Մինչ ՀՅԴ-ն գերագույն ժողով էր գումարել ԼՂՀ-ում, մամուլը բավական ակտիվ քննադատեց ՀՅԴ-ին այն պահվածքի համար, որ իշխանություն լինելով` իրեն իշխանության եւ ընդդիմության այլընտրանքն է համարում, իշխանական բարիքներից օգտվելով` գտնում է, թե անօրինականություններից հեռու է, հանդես է գալիս սպիտակ ձեռնոցներով: Քննադատություն չպակասեց նաեւ գործընկեր ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչների տեսակետներում, որոնք չեն ընկալում գործընկերոջ պահվածքը:
Երկու թեկնածու թողնել` նոյեմբերյան արտակարգ ժողովում մեկին որոշելու համար. ԳԺ այս որոշումն էլ հակադարձումների ենթարկվեց` որակվելով որպես ավելի շատ քարոզչական տրյուկ, փիար եւ այլն: «Ուրբաթ» ակումբում հյուրընկալված ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը այս եւ այլ բազմաթիվ հակադարձումների արձագանքեց: Նա նկատեց, որ նախագահության սեփական թեկնածուի առաջադրումը նախ հասարակության մեջ բանավեճ առաջացնելու նպատակ է հետապնդում, քանի որ հավասարակշռված իշխանություն ունենալու համար նախագահական ընտրություններն առնվազն երկու հարց պետք է լուծեն. նախ ընտրությունները պետք է դառնան իրական, որի համար երկրում բանավեճ պետք է ծավալվի. քանի որ նախագահի ընտրությունը կանխորոշում է երկրի հետագա ռազմավարությունը, ռազմավարական մակարդակով ուր պետք է գնա:
Իսկ այն տեսակետը, որն արմատներ է սկսել գցել, որ հասարակության մեջ պահպանվի այնպիսի մթնոլորտ, որ ընտրությունների արդյունքները կանխորոշված են, ամենակարճ ճանապարհն է կաթվածահար անելու քաղաքական դաշտը, լճացման տանելու քաղաքական գործընթացները Հայաստանում. «Այս մոտեցմանը մենք կտրականապես դեմ ենք, մենք չենք համարում, որ նախագահական ընտրությունները նախապես կանխորոշված են», ասաց նա. մինչեւ հիմա բանավեճի ինքնուրույն եւ լիարժեք կողմ չի եղել նախագահական ընտրությունների առումով: Նա զարմացավ ՀՅԴ-ի սեփական թեկնածուով հանդես գալուց զարմացողների վրա` քանի որ Դաշնակցության այս պահվածքի հիմքը դրվեց մայիս ամսին, երբ որոշվեց, որ կոալիցիայի հետ համաձայնագիր է կնքվում. «Կոալիցիայի մեջ չմտանք` հիմնական հարցը նաեւ այս էր, որ սեփական թեկնածուով ենք հանդես գալու: Իսկ տեսակետը, որ ընդդիմության պարտությունից հետո քաղաքական դաշտում հաստատված անդորրը ՀՅԴ-ն իր պահվածքով խախտելու է` Ռուստամյանը վտանգավոր համարեց. «Մենք ուղղակի կողջունենք այն ուժերին, որոնք հրապարակ կգան եւ պայքարը կդարձնեն գաղափարական-քաղաքական: Սա միակ ճանապարհն է պայքարելու ընտրական գործընթացներում առկա արատավորության դեմ, այլապես վերարտադրությունը կանխորոշված է: Եկեք բանավիճենք, հիմա արդեն ռազմավարությունների շուրջ», ասաց նա:
«Ազգի» հարցին, թե արդյոք քարոզչական հնարա՞նք է երկու թեկնածուի առկայությունը մինչեւ նոյեմբեր` Ռուստամյանը հակադարձեց. «Սա ժողովրդավարության ամենապարզ դրսեւորումներից մեկն է, ՀՅԴ-ն փորձել է առաջավոր փորձը Հայաստան փոխադրել, երկուսի միջեւ ընտրություն կատարելու հասունացումը շարքերի եւ ժողովրդի տրամադրությունները ստուգելով է ճիշտ»:
Իսկ ինչպե՞ս են միմյանց հետ մրցակցելու, ձեւական չէ՞: Չէ, այդ բոլորը բաց է լինելու, ում էլ ընտրի` ի վերջո Դաշնակցությանն է ընտրում: Նույն կուսակցությունն են ներկայացնում, բայց ոճային տարբերություններ ունեն երկու թեկնածուները:
Եթե ՀՅԴ-ին հնազանդեցնելու համար հիշեն «Դրոյի» կամ «Վահան Հովհաննիսյան+30» դեռ չփակված գործերը. «Թող հիշեն` մենք էլ հիշելու բան կունենանք», ասաց: Չնայած` «Մենք մեր հիշեցումներով չենք ուզում էլ ավելի բորբոքել արատավոր կրքեր, կոմպրոմատային ակցիաներ սկսել` դրանք լավ տեղ չեն տանում, բայց պետք եղած դեպքում ՀՅԴ-ն կպատասխանի... եւ շատ հուժկու: Եթե մեզ սկսեն մեղադրել` ո՞վ է այն անմեղը, որ առաջին քարը կնետի մեզ վրա... ոտքերն ամպոտ հրեշտակի կերպով մեղադրելով, թե ժողովրդի բոլոր պրոբլեմների համար Դաշնակցությունն է պատասխանատու. երկու-երեք անգամ ավելի մենք մեղադրելու բան ունենք»:
Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը Ա. Ռուստամյանը դրական է համարում այն տեսակետից, որ դա կօգնի գաղափարականացնելու ընտրությունը` դեմ-դիմաց կլինեն ազգային եւ ազգայինը մերժող գաղափարախոսությունները: Պատասխանելով երիտասարդ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի այն մեկնաբանությանը, թե երկու անուն ներկայացնելը ՀՅԴ բրենդն է, որով կշիռ է ավելացվում, բանախոսն այդպիսի բացատրությունը բանավեճից խուսափելու փորձ անվանեց, իսկ ՀՅԴ-ի բրենդ ունենալը վաղուցվա բան համարեց` ով այդ մասին նոր է իմանում, իրենց պրոբլեմն է: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը խոսքի մեջ սեթեւեթանք էր անվանել ՀՅԴ-ի` ինքն իրեն հա՛մ իշխանություն, հա՛մ ընդդիմության այլընտրանք կոչելը: Այդ բառը Ռուստամյանը վերադարձրեց ՀՀԿ-ին, ճիշտ է, մեղմելով «եթե-ուրեմն»-ով:
ՀՅԴ-ական նախարարների խնդիրը. ըստ Ա. Ռուստամյանի` երեք տարբերակ կարող է լինել. ա) հետ կանչել նախարարներին եւ շարունակել համագործակցությունն այլ ձեւերով, բ) երկատված վիճակում չաշխատելու համար արձակուրդ գնալ մի որոշակի ժամկետով, գ) շարունակել աշխատել. այս երեքին էլ պատրաստ է ՀՅԴ-ն` նայած գործընկեր իշխանական թեւի հետ բանակցությունների արդյունքում ո՞ր տարբերակի վրա կանգ կառնեն: Լրագրողները փորձում էին պարզել, թե ինչո՞ւ է ՀՅԴ-ն դեմ իր պաշտպանած նախագահ Քոչարյանի նախընտրած թեկնածու Սերժ Սարգսյանին. «Դեմ չենք, դեմի գաղափարով չենք առաջնորդվում, մենք անձի դեմ չենք եւ թշնամի չենք ման գալիս երկրում... վիճենք առարկայի, խնդիրների շուրջը, ոչ թե վիճենք իրար նվաստացնելու, ցեխ շպրտելու համար»:
Ա. Ռուստամյանը կարծում է, թե ՀՅԴ թեկնածուն կանցնի երկրորդ փուլ, մինչդեռ, հիշեցնենք, ՀՀԿ-ական առաջնորդներն իրենց տեսակետներում համոզմունք են հնչեցնում իրենց թեկանծուի միափուլ եւ վստահ հաղթանակի մասին:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ