագրված իր իրավունքների եւ ազատությունների դատական պաշտպանության իրավունք:

«Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով ամրագրված է, որ օրենքի եւ դատարանի առջեւ բոլորը հավասար են եւ առանց խտրականության հավասարապես պաշտպանվում են օրենքով:

«Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով ամրագրված է, որ, դատարաններն արդարադատությունն իրականացնում են ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ միջազգային պայմանագրերին եւ օրենքներին համապատասխան:

«Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով ամրագրված են առաջին ատյանի, վերաքննիչ, տնտեսական եւ վճռաբեկ դատարաններում գործերի քննության կարգը:

«Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով ամրագրված է, որ դատարաններում գործերը քննվում են հայերեն լեզվով, իսկ հայերենին չտիրապետողները կարող են նյութերին ծանոթանալ թարգմանչի միջոցով եւ հանդես գալ այլ լեզվով:

«Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով ամրագրված է, որ դատարաններում գործերը քննվում են հրապարակայնորեն` բացառությամբ դատարանի որոշմամբ իրականացվող դռնփակ նիստերի:

«Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` « Հայաստանի Հանրապետությունում գործում են`

1) առաջին ատյանի դատարանները.

2) վերաքննիչ դատարանները.

2.1) տնտեսական դատարանը,

3) վճռաբեկ դատարանը »:

«Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 2-րդ գլխում (13-րդ-17-րդ հոդվածներ) ներկայացված են առաջին ատյանի դատարանների հասկացողությունը եւ դրանց տեղաբաշխումը (հոդված 13), Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանները եւ դրանց կազմը, (հոդված 14), մարզերի առաջին ատյանների դատարանները եւ դրանց կազմը (հոդված 15), առաջին ատյանի դատարանների նախագահների լիազորությունները (հոդված 16), առաջին ատյանի դատարանների աշխատակազմը (հոդված 17):

«Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 3-րդ գլխում (18-րդ-20-րդ հոդվածներ) ներկայացված են վերաքննիչ դատարանների հասկացողությունը, դրանց կազմը եւ տեղաբաշխումը (հոդված 18), վերաքննիչ դատարանի նախագահի լիազորությունները (հոդված 19), վերաքննիչ դատարանի աշխատակազմը (հոդված 20):

«Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 3.1-րդ գլխում (20.1-րդ-20.3-րդ հոդվածներ) ներկայացված են տնտեսական դատարանի հասկացողությունը, դրա կազմը եւ տեղաբաշխումը (հոդված 20.1), տնտեսական դատարանի նախագահի լիազորությունները (հոդված 20.2), տնտեսական դատարանի աշխատակազմը (հոդված 20.3):

«Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 4-րդ գլխում (21-րդ, 23-րդ-25-րդ հոդվածներ) ներկայացված են վճռաբեկ դատարանի հասկացողությունը, կազմը եւ տեղաբաշխումը (հոդված 21), վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները (հոդված 23), վճռաբեկ դատարանի պալատի նախագահի լիազորությունները (հոդված 24), վճռաբեկ դատարանի աշխատակազմը (հոդված 25):

ՀՀ Սահմանադրությունն ուժի մեջ մտնելու (05.12.2005թ.), «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու (12.01.1999թ.), ««Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու (18.10.2001թ.) ամսաթվերից, «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 1-ին, 10-րդ հոդվածներով ամրագրված դրույթների համադրումից եւ օրենքն ուժը կորցնելու (18.05.2005թ.) ամսաթվից հետեւում է, որ 2005 թվականի դեկտեմբերի 5-ից մինչեւ 2007 թվականի մայիսի 18-ը ՀՀ-ում գործել են առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները, տնտեսական դատարանը եւ վճռաբեկ դատարանը, որոնց սահմանումը, տեղաբաշխումը, դատավորների կազմը, դատարանների նախագահների լիազորությունները ներկայացված են «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 2-րդ-9-րդ հոդվածներով, 2-րդ (13-րդ-17-րդ հոդվածներ), 3-րդ (18-րդ-20-րդ հոդվածներ), 3.1-րդ (20.1-րդ-20.3-րդ հոդվածներ) եւ 4-րդ (21-րդ, 23-րդ-25-րդ հոդվածներ) գլուխներով ամրագրված դրույթներով:

ՀՀ Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածների 1-ին պարբերությունների եւ «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 1-ին, 7-րդ եւ 10-րդ հոդվածներով, 2-րդ (13-րդ-17-րդ հոդվածներ), 3-րդ (18-րդ-20-րդ հոդվածներ), 3.1-րդ (20.1-րդ-20.3-րդ հոդվածներ) եւ 4-րդ (21-րդ, 23-րդ-25-րդ հոդվածներ) գլուխներով ամրագրված դրույթներից հետեւում է, որ ՀՀ տնտեսական դատարանը մասնագիտացված դատարան է:

4. ՀՀ Դատական օրենսգիրք

ՀՀ Դատական օրենսգիրքը ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվել է 2007 թվականի փետրվարի 21-ին, ՀՀ նախագահը ստորագրել է 2007 թվականի ապրիլի 7-ին եւ ուժի մեջ է մտել 2007 թվականի մայիսի 18-ից:

ՀՀ Դատական օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն` « Դատական իշխանությունն իրականացնում են դատարանները` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքներին համապատասխան »:

ՀՀ Դատական օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` « Սույն օրենսգիրքը կարգավորում է դատական իշխանության կազմակերպման եւ գործունեության հետ կապված հարաբերություններն այնքանով, որքանով դրանք չեն վերաբերում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին »:

ՀՀ Դատական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` « 1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն է (այսուհետ` վճռաբեկ դատարան), որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը:

2. Հայաստանի Հանրապետությունում գործում են նաեւ առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները:

3. Առաջին ատյանի դատարաններն են`

1) ընդհանուր իրավասության դատարանները.

2) մասնագիտացված դատարանները:

4. Մասնագիտացված դատարաններն ենՙ

1) քրեական դատարանները.

2) քաղաքացիական դատարանները.

3) վարչական դատարանը:

5. Վերաքննիչ դատարաններն ենՙ

1) քրեական վերաքննիչ դատարանը.

2) քաղաքացիական վերաքննիչ դատարանը »:

ՀՀ Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածների 1-ին պարբերությունների եւ ՀՀ Դատական օրենսգրքի 1-ին, 2-րդ, 3-րդ հոդվածներով ամրագրված դրույթների համադրումից հետեւում է, որ ՀՀ Դատական օրենսգրքի 3-րդ հոդվածում նշված դատարանները համապատասխանում են ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 1-ին պարբերության պահանջներին:

ՀՀ Դատական օրենսգրքի 3-րդ գլխում (23-րդ-26-րդ հոդվածներ) ներկայացված են ընդհանուր իրավասության դատարանների իրավասությունները (հոդված 22), դատական ակտերի ուժի մեջ մտնելը, (հոդված 23), դատարանները, դատավորների թվակազմը եւ նստավայրերը (հոդված 24), դատարանի նախագահի լիազորությունները (հոդված 25), դատական ակտերի վերանայումը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով կամ գործի քննությանը չմասնակցած անձանց դիմումով (հոդված 26) պահանջները:

ՀՀ Դատական օրենսգրքի 4-րդ գլխում (27-րդ-30-րդ հոդվածներ) ներկայացված են քաղաքացիական դատարանների իրավասությունները (հոդված 27), դատական ակտերի ուժի մեջ մտնելը (հոդված 28), դատարանները, դատավորների թվակազմը եւ նստավայրերը (հոդված 29), դատարանի նախագահի լիազորությունները (հոդված 30):

ՀՀ Դատական օրենսգրքի 5-րդ գլխում (31-րդ-34-րդ հոդվածներ) ներկայացված են քրեական դատարանների իրավասությունները (հոդված 31), դատական ակտերի ուժի մեջ մտնելը (հոդված 32), դատարանները, դատավորների թվակազմը եւ նստավայրերը (հոդված 33), դատարանի նախագահի լիազորությունները (հոդված 34):

ՀՀ Դատական օրենսգրքի 6-րդ գլխում (35-րդ-38-րդ հոդվածներ) ներկայացված են վարչական դատարանի իրավասությունները (հոդված 35), դատական ակտերի ուժի մեջ մտնելը (հոդված 36), դատավորների թվակազմը եւ նստավայրերը (հոդված 37), դատարանի նախագահի լիազորությունները (հոդված 38):

ՀՀ Դատական օրենսգրքի 7-րդ գլխում (39-րդ-49-րդ հոդվածներ) ներկայացված են վերաքննիչ դատարանի իրավասությունները (հոդված 39), դատական ակտերի ուժի մեջ մտնելը (հոդված 40), դատարանները, դատավորների թվակազմը եւ նստավայրերը (հոդված 41), վերաքննիչ բողոք բերելու ժամկետը (հոդված 42), վերաքննիչ բողոք բերելու իրավունքը (հոդված 43), վերաքննիչ բողոք բերելու հիմքերը (հոդված 44), քաղաքացիական գործերով վերաքննիչ բողոք բերելու սահմանափակումները (հոդված 45), վերաքննիչ բողոքի պատասխանը (հոդված 46), վերաքննության սահմանները փաստի հարցում (հոդված 47), վերաքննիչ դատարանի լիազորությունները (հոդված 48), վերաքննիչ դատարանի նախագահի լիազորությունները (հոդված 49):

ՀՀ Դատական օրենսգրքի 8-րդ գլխում (50-րդ-62-րդ հոդվածներ) ներկայացված են վճռաբեկ դատարանի գործունեության նպատակը եւ իրավասությունները (հոդված 50), դատական ակտերի ուժի մեջ մտնելը (հոդված 51), դատարանի կառուցվածքը, դատավորների թվակազմը եւ նստավայրերը (հոդված 52), դատարանի պալատները (հոդված 53), դատարանի նիստերը եւ որոշումներ ընդունելու կարգը (հոդված 54), վճռաբեկ բողոք բերելու ժամկետը (հոդված 55), վճռաբեկ բողոք բերելու իրավունքը (հոդված 56), վճռաբեկ բողոք բերելու հիմքերը (հոդված 57), վճռաբեկ բողոք բերելու սահմանափակումները (հոդված 58), վճռաբեկ բողոքի պատասխանը (հոդված 59), վճռաբեկ դատարանի լիազորությունները (հոդված 60), վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները (հոդված 61), վճռաբեկ պալատի նախագահի լիազորությունները (հոդված 62):

5. «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենք

«ՀՀ Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքը ՀՀ ԱԺ-ն ընդունել է 2007 թվականի փետրվարի 22-ին, ՀՀ նախագահը ստորագրել է 2007 թվականի ապրիլի 7-ին եւ ուժի մեջ է մտել 2007 թվականի ապրիլի 28-ից:

«ՀՀ Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` « Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել`

2) 1998 թվականի հունիսի 18-ի «Դատարանակազմության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքը »:

«ՀՀ Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայնՙ « Օրենսգրքով նախատեսված Հայաuտանի Հանրապետության դատարանները սկսում են գործել 2008 թվականի հունվարի 1-ից »:

«ՀՀ Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայնՙ « Հայաuտանի Հանրապետության տնտեuական դատարանը գործում է մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը, որից հետո դրա գործունեությունը դադարում է »:

ՀՀ Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու (18.05.2007թ.) ամսաթվից եւ «ՀՀ Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված դրույթի համադրումից հետեւում է, որ «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրել է 18.05.2007թ-ից, որից էլ հետեւում է, որ 2007 թվականի մայիսի 18-ից ՀՀ-ում չեն գործում «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված առաջին ատյանի դատարանները, վերաքննիչ դատարանները, վճռաբեկ դատարանը եւ տնտեսական դատարանը, ինչպես նաեւ վերացել են «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 2-րդ-9-րդ հոդվածներով, 2-րդ (13-րդ-17-րդ հոդվածներ), 3-րդ (18-րդ-20-րդ հոդվածներ), 3.1-րդ (20.1-րդ-20.3-րդ հոդվածներ) եւ 4-րդ (21-րդ, 23-րդ-25-րդ հոդվածներ) գլուխներով ամրագրված դրույթները:

ՀՀ Դատական օրենսգրքի 1-ին, 2-րդ, 3-րդ հոդվածների եւ «ՀՀ Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համադրումից հետեւում է, որ ՀՀ Դատական օրենսգրքի 3-րդ հոդվածով նախատեսված դատարանները ՀՀ-ում գործելու են 2008 թվականի հունվարի 1-ից, որից էլ հետեւում է, որ ՀՀ Դատական օրենսգրքի 3-րդ (23-րդ-26-րդ հոդվածներ), 4-րդ (27-րդ-30-րդ հոդվածներ), 5-րդ (31-րդ-34-րդ հոդվածներ), 6-րդ (35-րդ-38-րդ հոդվածներ) եւ 7-րդ (39-րդ-49-րդ հոդվածներ) գլուխներով ընդհանուր իրավասության եւ մասնագիտացված առաջին ատյանի դատարանների, վերաքննիչ դատարանների եւ վճռաբեկ դատարանի վերաբերյալ ամրագրված դրույթները գործելու են 2008 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու (18.05.2007թ.) ամսաթվի եւ «ՀՀ Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով ամրագրված դրույթից հետեւում է, որ 2007 թվականի մայիսի 18-ից մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը ՀՀ-ում գործելու է ՀՀ տնտեսական դատարանը:

6. ՀՀ Սահմանադրության եւ օրենքների 1-5 կետերում ներկայացված հոդվածների եւ փաստերի հիման վրա կատարված եզրակացություններ

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին, 91-րդ հոդվածի 1-ին, 92-րդ հոդվածի 1-ին, 94-րդ հոդվածի 2-րդ պարբերությունների համադրումից եւ ՀՀ Սահմանադրությունը 2005 թվականի դեկտեմբերի 5-ից ուժի մեջ մտնելու փաստից հետեւում է, որ 2005 թվականի դեկտեմբերի 5-ից ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան ՀՀ-ում պետք է գործեն եւ արդարադատությունն իրականացնեն ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները եւ վճռաբեկ դատարանը, իսկ օրենքով նախատեսված դեպքերումՙ նաեւ մասնագիտացված դատարանները, որոնց լիազորությունները, կազմավորման ու գործունեության կարգը սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով:

Քանի որ ՀՀ Սահմանադրությունն ուժի մեջ մտնելու ժամանակ` 2005 թվականի դեկտեմբերի 5-ին, գործելիս է եղել «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքը, որի 1-ին հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետության դատարանների համակարգը եւ դրանց կազմավորումը որոշվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ սույն օրենքով», ապա հետեւում է, որ ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանների եւ վճռաբեկ դատարանի, իսկ օրենքով նախատեսված դեպքերումՙ նաեւ մասնագիտացված դատարանների, կամ «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված առաջին ատյանի, վերաքննիչ, տնտեսական եւ վճռաբեկ դատարանների լիազորությունները, կազմավորման ու գործունեության կարգը սահմանվել են «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքով:

«Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքը 2007 թվականի մայիսի 18-ից ուժը կորցրած լինելու փաստից հետեւում է, որ «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված առաջին ատյանի, վերաքննիչ, տնտեսական եւ վճռաբեկ դատարանների, կամ ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանների եւ վճռաբեկ դատարանի, իսկ օրենքով նախատեսված դեպքերումՙ նաեւ մասնագիտացված դատարանների, լիազորությունները, կազմավորման ու գործունեության կարգը ուժը կորցրել են 2007 թվականի մայիսի 18-ից:

Քանի որ «ՀՀ Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` ՀՀ Դատական օրենսգրքով նախատեսված ՀՀ դատարանները սկսում են գործել 2008 թվականի հունվարի 1-ից, ապա ՀՀ Դատական օրենսգրքի 3-րդ հոդվածով նախատեսված առաջին ատյանի` ընդհանուր իրավասության եւ մասնագիտացված` քրեական ու քաղաքացիական դատարանների եւ վարչական դատարանի, վերաքննիչ` քրեական վերաքննիչ դատարանի եւ քաղաքացիական վերաքննիչ դատարանի, ինչպես նաեւ վճռաբեկ դատարանի, կամ` ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանների եւ վճռաբեկ դատարանի, իսկ օրենքով նախատեսված դեպքերումՙ նաեւ մասնագիտացված դատարանների, լիազորությունները, կազմավորման ու գործունեության կարգը գործելու են 2008 թվականի հունվարի 1-ից:

Հետեւաբար, 2007 թվականի մայիսի 18-ից մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանների եւ վճռաբեկ դատարանի, իսկ օրենքով նախատեսված դեպքերումՙ նաեւ մասնագիտացված դատարանների, լիազորությունները, կազմավորման ու գործունեության կարգը սահմանված չեն «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքով եւ/կամ ՀՀ Դատական օրենսգրքով:

Քանի որ ՀՀ Սահմանադրության մեջ նշված չեն եւ ՀՀ-ում չի գործում որեւէ օրենք, որով 2007 թվականի մայիսի 18-ից մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար սահմանի ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանների եւ վճռաբեկ դատարանների, իսկ օրենքով նախատեսված դեպքերումՙ նաեւ մասնագիտացված դատարանների, կամ` ՀՀ Դատական օրենսգրքի 3-րդ հոդվածով նախատեսված առաջին ատյանի` ընդհանուր իրավասության եւ մասնագիտացված` քրեական ու քաղաքացիական դատարանների եւ վարչական դատարանի, վերաքննիչ` քրեական վերաքննիչ դատարանի եւ քաղաքացիական վերաքննիչ դատարանի, ինչպես նաեւ վճռաբեկ դատարանի լիազորությունները, կազմավորման ու գործունեության կարգը, ապա հետեւում է, որ նշված ժամանակահատվածում ՀՀ-ում գործող դատարանների համար սահմանված չեն նրանց լիազորությունները, կազմավորման ու գործունեության կարգը:

Հետեւաբար` 2007 թվականի մայիսի 18-ից մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում առկա դատարանների գործունեությունը որեւէ օրենքով չի կարգավորվում, որից էլ հետեւում է, որ 2007 թվականի մայիսի 18-ից հետո ՀՀ-ում գործող բոլոր դատարանների գործունեությունները հակասում են ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածի 2-րդ պարբերության « Դատարանների լիազորությունները, կազմավորման ու գործունեության կարգը սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով » դրույթներին:

Քանի որ 2007 թվանակի մայիսի 18-ից մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում չեն գործելու նաեւ ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված մասնագիտացված դատարանները, իսկ ՀՀ Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու (18.05.2007թ.) ամսաթվի եւ «ՀՀ Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով ամրագրված դրույթի համադրումից հետեւում է, որ 2007 թվականի մայիսի 18-ից մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը ՀՀ-ում գործելու է ՀՀ տնտեսական դատարանը, որի կազմավորումը, իրավասությունները, դատարանի նախագահի եւ դատավորների լիազորությունները վերացվել են «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքը (7-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ, 10-րդ հոդվածի 2.1 մասով եւ 3.1 գլխի 20.1-րդ-20.3-րդ հոդվածներով ամրագրված դրույթները) ուժը կորցնելու հետ միասին, եւ քանի որ դրանք նախատեսված չեն որեւէ այլ օրենքով, ապա հետեւում է, որ «ՀՀ Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով ամրագրված «... տնտեuական դատարանը գործում է մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը ...» դրույթը ոչ միայն հակասում է ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ ամրագրված դրույթներին, այլեւ` 2007 թվականի մայիսի 18-ից մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար որեւէ օրենքով նախատեսված չեն ՀՀ տնտեսական դատարանի լիազորությունները, կազմավորման ու գործունեության կարգը, ինչպես նաեւ սահմանված չեն դատարանի նախագահի եւ դատավորների լիազորությունները:

Կատարված մեկնաբանություններից հետեւում է, որ 2007 թվականի մայիսի 18-ից ՀՀ-ում գործող բոլոր դատարանների գործունեությունը, դատարանների նախագահների եւ դատավորների լիազորությունները սահմանված չեն ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով, որից էլ հետեւում է, որ 2007 թվականի մայիսի 18-ից հետո ՀՀ-ում գործող բոլոր դատարանների կողմից կայացված բոլոր ակտերը պետք է համարվեն հակասահմանադրական եւ ճանաչվեն անվավեր:

Կատարված մեկնաբանություններից հետեւում է, որ 2007 թվականի մայիսի 18-ից հետո ՀՀ տնտեսական դատարանն իրենից ներկայացնում է ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով չնախատեսված դատարան, այսինքն` այն «արտակարգ դատարան է», որի ստեղծումն արգելված է ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 3-րդ պարբերությամբ ամրագրված դրույթով:

ՀԱԿՈԲ ՃԱՐՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4