(Forty years reflections in the «Mirror»)
Սեպտեմբերի 8-ին Նյութոնի (Մասաչուսեթս) «Նյութոն Մարիոթ» հյուրանոցի մեծ պարահանդեսային դահլիճում մեծ շուքով տեղի է ունեցել Մ. Նահանգներում անգլիատառ առաջին հայկական պարբերաթերթի` «Արմինյն միրոր սփեքթեյթրի» լույս ընծայման 75-րդ տարեդարձի տոնախմբությունը, որին որպես օրվա բանախոս հրավիրվել է CBS News-ի գլխավոր հետազոտող-թղթակից, «Էմմի» մրցանակների (այդ թվումՙ CBS-սպորտի ասպարեզում) դափնեկիր Արմեն Քեթեյյանը:
Հոբելյանական երեկոյին «Գերազանցություն լրագրության ասպարեզում» մրցանակը շնորհվել է հեղինակավոր «Բոստոն գլոբ» պարբերականի հետազոտական բաժնի քանիցս «Պուլիցեր» մրցանակների արժանացած հայազգի ճանաչված լրագրող Սթիվն Քյուրքչյանին, ինչի առթիվ «Ազգը» եւս նրան ջերմորեն շնորհավորում է:
Երեկոյի ամբողջ ընթացքում ուրախ մթնոլորտը վառ է պահել «Արթի Պարսամյան Սուինգտետ» համույթը:
Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք հայտնի հասարակական գործիչ Երվանդ Ազատյանիՙ այդ առթիվ թղթին հանձնած իր քառասնամյա աշխատակցության վերաբերյալ մտորումները: Նա բառախաղային հետաքրքրական ձեւակերպում է տվել իր հոդվածի վերնագրին, որտեղ «Միրորը» թերթի անվանումը լինելուց բացի պահպանում է իր «հայելի» իմաստը: Այսինքնՙ նա հնարավորություն է ընձեռում ընթերցողներին հոդվածի «հայելու» մեջ տեսնելու այդ թերթի հետ իր երկարամյա համագործակցության «արտացոլումը»: Ի դեպ, «ռիֆլեքշն» անգլերեն բառն էլ «մտորում» նշանակելուց բացի նշանակում է նաեւ «արտացոլում»:
Տարին հոբելյանական է: Մ. Նահանգներում անգլերենով հրատարակվող «Արմինյն միրոր սփեքթեյթր» խորագրով հայկական առաջին շաբաթաթերթը նշում է իր ստեղծման 75-րդ տարեդարձը: Հիմնադիրները բոլորն էլ հայերեն լեզվին եւ գրականությանը լավ էին տիրապետում: Ուստի տեղին է հարց տալ, թե թերթն անգլերենով հրատարակելիս նրանք իրենց նախնիներին դավաճանո՞ւմ էին, թե՞ մի նոր առաքելության դիտավորություն ունեին: Պետք է նշել, որ նրանք անկասկած ապագան գուշակելու մեծ կարողությամբ էին օժտված:
Այս հարցը շատ վաղ սկիզբ առավ Ամերիկայի հայ համայնքներում: Հետո անցավ նաեւ մյուս երկրների համայնքներին: Պարզ էր ի սկզբանե, որ լեզվի պահպանման պայքարը հնարավոր չէր հաղթանակի հասցնել, հատկապես այդ ժամանակ` 30-ականների սկզբներին, երբ ոչ ոք չէր կարող հետամուտ լինել այս ափերում հայկական դպրոցներ հիմնելու գաղափարին: «Միրորի» հիմնադիրների համար երկընտրանքը հետեւյալն էրՙ կամ անհույս պայքար մղել պահպանելու լեզուն, որը դատապարտված էր կորստյան, կամ էլ ժամանակին համընթաց քայլել, օգտագործելով գոյություն ունեցող մեխանիզմը` անգլերեն լեզուն, երիտասարդներին գիտելիքներ հաղորդելու, համապատասխան ոգով դաստիարակելու եւ համայնքի շրջանակներում մնալու ձգտում առաջացնելու համար:
«Միրորի» հիմնադիրներն ընտրեցին այս երկրորդ տարբերակը, նոր առաքելությունը, հակառակ որ անհուն սիրով կապված էին իրենց մայրենի լեզվին: Եվ նրանց ընտրությունը արդյունավետ եղավ: Մենք հիմա ունենք մի կենսունակ հայկական համայնք, որի ներկայացուցիչներն իրենց շուկայական գործարքներն անգլերենով կատարելով հանդերձ, մեծագույն գուրգուրանքով պահպանում են մայրենին:
Միեւնույն խնդիրն այլ երկրներում ընտրություն կատարելու այնքան էլ մեծ հնարավորություն չընձեռեց համայնքի ղեկավարներին: Հարավային Ամերիկայում թերթերը մեծ մասամբ սկսեցին հրատարակվել իսպաներեն լեզվով, Ֆրանսիայում` ֆրանսերենով, իսկ Միջին Արեւելքի երկրներում` արաբերենով:
Նույնիսկ Թուրքիայում ամենամեծ տարածում ունեցող թերթերը` «Մարմարան» եւ «Ժամանակը» հետզհետե կորցնում են իրենց ընթերցողներին: Նրանց թիվը նոսրանում է: Իսկ Հրանտ Դինքի «Ակօսը» համայնքի անդամներին համախմբելու նպատակով սկսեց լույս տեսնել հիմնականում թուրքերենով:
Իմ առնչությունները շաբաթաթերթի հետ ընդգրկում են նրա 75-ամյա պատմության 40 տարիները: Դառնալով «Պայքար ասոցիացիայի» գործադիր տնօրենը 1967-ին, ես խմբագրական աշխատանքներ սկսեցի կատարել միաժամանակ ե՛ւ «Պայքար» օրաթերթի (հետագայումՙ շաբաթաթերթ եւ ապաՙ ամսաթերթ), ե՛ւ «Արմինյն միրոր սփեքթեյթրի» համար:
Երբ ես «Պայքար ասոցիացիայի» աշխատակազմին միացա, «Միրորի» հիմնադիրներից երկուսը դեռ ողջ էին, բայց դադարել էին ակտիվ գործունեություն ծավալելուց: Նրանք, սակայն, կարոտախտով համալրված շատ հիշողություններ ունեին հիմնադրման տարիների եւ այն մարդկանց մասին, որոնք իրականություն էին դարձրել իրենց երազանքը:
Հիմնադիրներից մեկը պրոֆ. Իլայշա Բ. Չրաքյանն էր, փիլիսոփայության խոնարհ դասախոսը Նորթիստեռն համալսարանից, որտեղ իր ղեկավարությամբ ես ընդգրկվեցի անգլո-ամերիկյան գրականության դասընթացներում: Նա միշտ իր ձեռքին պատրաստ պահում էր ծխամորճը, երբ իր մտքերն էր դասավորում կամ արտահայտում` շատ հանգիստ, ցածր, գրեթե անլսելի ձայնով կարծես շշնջում էր ականջիդ: Հաճախ էր այցելում «Միրորի» գրասենյակ, բայց հազվադեպ էր հոդվածներ գրում: Ինձ սիրով էր ընդունում իր տանը, որտեղ ինձ սպասում էր նաեւ արիստոկրատական հատկանիշների մարմնացում տիկին Չրաքյանի ջերմ հյուրասիրությունը:
Չրաքյանը միշտ զբաղված էր Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունները, նամակներն ու հոդվածները թարգմանելով, մեկնաբանելով եւ խմբագրելով: Ի վերջո գրքի ձեւով հրատարակեց այդ բոլորը: Նա ազգակցական կապ ուներ արեւմտահայ փիլիսոփաներից (Եղիա Տեմիրճիպաշյանի հետ միասին), մեծագույն բանաստեղծ Տիրան Չրաքյանի (Ինտրա) հետ: Ես մեծ թվով ձեռագրեր էի ժառանգել, որոնք պատկանում էին Ինտրային, եւ իրականում շատ նմանություններ էի տեսնում պրոֆ.-ի եւ նրա զարմիկի միջեւ, սակայն նրան որոշակի սահմանից այն կողմ չկարողացա հետաքրքրել Ինտրայով: Նրան հիշելիս մինչեւ օրս դեռ ծխամորճի հոտն եմ զգում:
Հիմնադիրներից մյուսը, որ դեռ ողջ էր, Պետրոս Նորհատն էր, որը «Միրորի» խմբագրի պաշտոնը թողած այդ ժամանակ խմբագրում էր ՀԲԸՄ-ի «Յուշարար» պարբերականի անգլերեն տարբերակը:
Ամեն անգամ հանդիպելիս նա շատ զգուշավոր եւ մտածված դիտողություններ էր անում թերթի վերաբերյալ, միշտ պահպանելով «սեփականատիրության» զգացումը դրա նկատմամբ:
Մտորելով «Միրոր սփեքթեյթրի» հետ անցկացրած իմ կյանքի մասին, մտքումս մեկառմեկ հայտնվում են խմբագիրների ուրվանկարները, որոնց հետ աշխատակցել եմ լուրեր հավաքելով, հոդվածներ թարգմանելով, խմբագրականներ գրելով եւ արվեստի գործեր մեկնաբանելով: Եղավ ժամանակ, որ խմբագիրներն սկսեցին արագ փոխվել, եւ ես ստիպված էի մինչեւ նորի հայտնվելը վերցնել այդ պարտականությունը: Վեց տարի շաբաթաթերթի «արտադրության խոհանոցում» աշխատելուց հետո ես դարձա ՌԱԿ լրատվական դիվանի նախագահը: Սկսեցի գրել ինձ հատկացված որոշակի սյունակի հոդվածները, նաեւ թերթի խմբագրականները:
Առաջին խմբագիրը, որի հետ աշխատակցեցի, Վարուժան Սամուելյանն էր, որն իր հատուկ շաբաթական սյունակն ուներ «Juicy Tidbits» («Համով (հյութեղ) պատառիկներ») խորագրով: Այդ պատճառով էլ մարդիկ նրան «Ջուսի» էին անվանում: Ուոթերթաունում շատերն էին նրան ճանաչում: Նա դարձել էր «ժողովրդական հերոս»: Երդվյալ ամուրի էր, սիրում էր քայլել եւ տան ճանապարհին հաճախ էր կանգ առնում նպարավաճառի կամ հնակարկատի խանութներում, ատամնաբույժի աշխատասենյակում կամ թաղման բյուրոյի գրասենյակում: Այդ վայրերում քաղաքացիների հետ ունեցած իր զրույցների հիման վրա էլ գրում էր հոդվածները, որոնք միայն Ուոթերթաունին վերաբերելով հաճախ դրսի ընթերցողների համար անհասկանալի էին դառնում: Նա Ուոթերթաունից դուրս չէր եկել, բացի Երկրորդ համաշխարհայինի ժամանակից, երբ զորակոչվել էր բանակ: Հիշում եմ, հաճախ էր պաշտոնից հրաժարվում կամ հեռացվում (չորս անգամ իմ աշխատակցության ժամանակ), բայց երբեք ոխ չէր պահում, եւ երբ էլ խնդրեին, վերադառնում էր աշխատանքի: Իր բացակայությունների ժամանակ ես էի նրան փոխարինում:
Պարբերականի աշխատակազմը դառնաքաղցրավուն արտահայտություններով է վերհիշում նախորդ խմբագիր Բոբ Վահանին, որը վարչության հետ որոշ խնդիրներ ունենալով, հեռացավ պաշտոնից: Հետադարձ հայացքով այժմ տեսնում եմ, թե ինչպես տարաձայնություններ կարող էին առաջանալ երիտասարդ ու կրթված մի խմբագրի եւ աշխատանքին նվիրված, ջանասեր ու զոհողությունների գնացող, բայց պահպանողական եւ ժամանակից հետ մնացած վարչության անդամների միջեւ:
Հելեն Փիլիպոսյանը մտավորականության շունչը բերեց խմբագրություն: Չնայած երբեմն չէր կարողանում իրադարձությունների արագ հոսքի հետ քայլք պահել, նա բառիս բուն իմաստով բանաստեղծուհի էր, հանգիստ, բարի, աշխատասեր մի խմբագիր, որն իր աշխատանքին նվիրվածությունը ժառանգել էր հորից` Խաչատուր Փիլիպոսյանից, թերթին առատաձեռն օժանդակություն ցուցաբերող ազնվագույն անձնավորությունից: Հելենի «գաղտնի զենքը» նրա ամուսինն էր` Հակոբ Սարգսյանը, որը քաջատեղյակ էր ինչպես հայոց պատմությանը, այնպես էլ քաղաքականությանը եւ աշխատակցել էր «Պայքար» ու «Զարթօնք» թերթերին:
Ջեկ Անդրեասյանը որպես խմբագիր երկար չաշխատեց: Նա ժամանակ առ ժամանակ աշխատակցել էր «Միրորին», բայց նրա մեծագույն նպաստը «Արարատ» եռամսյա պարբերականի լույս ընծայումն էր: Բազմաթիվ գրքեր էր հեղինակել եւ թարգմանել: Ծառայել էր ՀԲԸՄ-ին եւ Հայաստանյայց թեմին, արտակարգ գրողի եւ կազմակերպչի իր ընդունակությունները հաշվի առնելով հույս ունեինք, որ թերթը հսկայական փոփոխությունների կենթարկվի: Բայց նրա ծրագրերը չափազանց մեծ էին մեր կազմակերպության համեստ բյուջեի համար: Նյու Յորքից Բոստոն ժամանելով ամեն շաբաթ նա սկզբում երեք օր էր մնում այնտեղ թերթը տպագրության հանձնելու համար: Հետո սկսեց երկու օր մնալ, իսկ ավելի ուշ` մեկ օր: Պաշտոնավարության վերջին շրջանում նա ինձ էր ուղարկում թերթի նախնական օրինակը, եւ ես հետեւում էի, որ հրատարակվի: Բայց խմբագրական աշխատանքի նման հեռակառավարման տարբերակը չէր կարող շարունակվել, մանավանդ որ այդ ժամանակ թերթը չուներ այսօրվա տեխնիկական հագեցվածությունը:
Այդ ընթացքում տպագրիչների հետ համագործակցելով այն աստիճանի էի հմտացել թերթի ձեւավորման գործում, որ տպարանատերն ինձ առաջարկեց նոր աշխատանքի անցնել, բայց ես հրաժարվեցի:
Մի որոշ ժամանակ էլ եղավ, որ մենք հայկական ծագումով խմբագիր չկարողացանք գտնել, եւ ստիպված եղանք աշխատանքի վերցնել Հարվարդի իրավաբանական ֆակուլտետից մի ուսանողի` Բիլ Քելլի անունով, որը բանիմաց էր եւ լավ էր գրում: Նրա աշխատանքը սկզբնական շրջանում շատ տպավորիչ էր: Բայց նա տեղյակ չէր հայկական համայնքի զգացողություններին: Ոչ էլ ջանք էր թափում տեղեկանալու: Ստիպված էի անձամբ հետեւել եւ ղեկավարել այդ ժամանակահատվածի համարների լույս ընծայումը: Մի օր էլ առանց այլեւայլի նա հեռացավ մեզնից, մենք նրանք այլեւս չտեսանք: Բայց պետք է նոր խնբագիր գտնեինք:
Օգնության հասավ Բարբարա Մերկերյանը: Հարվարդից ռուսական պատմության դոկտորի աստիճան ստացած գիտաշխատողը հսկայական համայնքային փորձառություն ուներ: Հայտնի հասարակական գործիչ էր որպես NAASR-ի (Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիա) հրատարակությունների տնօրեն եւ AIWA-ի (Կանանց միջազգային ասոցիացիայի) անդամ: Նա շատ բարձր որակավորում ուներ եւ որեւէ գիտական հիմնարկություն սիրով աշխատանքի կընդուներ նրան բարձր աշխատավարձով: Նա երկու անգամ համաձայնեց թերթի խմբագրի պաշտոնը ստանձնել, մեր համագործակցությունը չափազանց արդյունավետ եղավ: Երկուսս էլ հասկացանք, որ որոշակի սահմանից այն կողմ չենք կարող մեկս մյուսին պարտադրել: Ընտրեցինք մեզ հետաքրքրող ոլորտները: Նա խուսափում էր ՌԱԿ-ի քաղաքական ծրագրերի հետ գործ ունենալուց, իր տարերքի մեջ էր, երբ հարցը կանանց իրավունքներին էր վերաբերում:
Հետադարձ հայացք գցելով պետք է խոստովանեմ, որ Բարբարայի հետ համագործակցելուց շատ բան սովորեցի: Նա գիտեր շատ նուրբ ձեւով իր ասելիքը փոխանցել ուրիշին, մի հատկանիշ, որ ես հիմա շատ եմ գնահատում:
Արա Գալայճյանն ասուպային արագությամբ բարձրացավ խմբագրի պաշտոնին: Դա հաճելի անակնկալ էր բոլորիս համար, որովհետեւ իր կյանքի մեծ մասը անցկացրել էր Երուսաղեմի միաբանությունում եւ նման սահմանափակ միջավայրից գալով, ենթադրվում էր, որ դժվարահաղորդ է լինելու: Բայց նա այդպիսին չէր: Բեղուն գրիչ ուներ եւ գրում էր մաքուր, գրական հայերենով: Նա զարմանալի սահուն անցում կատարեց անգլերենին: Նույնիսկ քաղաքական կյանքի բարդ իրավիճակներին այդքան շուտ ընտելանալը զարմանք պատճառեց բոլորիս: Հանրագիտարանային մտածողություն ուներ եւ անծայրածիր հիշողություն: Տեղեկությունների շտեմարան էր, եւ որեւէ պատմական փաստի կամ իրադարձության վերաբերյալ հարցի կա՛մ պատրաստի պատասխան ուներ, կա՛մ էլ ընդամենը 30 րոպե կպահանջվեր, որ գտներ պատասխանը:
Այդ պատճառով էլ նրա հիշողության կորուստը բոլորիս համար ողբերգական իրադարձություն եղավ: Երկար ժամանակ երեւույթների հանդեպ անտարբեր լինելուց հետո նա վերջնականապես հաշմանդամ դարձավ: Նրա գրություններըՙ հայերեն թե անգլերեն, ընդմիշտ մնալու են որպես հարուստ ժառանգություն գերազանցապես պայծառ մի մտավորականի, որն իր եռանդի ամենածաղկուն շրջանում անձնվիրաբար ծառայեց «Միրորին»: Նրա խմբագրության շրջանում էր, որ մեր բարերարներից Ռուբեն Թերզյանը նյութական եւ տեխնիկական իր անգնահատելի օժանդակությամբ թերթին տվեց ավելի արդիական եւ առավել դինամիկ ձեւ ու բովանդակություն:
Ալին Գրիգորյանը գլխավոր խմբագրի պաշտոնն ստանձնեց թերթի համար չափազանց ծանր ու դժվարին ժամանակներում: Նա պետք է դիմագրավեր բազում մարտահրավերներ, սկզբնական շրջանում աշխատում էր կես դրույքով, ամբողջովին անծանոթ էր թերթի սկզբունքներին, նրա մայր կազմակերպության քաղաքական ծրագրերին եւ յուրահատկություններին համայնքի այն որոշակի հատվածի, որին «Միրորը» ավանդաբար ծառայել էր:
Բայց շնորհիվ իր պրոֆեսիոնալիզմի, նա հաղթահարեց այդ բոլոր դժվարությունները եւ պահպանեց, եթե չասենքՙ բարելավեց, լրագրության այն մակարդակը, որն ընթերցողը ակնկալում է որեւէ խմբագրից: Իմ շաբաթական հանդիպումները նրա հետ չափազանց բեղմնավոր էին եւ շարունակում են այդպիսին մնալ:
Խմբագիրներից բացի, շատ այլ սյունակագիրներ իրենց լուման են ներդրել թերթն առավել բովանդակալից դարձնելով: Այս հոդվածում նշեցի սոսկ նրանց անունները, ովքեր զբաղեցրել են խմբագրի պաշտոնը: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ես ոչ ոքի անունը բաց չեմ թողել: Վստահ եմ, եթե կա այդպիսին, ապա նա խմբագրին կգրի եւ ես սիրով կընդունեմ իմ բացթողումը:
Բայց կա մի գրող, որին չի կարելի անտեսել, որովհետեւ հսկայական ծառայություն է մատուցել թերթին, չնայած պաշտոնապես խմբագիր չի նշանակվել: Անցած 50 տարիների ընթացքում կամավոր օգնության ձեռք է մեկնել շատ խմբագիրների: Դա Արմինե Տիքիճյանն է, որի Նյու Յորքից հաղորդումները մեծապես փնտրված նյութեր են եղել բոլոր ժամանակների ընթերցողների համար: Նա գրում էր համայնքին հուզող ամենատարբեր խնդիրների մասին: Մարդիկ հանդիսությունների ժամանակ ուղղակի ցանկանում էին երեւալ նրա աչքին, որպեսզի հիշատակվեն իր առաջիկա հոդվածում: Սկզբունքային էր եւ սիրում էր հաճոյախոսել: Չէր թողնում, որ կարծիքների տարբերությունները հասնեն «ճգնաժամային» տարաձայնությունների: Մեծապես գնահատելի էին նրա ներդրումները եւ նրա կորուստը անչափելի էր «Միրորի» համար: Նրան փոխարինող դժվար թե գտնվի:
***
Շարունակելով համագործակցությունս այդ թերթի հետ, ես հայելու մեջ կարծես տեսնում եմ անցած 40 տարիների փորձառությունս, որն օգնել է ինձ գտնել առաջ գնալու ճիշտ ուղին եւ հեռանկարային առումով նաեւ գուշակել ապագան:
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ