«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2007-09-18 | #170, 2007-09-19 | #171, 2007-09-20


ԾԱՅՐԱՀԵՂԻՑ ՆՈՐՄԱԼ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԵՆՔ ԳՆՈՒՄ

Հարյուր օրական կառավարությունն արդեն ավանդաբար չպիտի լռի եւ դա պետք է արտահայտի պաշտոնավարման առաջին հարյուր օրերին արած-չարածին անդրադառնալով: Հերթական անդրադարձը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանինն էրՙ երեկ «Ուրբաթ» ակումբում: Անդրադարձը աշխատանքային շատ ավելի ընդգրկուն ժամանակահատվածի էր, քան հարյուր օրը, քանի որ Աղվան Վարդանյանի պաշտոնավարման 4-րդ տարին է նշված նախարարությունում:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եկող տարի 8 մլրդ դրամով ավելի շատ ֆինանսավորում կունենա այս տարվա համեմատ եւ այդ գումարը կկազմի 40 մլրդ դրամ: Կաճեն ինչպես նվազագույն աշխատավարձըՙ 25 հազար, կենսաթոշակըՙ 21 հազար դրամի չափով, այնպես էլ ընտանեկան նպաստների հասցեականությունն ու այդ նպաստից կենսաթոշակների բարձրացմամբ հանիրավի զրկվածների թիվը կնվազի: Ներկայում կառավարությունում շրջանառվում է մի որոշում, որի ընդունման դեպքում, ինչպես նախարարը վստահեցրեց, կենսաթոշակի բարձրացման հետեւանքով ընտանեկան նպաստի համակարգից դուրս մնացածներին կվճարվի նպաստի եւ կենսաթոշակի տարբերությունը կամ դրա կրկնակին: Նպաստառու ընտանիքների քանակն էլ կկազմի 416, 5 հազար:

Ծայրահեղ աղքատությունից նորմալ աղքատության էլ հասնելու ենք, բայց ոչ այս կամ եկող տարի, այլ 2011 թվականին, երբ աղքատությունը կկազմի 12%: Աշխատանքի եւ սոցիալական համակարգի օրենսդրական հենքը գրեթե ավարտված գնահատելովՙ Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ համակարգի կայուն զարգացման ռազմավարության մշակումն էլ նախարարության առաջիկա 1,5 տարվա ծրագրում է եւ նախատեսվում է Եվրոմիության անդամ Լիտվայի հաջողված փորձն ուսումնասիրելու գործուղել նախարարության տասը փորձառու աշխատակիցների:

Սոցիալական ծառայությունների մի քանի ենթակայությունը, Աղվան Վարդանյանի գնահատականով, անընդունելի է, եւ եթե այդ ոլորտում կան թերացումներ, օրինախախտումներ ու բացթողումներ, ապա նաեւՙ դրանց հիմք: Սոցիալական քարտերի անհրաժեշտությունն ու թղթաբանության կրճատումը, որ շեշտվում էր դրանց կամավոր-պարտադիր ներդրման փուլում, այսօր հասարակությանը տեսանելի չէ, բայց նախարարի պնդմամբ կա եւ անվիճելիորեն տեսանելի կլինի հասարակությանը, երբ լիովին ներդրվի տեղեկատվական բազան: Ի տարբերություն տեղեկատվական բազայի, սոցքարտերը 97%-ով ներդրված են:

Օրը կգա, բարին հետը

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը որպես ՀՅԴ գերագույն մարմնի անդամ պատասխանեց նաեւ քաղաքական բնույթի հարցերի. «ՀՅԴ-ն Հայաստանում լիարժեք գործունեություն ծավալող քաղաքական ուժ է եւ ընտրությունից ընտրությունՙ հասարակությանն ավելի ընկալելի, ընդունելի, հետեւաբար եւ հասարակության քվեն ստացող: Աշխատում ենք հուշագրի շրջանակներում եւ եթե նախագահի սեփական թեկնածու առաջադրելու փոխարեն կորոշեն հետ կանչել ՀՅԴ նախարարներին, ապա կվարվենք այդկերպ»: Հակառակ պարագայում, ըստ Աղվան Վարդանյանի, կշարունակեն պաշտոնավարումը: Իսկ թե ինչով է բացատրվում նախագահի ՀՅԴ թեկնածուի առումով կուսակցության երկընտրանքը եւ ով, իր կարծիքով, կլինի, ՀՅԴ ԳՄ անդամն ասաց. «Օրը կգա, բարին հետը: Կուսակցությունը երկու թեկնածու է որոշել եւ միայն քննարկումից հետո կորոշի նրանցից մեկի առաջադրումը»: Իսկ իր անձնական կարծիքը միայն քննարկման ընթացքում բանախոսը կբարձրաձայնի:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4