«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2007-09-18 | #170, 2007-09-19 | #171, 2007-09-20


ԲԱՔՎՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՌԱԳՈՒՅՆԸ

Յուրի Պատրիկեեւը Հայաստանին առաջին մեդալն ու երկրորդ ուղեգիրը պարգեւեց

Հայ մարզասերների երազանքը վերջապես իրականացավ: Բաքվում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում բարձրացվեց Հայաստանի Հանրապետության դրոշը: Ճիշտ է, կազմակերպիչներին դա ստիպեց կատարել ռուս ըմբիշ Յուրի Պատրիկեեւը, որը վերջին տարիներին հանդես է գալիս Հայաստանի հավաքականում: Մինչեւ 120 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշների մրցավեճում Յուրի Պատրիկեեւն իրեն հիանալի դրսեւորեց` արժանանալով բրոնզե մեդալի: Փորձառու ըմբիշը նախ առավելության հասավ վրաց եւ լիտվացի մարզիկների նկատմամբ, ապա 1/8 եզրափակիչում համառ մրցապայքարում, ընդամենը մեկ միավորի տարբերությամբ զիջեց կուբացի Միգել Լոպեսին: Եվ քանի որ վերջինս հասել էր եզրափակիչ, Պատրիկեեւն իրավունք ստացավ բրոնզե մեդալի համար մենամարտ անցկացնելու: Նա երկու գոտեմարտ շահեց, դրանցից երկրորդում բացահայտ առավելությամբ հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Անտոն Բոտեւին:

Պատրիկեեւն իրեն հիանալի դրսեւորեց նաեւ հունգարացի ըմբիշ Դեր Վարդեշի հետ գոտեմարտում: Մաքուր հաղթանակ տոնելով` ռուս ըմբիշը նվաճեց բրոնզե մեդալ: Դա Հայաստանի մարզական պատվիրակության առաջին մեդալն էր աշխարհի ընթացիկ առաջնությունում: Պատրիկեեւը նաեւ Պեկինի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց: Հիշեցնենք, որ մինչ այդ նման հաջողության էր հասել Արման Ադիկյանը: Իսկ մինչեւ 120 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց կուբացի Միգել Լոպեսը, որը եզրափակիչում պարտության մատնեց ռուսաստանցի Հասան Բարոեւին: Փաստորեն, Պատրիկեեւը պարտվեց աշխարհի չեմպիոնին, ինչն ավելի է արժեւորում նրա նվաճած բրոնզե մեդալը:

Բաքվում իրենց մրցավեճն են սկսել ազատ ոճի ըմբիշները: Առաջին գոտեմարտերում տանուլ տալովՙ պայքարից դուրս մնացին Վահան Սիմոնյանը (55 կգ) եւ Արմեն Կարապետյանը (60 կգ):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4