Սեպտեմբերի 13-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ Նիցցայի քաղաքապետ, սենատոր Ժակ Պեյրան Նիցցայի լուսանկարչության եւ կերպարի թատրոնում բացեցին լուսանկարչական խոշոր ցուցահանդես, որը կրում է «Նոթատետրեր Հայաստանից» անունը, եւ որով կավարտվի Հայաստանի տարվա միջոցառումների շարքը միջազգային տուրիզմի եւ հանգստի այդ նշանավոր կենտրոնում: Ցուցահանդեսը տեւելու է մինչեւ նոյեմբերի վերջը:
Դեսպան Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով Նիցցայի հասարակությանը եւ քաղաքապետ Ժակ Պեյրային, գոհունակությամբ նշեց, որ Նիցցան դարձել է հայ-ֆրանսիական բարեկամության խորհրդանիշներից մեկը: Եվ պատահական չէ, որ նախագահ Քոչարյանը այս տարվա փետրվարին Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Փարիզից հետո այցելեց Նիցցա, որտեղ հռչակավոր Պրոմենադ դեզ Անգլեի վրա բացվեց Հայաստանի պուրակը:
Նիցցայում Հայաստանի տարվա շրջանակներում տեղի ունեցան չորս տասնյակ խոշոր միջոցառումներ. Նիցցայի օպերային թատրոնում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, Ժամանակակից արվեստի թանգարանում արդի հայ նկարչության ցուցահանդեսը, հայկական խոհանոցի շաբաթը եւ այլն:
Նիցցայի, հատկապես Պրովանս-Ալպ-Կոտ դ՛Ազյուրի շրջանի, Ալպ-Մարիտիմի նահանգի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը զարգանում է հարաճուն կերպով: Անցյալ տարի Շրջանային խորհրդի նախագահ Միշել Վոզելը մեծ պատվիրակությամբ այցելեց Հայաստան Լոռու մարզի հետ կապերն ավելի խորացնելու նպատակով: Այս տարվա ապրիլին Հայաստան այցելեց նաեւ պետքարտուղար Ալպ-Մարիտիմին, գլխավոր խորհրդի նախագահ Քրիստիան Էստրոզին:
Սեպտեմբերի 20-ին Հայաստան է այցելելու Նիցցայի քաղաքապետ, սենատոր Ժակ Պեյրան: Այցի ընթացքում նախատեսված են Երեւանի եւ Նիցցայի քույրացման, ինչպես նաեւ Երեւանի պետական համալսարանի եւ Նիցցայի համալսարանների միջեւ համագործակցության պայմանագրերի ստորագրում: