«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2007-09-18 | #170, 2007-09-19 | #171, 2007-09-20


ԲԱՑՎԵՑ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԵՎ ԳՐՔԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Սեպտեմբերի 14-ին Ժնեւում բացվել է միջնադարյան հայկական ձեռագրերի եւ գրքերի «Հայաստանի մանրանկարները. Մատենադարանի հավաքածուն» ցուցահանդեսը: Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի Ռեյի եւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հովանավորությամբ անցկացվող ցուցահանդեսը կազմակերպվել է Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի, Մարտին Բոդմեր հաստատության եւ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության համատեղ ջանքերով:

Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, Մատենադարանի տնօրեն Հրաչ Թամրազյանը, Ժնեւի կանտոնի Խորհրդի նախագահ Շառլ Բեռը, Շվեյցարիայի դաշնային եւ Ժնեւի կանտոնալ բարձրաստիճան պաշտոնյաներ, Ժնեւում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ հավատարմագրված դիվանագետներ:

Ցուցահանդեսը ներկայացնում է Հայաստանի` որպես Արեւմուտքի եւ Արեւելքի խաչմերուկում գտնվող երկրի ներդրումը համամարդկային հոգեւոր արժեքների գանձարանում, բացահայտում է կրոնի, փիլիսոփայության, մշակույթի, արվեստի եւ գիտության հիմնարար ազդեցությունը հայ ժողովրդի ինքնության ձեւավորման վրա:

Ցուցանմուշների թվում են Մատենադարանի գանձերից Արցախի Ավետարանը (XIVդ.), Տաթեւի դպրոցի Ավետարանը (XIVդ.), Գրիգոր Տաթեւացու, Գրիգոր Նարեկացու եւ Դավիթ Անհաղթի եզակի ձեռագրերը: Լայնորեն ներկայացված է Կիլիկիայի մանրանկարչության դպրոցը (Ակների Ավետարանը (1287թ.), Սարգիս Պիծակի Արքայական Ավետարանը (1336թ.), Սմբատ Գունստաբլի Ավետարանը (XIVդ.) եւ այլն):

Ցուցահանդեսում ներկայացվելու են նաեւ Վենետիկի Մխիթարյան միաբանության գրադարանից եւ Ֆրանսիայի ազգային գրադարանից բերված հայկական ձեռագրեր, այդ թվում` 14-րդ դարի Ալեքսանդրի պատմությունը, որը ոչ կրոնական մանրանկարչության եզակի նմուշ է:

Ցուցահանդեսը տեւելու է մինչեւ դեկտեմբերի 30-ը: Ցուցահանդեսի շրջանակում անցկացվելու է նաեւ ֆրանսիացի արվեստաբան Ռեժի Լաբուրդետի լուսանկարների «Խորհրդապաշտական խաչ» ցուցահանդեսը նվիրված հայկական եկեղեցիներին:

Ցուցահանդեսի հովանավորներն են Հանս Վիլսդորֆ հիմնադրամը, «Պողոսյան եւ որդիներ», «Արմենիա», «Փիլիպոսյան» հիմնադրամները, Էդի եւ Թալին Ավագյանները եւ Լոմբարդ Օդյե բանկը: Ցուցահանդեսին օժանդակում է նաեւ Յուլիուս Բաեր բանկը: Ցուցահանդեսի գիտական կուրատորն ու կատալոգի խմբագիրն է Ժնեւի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Վալենտինա Կալցոլարին: Կատալոգը կազմվել է Մատենադարանի գիտական անձնակազմի մասնակցությամբ, իսկ դրա տպագրությունը հովանավորել են Էդի եւ Թալին Ավագյան բարերարները:

Տեղեկանք. Բոդմեր գրադարան-թանգարանը հիմնադրել է շվեյցարացի բարերար Մարտին Բոդմերը 20-րդ դարի կեսերին եւ համաշխարհային խոշորագույն անհատական գրադարաններից մեկն է` ունի 160 հազար հատոր հավաքածու: Այսօր գրադարան-թանգարանի մշտական հավաքածուն պարունակում է վաղ եւ ուշ միջնադարյան ձեռագրեր, այդ թվում` Նոր կտակարանի մի շարք տեքստերի, մասնավորապես Հովհանի ավետարանի հնագույն պահպանված օրինակները, համաշխարհային դասականների գործերի ձեռագիր բնօրինակներ (Ադամ Միլտոնի «Դրախտ կորոայալը», Գյոթե, Ուիլյամ Բաթլեր Յեյթս, Մարսել Պրուստ, Ջոն Դոն եւ այլն) եւ առաջին հրատարակություններ (Դանթե, Շեքսպիր եւ այլն): Թանգարանի կազմակերպած համաշխարհային ժառանգությունը ներկայացնող ցուցահանդեսները լայնորեն լուսաբանվում են եվրոպական մամուլում եւ հեռուստատեսությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4