«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2007-09-18 | #170, 2007-09-19 | #171, 2007-09-20


ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՉԱՐԴԱՐԱՑՐԵՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ

Թաիլանդի Չիանգ Մայ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ծանրորդներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ մինչեւ 69 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը: 19-ամյա հայ ծանրորդը մասնակիցների մեջ ամենաերիտասարդն էր: Չնայած դրան, Տիգրանը կրում է Եվրոպայի պատանիների եւ երիտասարդների չեմպիոնի տիտղոսը, իսկ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում դարձել էր արծաթե մրցանակակիր: Այնպես որ հայ ծանրորդից սպասելիքները մեծ էին: Սակայն ցավոք այդ սպասելիքները չարդարացան:

Տիգրան Մարտիրոսյանն առաջին իսկ վարժությունում տապալվեց: Պոկում վարժությունում Տիգրանը չկարողացավ բարձրացնել պատվիրված 151 կգ նախնական քաշը եւ 0 ստանալով, փաստորեն զրկվեց մեդալների համար մղվող պայքարից: Դա էր պատճառը, որ հրում վարժությունում Մարտիրոսյանը միայն մեկ մոտեցում կատարեց եւ բարձրացնելով 171 կգ, այլեւս մրցահարթակ դուրս չեկավ:

Այսպիսով, Հայաստանի ծանրորդների մեկնարկն աշխարհի առաջնությունում շատ անհաջող ստացվեց: Հուսանք, որ մեր մյուս ծանրորդներն անմասն չեն մնա մեդալների համար մղվող պայքարից, ինչը կօգնի նրանց նաեւ օլիմպիական ավելի շատ ուղեգրեր նվաճել: Իսկ մինչեւ 69 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսին արժանացավ չին ծանրորդ Չժան Գոչժեն, որը երկամարտում ցույց տվեց 347 կգ (155+192) արդյունք: Երկրորդ տեղը զբաղեցրեց նրա հայրենակից Շի Չժիյունը` 338 կգ (158+180), ընդ որում պոկում վարժությունուն նա արժանացավ փոքր ոսկե մեդալի: Բրոնզե մեդակալիր դարձավ բուլղարացի Դեմիր Դեմիրեւը` 334 կգ (153+181):

Ընդհանրապես չին ծանրորդները, որոնք անկախ առաջնության արդյունքներից, որպես Պեկինի օլիմպիադայի կազմակերպիչ երկրի ներկայացուցիչներ իրավունք ունեն օլիմպիական մրցաշարում հանդես գալ լրիվ կազմով, առայժմ շատ հաջող ելույթներ են ունենում: Մինչեւ 62 կգ քաշային կարգում էլ ուժեղագույնը Չինաստանի ներկայացուցիչն էր` Յան Ֆանը, որը երկամարտում ցույց տվեց 315 կգ (142+173): Արծաթե մեդալը նվաճեց ԿԺԴՀ-ի ըմբիշ Իմ Են Սուն` 315 կգ (142+173), որը միայն անձնական ավելի ծանր քաշի պատճառով չեմպիոնի տիտղոսը զիջեց մրցակցին: Բրոնզե մեդալակիր դարձավ բուլղարացի Իվայլո Ֆիլեւը` 301 կգ (138+163):

Իսկ մինչեւ 56 կգ քաշայինների մրցավեճում լավագույն արդյունք ցույց տվեցին ԿԺԴՀ-ի ներկայացուցիչ Չա Կում Չոլը եւ չին ծանրորդ Լի Չժենը: Նրանք երկամարտում միեւնույն արդյունքին հասան (283 կգ): Չին ծանրորդը անձնական քաշով ավելի ծանր էր, ուստի աշխարհի չեմպիոնի տիտղոսը զիջեց մրցակցին: Բրոնզե մեդալը նվաճեց Ինդոնեզիայի ներկայացուցիչ Իրավանը` 278 կգ (124+154):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4