«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2007-09-18 | #170, 2007-09-19 | #171, 2007-09-20


ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ

Սեպտեմբերի 13-ին Մոսկվայում, ուր գնացել էր վիրահատության, իր մահկանացուն կնքեց հայրենի բժշկագիտության (հատկապես կենսաքիմիայի բնագավառ) երեւելի դեմքերից, Երեւանի սրտաբանության ինստիտուտի երկարամյա աշխատակից, նախ որպես կրտսեր գիտաշխատող, ապա նաեւ իր իսկ ստեղծած կլինիկական կենսաքիմիայի եւ ժամանակակենսաբանության (քրոնոբայոլջի) լաբորատորիայի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Նուբար Ասլանյանը: Անողոք հիվանդությունն այս անգամ էլ հաղթող դուրս եկավ:

Նուբար Ասլանյանը ծնվել էր Կահիրեում (Եգիպտոս) 1931-ին: Ավարտել էր տեղի հայկական Գալուստյան ազգային վարժարանը: Հայաստան էր ներգաղթել 1947-ին եւ Երեւանի բժշկական ինստիտուտն ավարտել 1954-ին: 1954-57 թվականներին աշխատել էր Ապարանի շրջանի Քուչակ գյուղի հիվանդանոցում որպես բուժող բժիշկ: Այնուհետեւ վերադառնալով Երեւան, շարունակել էր ուսումը անվանի գիտնական, պրոֆ. Լ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ եւ պաշտպանել թեկնածուական թեզ: Գիտական հետաքրքրությունների շրջանակն էր երիկամի գործունեության դերը զարկերակային արյան ճնշման բարձրացման վրա, էլեկտրոլիտների փոխանակության խանգարումները հիպերտոնիկ հիվանդության ժամանակ: Ուսումնասիրությունների այս շարքն էլ որպես դոկտորական թեզ նա պաշտպանել էր եւ արժանացել դոկտորի գիտական աստիճանի: Թուքի մեջ սոդիումի ու պոտասիումի քանակների փոփոխության վերաբերյալ իր ուսումնասիրությունները մեծ հետաքրքրության էին արժանացել հատկապես ֆրանսիացի գիտնականների շրջանում, որոնք էլ նրան ընտրել էին «Ժամանակակենսաբանների ֆրանսիական ընկերության» եւ ապա «միջազգային ընկերության» անդամ:

1992-ից մինչեւ 2003-ը Առողջապահության ազգային ինստիտուտի ախտորոշման ամբիոնի վարիչն էր, միաժամանակ դասավանդում էր բժշկական ինստիտուտում:

Հեղինակ է շուրջ 500 գիտական հոդվածների: Ունի նաեւ մենագրություններ` հայերեն եւ ռուսերեն: Իր գիտական ղեկավարությամբ շուրջ 30 դոկտորական թեզեր պաշտպանվել են, իսկ 5 մասնագետներ դարձել գիտության դոկտորներ:

Խոնարհ, ազնիվ, պրպտող, բարձր պատասխանատվության տեր գիտնականի թաղումը տեղի ունեցավ Երեւանում սեպտեմբերի 15-ին:

Երկնային հանգստություն իրեն ու երկրային մխիթարություն իր կնոջը, երկու դուստրերին եւ բոլոր սգակիրներին:

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4