5 տարի առաջ, Հայաստանում հավատարմագրված դեսպանների եւ դիվանագետների կանանց համախմբելով, տկն Նանի Օսկանյանը հիմնադրեց «Դիվանագետների կանանց ասոցիացիան», որն իրականացնում է երկու տասնյակ բազմաբնույթ բարեգործական ծրագրեր: «Ազգը» զրուցեց ասոցիացիայի տնօրեն Նանի Օսկանյանի հետ եւ տեղեկացավ, որ արդեն, ավանդույթի համաձայն, սեպտեմբերի 23-ին, ժամը 12-19 «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում կայացավ կանանց եւ երեխաների համար ծրագրեր հովանավորելու նպատակով կազմակերպվող «Բազար եւ վիճակահանություն» միջոցառումը: Տոնավաճառին մասնակցեցին Հայաստանում հավատարմագրված դեսպանությունները, պատվո հյուպատոսությունները, մեր երկրի գործարարներըՙ ցուցադրելով իրենց արտադրանքը, իրենց երկրի հուշանվերներն ու կերակրատեսակները:
«Դիվանագետների կանանց ասոցիացիան» այսօր ունի 43 անդամ, որոնք սիրահոժար մասնակցում են բարեգործական ծրագրերին: Օր-օրի Հայաստանում նոր դեսպանատներ ու հյուպատոսություններ են բացվում, նշեց տկն Օսկանյանը, եւ այս տարվա «Բազարն» էլ ավելի ընդգրկուն եղավ, քանի որ ե՛ւ Բրազիլիայի, ե՛ւ Ղազախստանի դեսպան կանայք միացան մեր ծրագրին, որը շատ գնահատելի քայլ է, եւ ես հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր դեսպաններին, որ մեզ հետ ծառայում են մեր երկրի առաջընթացին: Առիթը օգտագործելով հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել 1-ին «Բազարի» հովանավոր առաջին տիկին Բելա Քոչարյանին, այնուհետեւ հաջորդիվ` «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ եւ Զինա Վարդանյաններին, «Վիվասելի» տնօրենությանը եւ այս 5-րդ «Բազարի» գլխավոր հովանավոր, ACVATEK-ի ղեկավար Խաչատուր Խաչատրյանին»:
Ինչպես նշեց տկն Օսկանյանը, բարեգործական ծրագրերի շրջանակում ասոցիացիան երկու տարի առաջ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի թիվ 1 մանկապարտեզին ապահովել էր կահույքով, սպիտակեղենով, խոհանոցի պարագաներով: Անցած ուրբաթ ասոցիացիայի խորհրդի նոր անդամներն այցելեցին Արմավիրի մարզ, ճանաչողական էքսկուրս կազմակերպեցին թիվ 1 մանկապարտեզում, որը հիմնովին վերանորոգումից հետո իր դռները բացել է սաների առաջ, որոնք էլ իրենց շնորհակալությունը հայտնեցինՙ երգ ու պարով հանդես գալով:
Հաջորդ գյուղը, որ այցելեցին հյուրերըՙ Լեռնագոգն էր: Սեպտեմբերի 1-ին շքեղ ու լուսավոր միջնակարգ դպրոցն իր դռները բացեց աշակերտների առջեւ: Միայն երազել կարելի է, որ մեր երկրի դպրոցները գոնե կիսով չափ վերանորոգվեն այնպես, ինչպես Լեռնագոգի դպրոցը, որը նույնպես «Մանուկների հիմնադրամի» ու բարերարների ջանքերով իրականացվեց: Ինչպես ասաց ՀՀ-ում հավատարմագրված Բրազիլիայի դեսպան տկն Ռենատա Սիլեյը. «Ես շատ տպավորված եմ կատարված աշխատանքներից եւ սիրով կմասնակցեմ ծրագրերին, քանի որ տեսա, թե ինչ կարեւոր գործերի համար են ծախսվել ասոցիացիայի հանգանակած գումարները»: Նանի Օսկանյանը նույնպես գոհ էր, որ իրենց ծրագրերը գյուղերի զարգացման լավագույն խթան են դարձել:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ