«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2007-09-20 | #172, 2007-09-21 | #173, 2007-09-25


ՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐԻՆ ԱՐԺԱՆԻ ՄԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ

«Ես գիրքը տպարան տարա 456 էջով, հետո ութ էջ վերջին մասից պակասեցրել եմ: Այբբենական կարգով շարված մի ցանկ էր, մոտ 400 հայ լուսանկարիչների անուններ, որոնք տեղ չեն գտել այս գրքում: Վերջանում է հայ հեղինակներով, ովքեր լուսանկարչության մասին գիրք են գրել» -պատմում է լուսանկարիչ Վահան Քոչարը:

Շուրջ յոթ տարի է նա այս գրքի վրա է աշխատել, լրամշակել անընդհատ: Նույնիսկ տպարանում վերջինս տեղ հասած լուսանկարն է զետեղել. «Հորսՙ Անդրանիկ Քոչարի մտահղացումը որ կարողացա իրագործել, դրանից մեծ բան չկա, կորստից փրկվեց նրա շուրջ երեսուն տարվա աշխատանքը: Սա իմ անդրանիկ գիրքն է, հորս մտահղացումն է, էլի Անդրանիկ, Անդրանիկ Մարգարյանի հովանավորությամբ եւ տղայիս` Անդրանիկի նեցուկ լինելն է, այսինքն` գիրքս նաեւ արդյունք է երեք Անդրանիկների»:

Գիրքը ծայրից ծայր Վ. Քոչարն է մուտքագրել համակարգիչ, սրբագրել եւ նկարները մշակել: Անվանումը մի քանի անգամ է փոխվել` լինելով «Հայ լուսանկարչության պատմություն», ապա` «Հայ լուսանկարչության երախտավորները» եւ այլն: Գիրքն ի վերջո հրատարակվել է «Հայ լուսանկարիչներ» անվան ներքո: Սկզբնական մասում հեղինակը նշում է, որ ստույգ չգիտեր, թե հայրն ինչպես կանվաներ գիրքը, սակայն. «պահպանված արժեքավոր նյութի հիման վրա ստեղծված սույն վերնագրով մի գիրք ընթերցողի սեղանին դնելը միշտ հոգուս պարտքն եմ համարել»:

Գիրքը եզակի է նրանով, որ առաջին անգամ հայ հասարակությանն է ներկայացնում բոլոր հայտնի հայ լուսանկարիչներին եւ նրանց արժեքավոր գործերը: Հինգ հարյուր երեսունի չափ աշխարհի տարբեր ծայրերում ապրող կամ գործունեություն ծավալած հայ լուսանկարիչները գրքում ներկայացված են չորս եղանակով` միայն լուսանկարն ու անվանումը, կենսագրականն է դիմանկարի հետ կամ դիմանկար, կենսագրական եւ մի քանի գործեր: Կան նաեւ լուսանկարիչներ, որոնց միայն անուն ազգանուններն է հայտնի: Բոլորի գործերը գտնելը շատ դժվար է կամ անհնար, որովհետեւ շատերը չեն պահպանվել: Եղել են դեպքեր, երբ մեկ նկար ստանալու համար ամիսներ են պահանջվել. «Մի ծանոթ ունեմ` Միսակ Ճեվեհիրճյան: Տանը իր պապի նկարը կա, պապն էլ է նույն անուն ազգանունով, որ եղել է սուլթան Աբդուլ Համիդ երկրորդի հարեմի բժիշկը: Փառահեղ մի նկար էր: Ասացի` պարոն Միսակ գալուց այդ նկարը բերեք պատճենեմ, տարեք: Չբերեց: Գնացել էի իրենց տուն, ասացի մի թուղթ տվեք, ես ստորագրություն տամ, որ նկարը տանում եմ: Իսկապես բերեց, գրեցի, ստորագրեցի, առա եկա: Տարա, վերադարձրեցի, ասեց պապիս մասին հոդված կա ակադեմիայի «Տարեգիրք» ամսագրում, դրա համար էլ ստորագրություն տվեցի, վերցրեցի...»:

Մինչ լուսանկարիչները մենք ծանոթանում ենք նրանց ու լուսանկարչատների կնիքներին: Գրքում խոսվում է լուսանկարչության գյուտի, ապա հայկական լուսանկարչության սկզբնավորման եւ լուսանկարիչների գործունեության մասին: «Նաեւ նշել եմ` եթե հետաքրքրություն կառաջանա, հետագայում այն կվերահրատարակվի թե՛ ճշտված, թե՛ ամբողջացած ու գունավոր տարբերակով, երեւի մի քանի հատորով: Համարյա պատրաստ է եւ հավանաբար կլինի` «Պատմությունը հայ լուսանկարիչների գործերում» անվանումով: Բայց հսկայական ժամանակ եմ տրամադրում ու նկարելու բոլորովին ժամանակ չի մնում: Բացի դրանից, չափերը չգիտեմՙ նույնը թողնել, թե փոքրացնել, որովհետեւ շատ լուրջ գումարների մասին է խոսքը»:

Այժմ Քոչարը պատրաստվում է գրքի շնորհանդեսին, որը հավանաբար տեղի կունենա Հայաստանի Ազգային ակադեմիայի պատկերասրահում, հոկտեմբերի 10- 15-ը: Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվելու են գրքում տպագրված շուրջ հիսուն լուսանկարներ:

ԳԱՅԱՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4