Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) քարտուղար Գրիգոր Հարությունյանը երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց, որ «երկրում ստեղծված իրավիճակն ուժերի համախմբում է պահանջում», ուստի ընդդիմությունը նախագահական ընտրություններին պետք է փորձի հանդես գալ մեկ թեկնածուով: ՀԺԿ քարտուղարի խոսքով, ինքն այնքան միամիտ չէ, որ մտածի, թե մեկ թեկնածու կլինի, բայց այդուհանդերձ հարկավոր է հասնել «առավելագույնս մեկ թեկնածուով» մասնակցությանը:
Պնդելով մեկ թեկնածուի գաղափարը` կուսակցության քարտուղարը շեշտեց, որ միասնական թեկնածուի անհրաժեշտությունը կարեւորում են` առաջնային չհամարելով իրենց կուսակցության թեկնածուի հարցը: Ինչ վերաբերում է «մետելիցյան» հանդիպումներին, որոնք այլեւս տեղի չեն ունենում, Գրիգոր Հարությունյանը նկատեց. «Քաղաքական ուժերը պետք է նախապես համաձայնության գան»: Ընդդիմադիր ուժերի հետ ՀԺԿ-ն հանդիպումներ ունենում է, բայց վերջնական արդյունքին դեռ մոտ չեն: Քարտուղարը կարծում է, որ միասնական թեկնածու համարվելու արժանավորներ շատ կան, բայց անուններ չցանկացավ տալ: Ինչ վերաբերում է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Գ. Հարությունյանը համոզված է, որ նա կարող է համախմբող դեր կատարել: Նրա խոսքով, առաջին նախագահը դեռ ոչինչ չի ասել, բայց իշխանությունների պահվածքից երեւում է, որ նրանք էլ են սպասում Տեր-Պետրոսյանի խոսքին:
Գրիգոր Հարությունյանն ասուլիսը սկսեց լրագրողների նկատմամբ բռնություններն, ինչպես նաեւ նախօրեին Դավիթաշենում հնչած կրակոցները դատապարտելով: «Տեցի կռուգի» եւ մյուս «հերոսությունների» փորձն ունեցող մեր երկրի համար կուսակցության քարտուղարը վերը նշվածը տրամաբանական է համարում` միեւնույն ժամանակ նշելով, որ երկրի իշխանությունն այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ չի կարող պայքարել նման երեւույթների դեմ: Ազգային ժողովի կողմից գլխավոր դատախազի նշանակմանն անդրադառնալով` ՀԺԿ քարտուղարն ընդգծեց, որ դրանով երեւաց, թե ինչպիսի ընդդիմություն կա ԱԺ-ում: Իհարկե, ՀԺԿ ներկայացուցիչը չմեղադրեց ընդդիմություն համարվող ՕԵԿ-ին եւ «Ժառանգությանը», այլ մեղադրանքն ուղղեց իշխանություններին, որոնք այնպիսի «ԱԺ են ստեղծել, որ իրենց ուզածն անցկացնեն»:
«Չե՞ք կարծում, որ ընդդիմադիրների այս բանակցությունները սիզիֆյան աշխատանք են լինելու եւ կրկին արդյունք չեն տալու, ու ընդդիմությունն այդպես էլ չի միավորվի, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրը կաշկանդված է իր սկզբունքներով ու շահերով», «Ազգի» հարցին Գրիգոր Հարությունյանը պատասխանեց. «1995-ին «Արդարություն» դաշինքը համախմբում չէ՞ր: Դուք ավելի շատ կենտրոնանում եք 2007-ի ընտրությա՞ն վրա: Դուք ի՞նչ եք կարծում, 25 քաղաքական ուժեր կարող էին միասնական գնալ ընտրության, բայց չէ՞ որ «Արդարություն» դաշինքը միավորում էր: Այստեղ բավական խնդիրներ կան, այդպես միանշանակ չի կարելի ասել: Դա չէ պատճառը, որ ընդդիմությունը չմիավորվեց, իշխանության տված խայծն է, որ ասի, տեսեք, չմիավորվեցին»: Մեր հաջորդ հարցին, թե Դաշնակցության` նախագահի 2 թեկնածուի անուն հոլովելու հանգամանքը կարո՞ղ է նշանակել, որ իրական պայքար կլինի հենց իշխանական թեւում, թե՞ դա ուղղակի մարտավարություն է, ՀԺԿ քարտուղարն արձագանքեց. «Դժվար է ասել, ոչինչ չեմ բացառում»:
Իսկ ընդհանրապես ՀՅԴ-ի հայտարարության առնչությամբ, թե իրենք պետք է ընտրություն կատարեն Վահան Հովհաննիսյանի եւ Արմեն Ռուստամյանի միջեւ, Գրիգոր Հարությունյանը մեկնաբանում է երկու տարբերակով. «Առաջինը` ՀՅԴ-ն չի կարողացել մեկ թեկնածու գտնել հենց իր մեջ, ընդհանուր հայտարարի չի եկել, երկրորդը` երեւի, որպեսզի ցույց տան, որ երկու թեկնածու ունեն»:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ