«Մարդիկ մտածում են, որ եթե երկրի վիճակը բարելավվում է, բարեսիրության կարիք չկա: Ամերիկան, որ ամենահարուստ եւ ամենահզոր երկիրն է, ամեն տարի միլիոնավոր դոլարների օգնություն է տալիս աղքատներին: Կարծեմ Հայաստանը դեռ Ամերիկայից առաջ չի գնացել իր տնտեսական աճի մեջ, եւ որքան էլ երկիրը հարստանա, միշտ կլինի ժողովրդի մեջ մի խավ, որ բարեսիրական օգնության պետք ունի», շաբաթ օրը «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց Միացյալ հայկական հիմնադրամի տնօրեն Հարութ Սասունյանը: Նա մի պատվիրակության հետ, որի կազմում էին նաեւ փոխքաղաքապետ Կամո Արեյանն ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը, սպասում էր Ամերիկայից ժամանող ինքնաթիռի վայրէջքին, որը Հայաստան էր բերում հիմնադրամի հերթական, բայց եւ հոբելյանական օգնությունը:
1988-ի երկրաշարժից մի քանի ամիս անց Միացյալ հայկական հիմնադրամը, տնօրենի խոսքով, որոշել է ծրագրված ձեւով օգնություն ուղարկել Հայաստան: Հիմնադրամը Ամերիկայի գլխավոր 7 հայ-ամերիկյան կազմակերպությունների հետ գործակցությամբ արդեն 17-18 տարի օգնություն է ուղարկում Հայաստան եւ Արցախ: Շաբաթ օրը Հայաստանում վայրէջք կատարած ինքնաթիռով մեր երկիր բերված օգնությունը հոբելյանական էր, քանի որ այդ օժանդակությամբ տարիներ շարունակ ցուցաբերած օգնությունը հասավ 500 մլն դոլարի: Հարութ Սասունյանը շեշտեց, որ հիշյալ չվերթը 144-րդն է, իսկ օժանդակության արժեքը կազմում է 2 մլն 7 հարյուր հազար դոլար:
Պատմական համարելով հոբելյանական չվերթի օրը` հիմնադրամի ղեկավար Հարութ Սասունյանն ընդգծեց, որ այս տարիներին Հայաստանին ցուցաբերված օգնությունն ընդգրկել է դեղորայք, համակարգիչներ, բժշկական ու գրենական պիտույքներ, պատճենահանման սարքեր, հողամշակման սարքավորումներ եւ «այն ամենը, ինչի կարիքն ունի երկիրը, ժողովուրդը»: Հիմնադրամի նախագահի խոսքով, իրենք նախապես կապ են պահպանում Հայաստանի բոլոր ոլորտների, նախարարությունների, վարչությունների հետ եւ նրանց հետ խորհրդակցելով որոշումՙ ինչ ուղարկել: Միացյալ հայկական հիմնադրամի նախագահն ընդգծեց, որ իրենք շարունակական օգնություն են ցուցաբերելու Հայաստանին ու Արցախին:
Հոբելյանական չվերթով Հայաստան հասցված օգնությունը, Հարութ Սասունյանի խոսքով, տրվելու է 50-60 կազմակերպությունների, նախարարությունների, բարեսիրական ընկերությունների, որոնք ներկայացնում են զանազան ոլորտներ: Ինչ վերաբերում է օգնության չարաշահման դեպքերին, երբ չի հասնում ճիշտ հասցեատիրոջը, Հարութ Սասունյանը նկատեց. «Մենք գիտենք Հայաստանի վիճակն ինչ է, եւ երբեք անակնկալ չէ, որ մեր դեղորայքից վաճառվում է, բայց որքան էլ վերահսկես, եթե ուզեն խաբել, կխաբեն: Վերահսկելով չէ, որ հարցերը լուծվում են: Որոշ չափով այդ չարաշահումները բոլոր երկրներում էլ լինում են, մենք ձգտում ենք դրանք զրոյի հասցնել, բայց կարծեմ ավելի լավ է օգնենք եւ որոշ չարաշահումներ ընդունենք որպես իրողություն, կյանքի իրողություն»:
Հոբելյանական չվերթով երկիր բերված օգնությունից 8 առաքում էլ հատկացվել է Արցախին: ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը, խոսելով Հայկական միացյալ հիմնադրամի ցուցաբերած օգնության մասին, կարեւորեց համագործակցությունը բարոյական տեսանկյունից: Նա Հարութ Սասունյանին հանձնեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձը, որտեղ մասնավորաբար ասված է. «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից Հայկական միացյալ հիմնադրամի աշխատակիցներին եւ բոլոր բարերարներին մաղթում եմ ամենայն բարիք եւ նոր ձեռքբերումներ ի փառս հայ ժողովրդի լուսավոր ու բարգավաճ ապագայի»: Շաբաթ օրը Միացյալ հայկական հիմնադրամին շնորհակալական ուղերձ էր հղել նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ