Չունենալով անկախության տոն, Մեծ Բրիտանիան որպես ազգային տոն նշում է թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ծննդյան օրը: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն այս տարի Եղիսաբեթ Երկրորդի ծննդյան 81-րդ տարեդարձը նշեց Մայր աթոռ Սբ. Էջմիածնում, քանի որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով Հայաստանում է Անգլիկան եկեղեցու հոգեւոր առաջնորդ, Քենթրբերիի արքեպիսկոպոս Ռուան Ուիլյամսը: Նա դիրքով Միացյալ Թագավորությունում հաջորդում է թագավորական ընտանիքին եւ նախորդում վարչապետին:
Մեծ Բրիտանիայի թագուհու ծննդյան երեկվա հանդիսությանը Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Էնթոնի Քանթըրը հիշեցրեց, որ անցյալ տարի թագուհու 80-ամյակը նշվեց Զվարթնոց տաճարում, իսկ այս տարիՙ 81-րդ տարեդարձը նշանավորվում է նաեւ թագուհու գահակալության 55-րդ տարով, ինչպես նաեւ Եղիսաբեթ Երկրորդի եւ արքայազն Ֆիլիպի ամուսնության 60-ամյակով:
Հանդիսությանն առաջինը Մեծ Բրիտանիայի դեսպանի խոսքով, ներկաները բաժակ բարձրացրին Հայաստանի Հանրապետության նախագահի կենաց, այնուհետեւ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի ձեռքով կենաց բարձրացվեց ի բարօրություն եւ առողջություն Մեծ Բրիտանիայի թագուհու: Ընդ որում, երկու կենացներից հետո համապատասխանաբար հնչեցին Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի օրհներգերըՙ հայտնի երգչուհի Աննա Մայիլյանի կատարմամբ:
Ի թիվս թագուհուն ուղղված բարեմաղթանքների, Վարդան Օսկանյանը նշեց, որ բավականին հետաքրքրական է պառլամենտարիզմի հայրենիք համարվող Մեծ Բրիտանիայի համար պատմության եւ պետության նման զուգակցումը, երբ ազգային տոնը թագուհու ծննդյան օրն է:
Եռօրյա այցով Հայաստանում գտնվող Քենթրբերիի արքեպիսկոպոս Ռուան Ուիլյամսը ներկաներին ողջունելով ընդգծեց, որ թագուհու ծննդյան տոնակատարությունը Հայաստանում երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության արտահայտություն է: Անգլիկան եկեղեցու առաջնորդի խոսքերով, Հայաստանի մասին նա առաջին անգամ տեղեկացել է պատմության դասագրքերից, երբ այդ կերպ ծանոթանում էր հայոց մշակույթի, ճարտարապետության, պատմության ողբերգական անցյալին: «Եվ երբ ես նայում եմ այս ժողովրդի, լեզվի, բարձրարժեք պատմության վկայություններին, դժվար է հասկանալ, թե ինչպես նման ժողովուրդը չի ունեցել պետականություն... Բայց մենք տեսնում ենք, որ ձեր հին պատմությամբ եւ երիտասարդ պետականությամբ երկիրն առողջ է եւ բարգավաճում է»:
Քենթրբերիի արքեպիսկոպոսն ընդգծեց նաեւ հայ ժողովրդի պատմության ընթացքում Հայ առաքելական եկեղեցու դերակատարությունը, կարեւորելով, որ այսօրվա իրականության մեջ մեր երկրում տեսանելի է համագործակցությունը պետության եւ եկեղեցու միջեւ: Հյուրընկալող դեսպանից թույլտվություն խնդրելով, Անգլիկան եկեղեցու առաջնորդն առաջարկեց խմել հայ եկեղեցու եւ հայ ժողովրդի կենացը:
Ներկաներին իր բարեմաղթանքն ուղղեց նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսը: Գարեգին Երկրորդն ընդգծեց, որ Անգլիկան եկեղեցու առաջնորդի հետ շարունակում են զորացնել երկու եկեղեցիների դարավոր կապերը, հաստատելով, որ պետք է համատեղել ջանքերը մարդկության կյանքի բարօրության եւ առաջընթացի համար: «Մենք մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված, զորացնելու ժողովուրդների բարեկամությունը, որ խաղաղության մեջ պահի աշխարհը, անսասան պահի Մեծ Բրիտանիան, երկար կյանք պարգեւի թագուհուն եւ բարօրություն ժողովրդին»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ